Բարձրաստիճան ոստիկանները` Վանաձորում. հայտնաբերվել է տղամարդու դիակ
Այսօր Վանաձորի ոստիկանության բաժնում ահազանգ են ստացել, որ Տիգրան Մեծի-54 շենքի բակում տղամարդու դիակ կա: Այս պահին Վանաձորում գտնվող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ դիակի վրա առկա են բռնության հետքեր, իսկ սպանվածը, ինչպես քիչ առաջ է պարզվել, 70-ամյա վանաձորցի Միշա Կիրակոսյանն է:
Նրա փոխանցմամբ` դեպքի վայրում են գտնվում մեծ թվով իրավապահներ` ոստիկանության Լոռիի մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանի գլխավորությամբ: Այստեղ են նաեւ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանը, Վանաձորի ոստիկանապետը, նաեւ դատաբժիշկը, փորձագետն ու քրեագետը:
Փաստի առթիվ ՀՀ Քր. օր.-ի 104-րդ հոդվածի 1-ին մասով («Սպանություն») հարուցվել է քրեական գործ:
Մի քանի ժամ անց իրավապահները սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Տիգրան Մեծի 54 շենքի բնակիչ, «Գիվի» մականվամբ, նախկինում 10 անգամ դատապարտված 51-ամյա Գեւորգ Սեյրանի Միրաքյանը:
Պարզվել է, որ գիշերը Տիգրան Մեծ փողոցի բնակարանում վերջինս «Մշկո» մականվամբ Միշա Կիրակոսյանի հետ կերուխում է արել, եւ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գիվին հենց Կիրակոսյանի ձեռնափայտով մի քանի անգամ հարվածել է վերջինիս գլխին եւ մարմնի տարբեր մասերին: Այնուհետեւ, երբ տեսել է, որ նա մահացել է, դիակը դուրս է հանել բնակարանից եւ թողել բակում:
Սպանվածը նախկինում 11 անգամ դատապարտված է եղել:
Լուս.` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել