
«Ես ժամը 10-ին եմ եկել Պուշկինի փողոց, դրա համար էլ իմ մեքենաս հմի «Ասպարեզի» դիմաց կանգնած է, թե չէ 10:30-ից արդեն 7 խաչմերուկն էլ փակ էր: Տղեքը կզանգեն, թե չենք կրնա հասնի, միլիցեքը կանգնած են, ավտոներով փակել են»,-պատմեց վրացական համարանիշով մեքենատերերից գյումրեցի Արմենը:
Նախորդ օրը հայտարարվել էր, որ բողոքի ձայն բարձրացրած վարորդները ժամը 11:30-ին հավաքվեն ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դիմաց, որպեսզի ժամը 12-ին խաղաղ երթով շարժվեն Բավրայի մաքսակետ:
Առավոտյան ժամը 10-ից Պուշկինի փողոցից դեպի կենտրոնական` Հաղթանակի պողոտա, Գորկի եւ Տերյան փողոցներ տանող 12 նրբանցքների մոտ կայանած ոստիկանական խմբերը փորձում էին արգելել երթի մասնակիցներին համախմբվել:

Ինչո՞ւ էր այդ ժամին բլոկադայի մեջ հայտնվել «Ասպարեզ» ակումբի շրջակա տարածքը` հարցին, ոստիկանները պատասխանում էին, որ իրենց ներկայությունը պայմանավորված է ակումբի դիմացը գտնվող թիվ 25 դպրոցի անվտանգությամբ: Ո՞ւմից կամ ինչի՞ց էին պաշտպանում դպրոցը հավաքված ոստիկանները, այդպես էլ որեւէ տրամաբանական բացատրություն չհնչեց:
Երեւանից Գյումրի հասած «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանն ու ՀԱԿ-ի տեղի ներկայացուցիչները փորձում էին ամեն կերպ սատարել հավաքվածներին, թեպետ, ինչպես խոստովանեցին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ խնդիրը ներկայացրած պատգամավորները, այս պահին մխիթարական քիչ բան կա, եւ կառավարությունը հակված չէ գնալ զիջումների:

«Գրպաններում փող կա, թող վճարեն, բառացի պատասխանը եղել է սա, ըստ որում, ասում են` մենք գիտենք, որ այդ ավտոմեքենաների կեսը բավականին թանկարժեք են,-հավաքվածներին փոխանցեց կառավարությունից ստացած պատասխանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը,-թե ինչ գործ ունի ՀՀ կառավարությունը իր քաղաքացու գրպանի պարունակության հետ, էն գրպանի, որի լցվելուն ինքը ոչ մի կերպ չի օժանդակում եւ հիմա բառացիրորեն գրպանահատությամբ է զբաղված. սա է,որ լուրջ մտորումների տեղիք է տալիս»:
Լուրջ մտորումների տեղիք էր տալիս նաեւ խաղաղ երթի մասնակիցների ազատ տեղաշարժի չպատճառաբանված արգելումը ոստիկանության կողմից:

«Այն, ինչ էս պահին կատարվում է Գյումրիում, մարդու Սահմանադրական իրավունքի կոպիտ խախտում է,-նշեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը,-չկա խցանում, չկա մեքենանների կուտակում, եւ բացարձակ կարիք չկար, որ այսքան ոստիկան, այսքան պետական միջոցներ ծախսվեն այս պահի դրությամբ այստեղ: Բացի դրանից, ունեմ տեղեկություններ, որ վարորդներին պարբերաբար վախեցրել են, այսպես ասած` խորհուրդ են տվել, որ չմասնակցեն բողոքի ակցիային: Մենք այստեղ ենք, որպեսզի թույլ չտանք որ նրանց իրավունքները ոտնահարվեն»: Զ. Փոստանջյանի համոզմամբ, այս ամենը Հայաստանում գործող օլիգարխիկ տնտեսական համակարգի եւ հաստատված ֆեոդալական կարգերի հետեւանք է:
Երբ երթի մասնակիցները, տարատեսակ խոչընդոտներ հաղթահարելով, հավաքավեցին ( հինականում ոստիկանների պատնեշը, որոնք չգիտես ինչու վարորդներից պահանջել են անպայման անձնագիր ներկայացնել Պուշկինի փողոց մտնելու համար) նշանակված ժամից 15 րոպե ուշացումով, որոշում ընդունվեց ուղություն վերցնել դեպի Բավրայի մաքսակետ:

Երթին մասնակից վրացական համարանիշերով մեքենաներին, որպես համերաշխության նշան, միացել էին նաեւ հայկական պետհամարանիշերով մեքենատերեր: 100-ից ավելի մեքենա Գյումրիից հասավ Բավրայի մաքսակետ, որտեղ, նախնական պայմանավորվածության համաձայն, պիտի նրանց միանային ջավախքցիները:

Սակայն անհայտ պատճառներով ջավախքցիներն այդպես էլ չմիացան գյումրեցիների, թեպետ 1 ժամից ավելի ակցիայի մասնակիցները, անտեսելով սաստիկ ցուրտը, մնացին հավաքված մաքսատան դիմաց: Զարուհի Փոստանջյանը երթի մանակիցների անունից Բավրայի մաքսակետի տնօրինությանը փոխանցեց 4 կետից բաղկացած պանանջը, այն է`
1. Հայաստանում վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների երթեւեկության համար վերականգնել այն օրենսդրական ռեժիմը, ինչ գործում էր մինչ 2010 թ.-ի վերջը:
2. Հայաստանում վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների երթեւեկության հին ռեժիմի վերականգնման հետ մեկտեղ, առաջարկում ենք ամսական մեկ անգամ սահման հատելու պարտադրանքի փոխարեն մտցնել ամսական վճար` 2000-ական դրամ, որը այդ մեքենաների վարորդներս պարտավոր կլինենք վճարել պետական բյուջե առանց սահմանը հատելու:
3. Արմատապես բարեփոխել ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման վճարների հաշվարկի համակարգը, դրույքաչափերը եւ վճարները, այնպես, որ շարքային քաղաքացիներիս համար շահեկան լինի մեքենաներ ներկրել եւ մաքսազերծել:
4. ՀՀ գործող օրենսդրության մեջ այնպիսի փոփոխություններ կատարել, որ հնարավոր դառնա վրաստանյան պետհամարանիշերով ավտոմեքենաների վարումը լիազորագրով վստահել այլ անձանց:
Բացի դրանից, քանի որ կային մարդիկ, ում մեքենաների մաքսազերծման ժամկետը լրացել էր, ու նրանք կանգնել էին խնդրի առաջ, պահանջների ցանկին ավելացավ եւս մեկը` երկարացնել այդ ժամկետը առնվազն մեկ ամսով: Պահանջը փոխանցվեց մաքսատան տնօրինությանը, իսկ ակցիայի մասնակիցները, որոշեցին պատասխանի համար սպասել 20 րոպե եւ բացասական պատասխանի դեպքում փակել միջպետական ճանապարհը:
«Ես երեկ չէ առաջի օրը եւ երեկ, ամբողջովին հնչեցրել եմ ձեր պահանջները: Ես միանշանակ կարծում եմ, որ այն պահանջները, որ դուք դրել եք, ամբողջովին օրինական են եւ օրենքի տեսանկյունից, նկատի ունեմ սահմանադրությունը մեր, եւ բարոյականության տեսանկյունից: Որովհետեւ, կառավարություն, իշխանություն, որ չի մասնակցում ձեզ եկամուտներ բերելու գործում, իրավունք չունի ձեր եկամուտները խլել,-մաքսատան դիմացը կազմակերպված ինքնաբուխ հանրահավաքին հայտարարեց «Ժառանգության» մյուս պատգամավորը` Արմեն Մարտիրոսյանը,-մի կառավարություն, իշխանություն, որը չի կարողանում գնաճը պահպանել, սոցիալական լարվածությունը մեղմացնել, նման իշխանությունը իրավունք չունի ձեզանից գումարներ պահանջելու: Սա հակահայկական քաղաքականություն է, որ այսօր վարում է մեր կառավարութունը, սա հայաթափման քաղաքականություն է»:
Ինչպես եւ սպասվում էր, Բավրայի մաքսակետից հնչած պատասխանը բացասական էր: Արդյունքում 15 րոպե ճանապարհային երթեւեկությունը կաթվածահար եղավ մայրուղու այդ հատվածում, որից հետո վրացական պետհամարանիշերով մեքենատերերի շարասյունը շարժվեց Գյումրի:

Գյումրիի թատերական հրապարակում ակցիայի մասնակիցները մուրացկանին ողորմություն տալու սիմվոլիկ մի ժեստ արեցին: Հավաքված գումարը պատգամավորները կփոխանցեն կառավարություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել