HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Վտանգված է ազգի գենոֆոնդը

Բնակչության 57 տոկոսը ապրում է ծանր աղտոտման պայմաններում

Այս մասին ահազանգում է ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյան: «Հանքալեռնային արդյունաբերությունը վերջին տասնամյակներում աշխատել է առանց վերահսկողության և բարձիթողի վիճակում:

ՀՀ օրենսդրությամբ նրանք պարտավոր են չեզոքացնել վտանգավոր թափոնները, սակայն դա չի իրականացվել և՛ օբյետիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով, և այսօր հողերը սպունգի պես քաշում են այդ թույները»,- ասում է նա: Ըստ նրա` վերջին տարիներին ընթացող անկառավարելի պրոցեսները բերել են հողերի` ծանր մետաղներով աղտոտման, իսկ աղտոտիչներն հողից անցնում են գյուղմթերքներին, մինչդեռ առավելապես երեխաների օրգանիզմը պատրաստ չէ դիմակայել թույներին: Ա. Սաղաթելյանը նշում է նաեւ, որ կան մի շարք միջոցներ` չեզոքացնելու այդ թույները, օրինակ`հողերին խառնել կլանիչներ, որպեսզի այդ տարրերը չխառնվեն բույսերին:

«Երեւան քաղաքի հողերը աղտոտված են, եւ բնակչության 57 տոկոսն ապրում է ծանր աղտոտման պայմաններում, եւ հենց այդ պայմաններում էլ աճեցնում են գյուղմթերքը»,- ասում է ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի շրջակա միջավայրի երկրաքիմիայի լաբորատորիայի վարիչ, գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանը: Կենտրոնը շրջակա միջավայրի հետ կապված բազմաթիվ հետազոտություններ է կատարում, մեծ ուշադրություն են դարձնում նաեւ գյուղմթերքին: Լիլիթ Սահակյանի խոսքերով`գյուղական շրջաններում դաշտերը ոռոգվում են լեռնահանքային արդյունաբերության արգասիքներով աղտոտված ջրերով. «Մեր բոլոր հետազոտած տարածքներում` Ղափան, Քաջարան, Ալավերդի, Ախթալա, հայտանաբերեցինք, որ գյուղմթերքի բոլոր տեսակները աղտոտված են շատ ծանր մետաղներով, այդ թվում նաեւ` սնդիկով, արսենով, կադմիումով եւ այլն, որոնք հանդիսանում են վտանգավորության առաջին տարրեր»: Մասնագետները առաջիկայում գնալու են Ախթալա ու Ալավերդի:

Նրանք բնակիչներին առաջարկելու են աճեցնել այնպիսի մշակաբույսեր, որոնք առավել քիչ կլանունակ են ծանր մետաղների նկատմամբ, իսկ հողը մշակելիս կիրառել ծանր մետաղները կապող նյութեր, մասնավորապես` գոմաղբ: Ծանր մետաղներով աղտոտվածության դեմ պայքարը, բանախոսի փոխանցմամբ, բավականին ծախսատար է, և կենտրոնն աշխատում է միջազգային գործընկերների հետ` նպատակ ունենալով նաեւ տեղայնացնել միջազգային փորձը:

Լ. Սահակյանի խոսքերով` համատեղ մշակվել է ծրագիր, եւ ֆինանսավորման դեպքում իրենք կկարողանան իրականացնել մի շարք միջոցառումներ. «Հույներն առաջարկել են Եվրոպական FP7 ծրագրում ընդգրկվել, որի շրջանակներում ՀՀ-ին կհատկացվեն ֆինանսական ռեսուրսներ»: Կենտրոնը ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում 6 տարի շարունակ ուսումնասիրություններ է կատարել նաեւ սահմանային կետերում` ստուգելով 40 ցուցանիշներ:

«Մեր սահմաններից դուրս եկող ջուրը համապատասխանում է միջազգային նորմերին»,- վստահեցնում է Արմեն Սաղաթելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter