HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վրացական համարանիշ ունեցող երկու վարորդ հրավիրվել է ոստիկանություն

Այսօր առավոտյան Շիրակի մարզային ոստիկանության Ախուրյանի բաժին են հրավիրվել վրացական համարանիշերով մեքենատերերից 2-ը, ովքեր մասնակցել էին երեկ դեպի Բավրա կազմակերպված երթին: Նրանց պարզաբանվել է, որ բաժնի պետ Վահրամ Ենգոյանն ուզում է զրուցել նրանց հետ: Նման ևս մեկ մեքենատիրոջ հրավերի ականատես, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի փոխանցմամբ,  չորս ոստիկաններ, ոչ թե հրավիրում էին, այլ փորձում էին ստիպողաբար մեքենայից իջեցնել երիտասարդին: Իր ներկայությունը նպաստել է, որպեսզի «հրավերը» չեղյալ համարվի: Ոստիկաններին Լեւոն Բարսեղյանը ստիպված է եղել բացատրել, որ նրանց գործողություններն ապօրինի են: Իրեն ահազանգած մեքենատիրոջը Լեւոն Բարսեղյանն ասել է, որ վերջինս իրավունք ունի չներկայանալ ոստիկանություն, եթե համարում է, որ որեւէ խախտում թույլ չի տվել: «Ասպարեզ» ակումբում հավաքված վրացական պետհամարանիշերով մեքենատերերը մամլո ասուլիսի ժամանակ նշեցին, որ պայքարելու են մինչեւ վերջ, օգտագործելու են բոլոր հնարավոր միջոցները իրենց բողոքի ձայնը տեղ հասցնելու համար: Կլինեն շարունակական ակցիաներ, բողոքի երթեր: Իսկ երբ սպառվեն բոլոր միջոցները, պարզապես կդիմեն Վրաստանի իշխանություններին այդ երկրի քաղաքացիությունն ընդունելու համար: «Փաստորեն 20 րոպե է պետք, որ հետո մէ 20 տարի մարդավարի ապրիս»,-նկատեցին հավաքվածները: Այսօր ակումբ տանող ճանապարհները չէին փակվել: Ակցիային մասնակից քաղաքում շրջող մեքենատերերին ճանապարհային ոստիկանությունը եւս չխոչընդոտեց: Բողոքի ակցիայի մասնակիցները Գյումրիից ուղեւորվեցին Ախուրյանի ոստիկանական բաժին` հանդիպելու ոստիկանապետ Վահրամ Ենգոյանի հետ: Ոստիկանության շենքի մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Վ. Ենգոյանը պնդեց, որ հրավիրել է անձնական խնդրով: Թե ինչ անձնական խնդիր ուներ ոստիականապետն իրեն անծանոթ վարորդների հետ եւ թե ինչու են անձնական հարցով մարդիկ հրավեր ստանում ոչ թե ոստիկանապետի սեփական բնակարան, այլ աշխատասենյակ` բացատրություն չեղավ: Վարորդների անունից Լեւոն Բարսեղյանը ոստիկանապետին հայտնեց, որ ցանկացած ապօրինի գործողության դեմ իրենք պատրաստ են պայքարել եւ թույլ չեն տալու, որպեսզի մարդիկ անօրինական ձեւով տարվեն ոստիկանություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter