Խորհրդի նիստ` Հայաստանում թրաֆիկինգի հարցերով
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը հավանության է արժանացրել 2010թ-ի ընթացքում ՀՀ-ում մարդկանց շահագործման դեմ պայքարի ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը, որն առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:
Ներկայացնելով հաշվետվությունը` խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավար Ձյունիկ Աղաջանյանը տեղեկացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում ամբողջացվել է ՀՀ քրեական օրենգրքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների փաթեթը, որն այժմ ԱԺ-ում 2-րդ ընթերցման փուլում է:
Նախատեսվող փոփոխություններն ուղղված են թրաֆիկինգի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենսդրության բարելավմանը եւ ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաների պահանջներին օրենսգրքի համապատասխանեցմանը:
Փոփոխություն է կատարվել նաեւ «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ, որով թրաֆիկինգի ենթարկված անձինք ընդգրկվել են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին խմբերի ցանկում:
Ըստ Ձ. Աղաջանյանի` այս տարի առաջին անգամ Հայաստանը մինչեւ սեպտեմբերի 1-ը Եվրախորհրդի` մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբին (GRETA) պետք է ներկայացնի Հայաստանի ազգային զեկույցը: Այն լրամշակելու եւ վերջնական տեսքի բերելու համար առաջարկվել է ստեղծել աշխատանքային խումբ: Խորհուրդը հավանություն է տվել աշխատանքային խմբի ստեղծման առաջարկությանը, որը կգործի ՀՀ ԱԳ նախարարության ղեկավարությամբ, եւ որոշել է թրաֆիկինգի հարցերով խորհրդի առաջիկա նիստում քննարկել ազգային զեկույցի նախագիծը:
Շահագործման ենթարկված անձանց վերականգնողական կենտրոնների/ապաստարանների ստեղծման եւ շահագործման այլ երկրների փորձն ուսումնասիրելու նպատակով խորհուրդը որոշել է աշխատանքային խումբ գործուղել արեւմտյան երկու երկիր: Աշխատանքային խմբի ղեկավար Ձ. Աղաջանյանը տեղեկացրել է նաեւ, որ 2010 թ. պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվել են Ազգային ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները:
Խորհուրդը լսել եւ ի գիտություն է ընդունել արդարադատության նախարար Հ. Թովմասյանի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա.Գրիգորյանի, ոստիկանության պետի տեղակալ Ա.Օսիկյանի հաշվետվությունները` իրենց ղեկավարած գերատեսչությունների կողմից 2010 թ. իրականացրած աշխատանքների վերաբերյալ:
Մասնավորապես, Հ.Թովմասյանը ներկայացրել է «Հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրով» նախատեսված մջջոցառումները եւ նշել, որ դրանք կներկայացվեն շահագրգիռ կողմերի ուշադրությանը: Ոստիկանության պետի տեսղակալ Ա. Օսիկյանը նշել է, որ անցած տարի ոստիկանության ուշադրության կենտրոնում են եղել հատկապես երեխաների շահագործման հետ կապված դեպքերը:
2010 թ. ընթացքում վարույթ է իրականացվել երեխաների թրաֆիկինգի 5 քրեական գործով` 5 տուժողով: Քրեական հետախուզում է իրականացվել 7 մեղադրյալի նկատմամբ: Նրա տեղեկացմամբ` թրաֆիկինգի ենթարկված, ինչպես նաեւ թափառաշրջիկ երեխաների մեջ մեծ թիվ են կազմում չհաշվառված երեխաները:
Խորհրդի նախագահ Ա.Գեւորգյանը նշել է, որ շարունակվելու է հետեւողական աշխատանքը երեխաների ծնունդների համատարած գրանցման ուղղությամբ, քանի որ ծնունդը չգրանցված երեխաների համար թրաֆիկինգի ռիսկն ավելի մեծ է: Այս առումով անցած տարի օրենսդրական էական փոփոխություններ են իրականացվել, մասնավորապես` փոփոխություններ են կատարվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, որը պետական եւ համայնքային կառույցներին հնարավորություն է ընձեռում առանց խոչընդոտների տեղեկատվություն ստանալ քաղաքացիների հաշվառման պետական ռեգիստրում երեխայի գրանցված լինելու մասին: Ա. Գեւորգյանը նշել է, որ այս տարի եւս խնդիրը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է լինելու, եւ անհրաժեշտության դեպքում օրենսդրության կատարելագործման ճանապարհով միջոցներ կձեռնարկվեն այդ երեւույթը բացառելու ուղղությամբ:
Փոխվարչապետը նշել է, որ ընտանեկան նպաստների համակարգում կատարված վերջին փոփոխություններով` ներկայումս հանրապետությունում իրականացվում են ընտանեկան նպաստների համակարգում փաստագրման լայնածավալ աշխատանքներ, ինչը եւս հնարավորություն կտա ամբողջական դարձնել բնակչության ռեգիստրը:
Ա. Գեւորգյանը նշել է, որ թրաֆիկինգի դեմ պայքարում կառավարությունը մեծ տեղ է տալիս հասարակական կառույցների հետ համագործակցությանը, եւ հորդորել է խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին երեխաների շահագործման դեպքերի մասին տեղեկանալու պարագայում ահազանգել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն` աջակցելով շահագործման դեպքերի հայտնաբերմանը եւ խնդիրներին համատեղ լուծումներ տալուն:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել