HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ասպարեզ» ակումբը` Գյումրիում ոստիկանների կատարած անօրինական գործողությունների մասին

Փետրվարի 10-ին, առավոտյան ժամը 11-ից սկսած Ոստիկանության Գյումրու քաղաքային բաժնի աշխատակիցները ավտոմեքենաներով ծառայություն էին իրականացնում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հարակից մոտ 15 թաղամասերի խաչմերուկներում, ժամը 11-ից 18-ը արգելելով այդ խաչմերուկներից վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների մուտքը Պուշկինի փողոց, որտեղ գտնվում է ակումբի կենտրոնական գրասենյակը: Ակումբի ներկայացուցիչների, վարորդների եւ լրագրողների բազմաթիվ հարցապնդումներին այս ոստիկանները բացատրում էին, թե իրենք կատարում են Ոստիկանության քաղաքային բաժի պետի հրամանը: Ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը Գորկու եւ Ղուկասյան փողոցների խաչմերուկը վրացական պետհամարանիշերով ավտոմեքնաների մուտքն արգելող ոստիկաններին բացատրեց, որ իրենց գործողությունները անօրինական են եւ հակասահմանադրական: Ոստիկանները մնացին անդրդվելի: Ժամը 11:20-ին Ոստիկանության Գյումրու հերթապահ մասում հերթապահող մայոր Բաբաջանյանը հրաժարվեց այս հանցագործության մասին օպերատիվ հաղորդում ընդունել Ակումբի խորհրդի նախագահից: 11:20-11:30-ի ընթացքում Լ.Բարսեղյանը այդ պաշարման մասին հեռախոսով տեղեկացրել է ՄԻ պաշտպանի գրասենյակ եւ ՀՀ գլխավոր դատախազության հերթապահություն: Ժամը 11:35-ին Լ.Բարսեղյանը իր հաղորդումը Ոստիկանության Գյումրու բաժնի հերթապահությունում չընդունելու մասին անձամբ հաղորդել է Շիրակի մարզի դատախազ Դ.Սարգսյանին: Նրան ներկայացվել է նաեւ մարդկանց ազատ տեղաշարժը ոստիկանական ուժերի միջոցով խոչընդոտելու իրողությունը, առաջարկելով միջոցներ ձեռք առնել Գյումրու Մուսայելյան, Գորկու, Սպանդարյան փողոցները եւ Հաղթանակի պողոտան ապաշրջափակելու համար: Չնայած այս բոլոր ահազանգերին, այդ փողոցների կողմից Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի տարածք վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների մուտքը ոստիկանական ուժերը շրջափակված են պահել մինչեւ ժամը 18:00-ը: Ոստիկանության Գյումրու բաժնի պետ գնդապետ Ա.Բիչախչյանը տեղական հեռուստաընկերություններին տված իր հարցազրույցում այդ շրջափակումը փորձել  բացատրել այն հանգամանքներով, թե ակումբի գրասենյակի դիմաց դպրոց կա, այդ մեքենաների անվադողերը մաշված են, կապրոնե, իսկ բեռնախցերում` գազի բալոններ, եւ այդ մեքենաների մուտքի դեպքում կարող է վթար եւ պայթյուն տեղի ունենալ…: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ոստիկանության այդ ապօրինությունների մասին գրավոր հաղորդում է հղել ՀՀ գլխավոր դատախազին: Ի մի բերելով ամբողջ վերը բերվածը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հայտարարում է, ·    Իր գործունեության 12 տարիների ընթացքում սա եւ սրա հետ ուղղակիորեն փոխկապակցված 2011 թվի փետրվարի 8-ի ակումբի համանման պաշարումը առաջին դեպքն է, երբ ինչ-որ մեկը փորձել է խոչընդոտել մարդկանց ազատ հոսքը դեպի ակումբ եւ հարակից տարածքներ: Տեղի ունեցածը այլ կերպ, քան պաշտոնեական հիմարություն որակել չենք կարող: ·    Ակումբի մատույցների պաշարման ՀՀ Ոստիկանության Գյումրու բաժնի պետի մեկնաբանությունը անհեթեթ է, խայտառակ եւ այդպիսով` անվայել նման բարձրաստիճան պաշտոնյայի համար: Այս պաշտոնյան ապացուցեց, որ տրամաբանությունը եւ օրենքի իմացությունը պարտադիր չէ Հայաստանում քաղմասի պետ լինելու համար: ·    Ոստիկանությունը մի քանի անգամ անցյալում առիթ ունեցել է ապացուցելու, որ անկարող է կատարել իր առաջ դրված խնդիրները, մասնավորապես` բացահայտել ակումբի գրասենյակների առաջ կայանած ակումբի աշխատակիցների ավտոմեքենաներից մի քանի գողությունները, ակումբի էլեկտրական մալուխների երկու գողությունները, ակումբի հրկիզման փորձը 2008 թվի հունվարի 18-19 գիշերը եւ ակումբի նախագահի ավտոմեքենայի 2008 թվի մարտի 20-21-ի գիշերային հրկիզումը: ·    Ակումբն ու գործընկերները ամբողջությամբ ըմբռնում են այն անհեթեթ իրողությանը, որ ստեղծեցին քաղաքի ոստիկանները, եւ, որը կարող է կրկնվել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը մնում է ամենայլանդակ օրինազանցությունների եւ պաշտոնեական հանցագործությունների թատերաբեմ: Ակումբը եւ գործընկերները այսօրինակ ապօրինություններին համարժեք դիմադրություն են ցույց տալու: ·    Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը դիմում է բոլոր գյումրեցիներին եւ Շիրակի մարզի բնակիչներին, կոչ անելով հրաժարվել օրինազանց ոստիկանների հետ համագործակցության բոլոր դրսեւորումներից, այնքան ժամանակ, քանի դեռ ոստիկանության համապատասխան պաշտոնյաները հրապարակավ ափսոսանք չեն հայտնել քաղաքի մեկ տասնյակից ավելի թաղամասերի պաշարման եւ քաղաքացիների իրավունքների նկատմամբ լկտի եւ ցինիկ վարքի համար: Ոստիկանական ապօրինությունների դեմ պայքարելու կամք ունեցող բոլոր քաղաքացիներին կոչում ենք բոլոր հնարավոր դեպքերում հրաժարվել ոստիկաններին վճարովի կամ անվճար ծառայություններ մատուցելուց, լինի տաքսի, խանութ, թե` վարսավիրանոց: ·    Ոստիկանության ոչ մի ենթակա, շարքային, կրտսեր կամ միջին սպայական կազմի ներկայացուցիչ չի ներվելու այն արդարացմամբ, թե ինքը քաղաքի թաղամասերը շրջափակելիս պարզապես հրաման է կատարել, որովհետեւ հայտնի է, որ հանցագործ հրամանները կատարման ենթակա չեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter