HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եգիպտոսում հեղափոխությունը հաղթեց

Մի քանի ժամ առաջ` Եգիպտոսում հակակառավարական զանգվածային ցույցերի 18-րդ օրը, երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական է տվել: 30 տարի շարունակ Եգիպտոսը ղեկավարած Մուբարաքի հրաժարականի մասին պետական հեռուստատեսությամբ հայտնել է երկրի փոխնախագահ Օմար Սուլեյմանը: Մուբարաքն իշխանությունը փոխանցել է զինված ուժերին, որի բարձր խորհուրդն էլ ղեկավարելու է երկիրն այս անցումային շրջանում: Զինված ուժերի խոսնակը մեծարանքի խոսքեր է ասել ցույցերի ընթացքում զոհվածների հիշատակին: Հիշեցնենք, որ 18-օրյա ցույցերի ու բախումների ընթացքում, ըստ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության, զոհվել են մոտ 300 և վիրավորվել հազարավոր եգիպտացիներ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել Եգիպտոսում անցկացնել արդար ընտրություններ: Հրաժարականի նախօրեին Հոսնի Մուբարաքը ուղերձով դիմել էր ժողովրդին և խոստացել, որ առաջիկա ընտրություններում այլևս չի առաջադրի իր թեկնածությունը, սակայն հրաժարականի մասին չէր խոսել: CNN-ի փոխանցմամբ` Հոսնի Մուբարաքը Կահիրեից մեկնել է Շարմ-Էլ-Շեյխ, իսկ Շվեյցարիան սառեցրել է արդեն նախկին նախագահի բոլոր հնարավոր ակտիվները: Կահիրեի Թահրիր հրապարակում հավաքված բազմահազար ցուցարարները, լսելով Մուբարաքի հրաժարականի լուրը, սկսել են տոնել իրադարձությունը: Մարդիկ աղոթում էին, պարում: «Ժողովուրդը տապալեց ռեժիմը: Եգիպտոսն ազատ է»,- ցնծում էին ցուցարարները: Ընդդիմության առաջնորդ Մուհամեդ Էլ-Բարադեյն ասել է. «Սա իմ կյանքի ամենալավ օրն է: Եգիպտոսը ազատ լինելու շանս է ստացել»: Ալժիրում «Euronews»-ի թղթակիցն արձանագրել է ոստիկանական ուժերի կուտակումներ, երբ երիտասարդ ալժիրցիները սկսել են հավաքվել երկրի մայրաքաղաքում` տոնելու Մուբարաքի հրաժարականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter