HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Հետո չըսեն, թե խաբար չէրիք»

Ինչպես եւ խոստացել էին, այսօր եւս վրացական համարանիշերով մեքենատերերը բողոքի ակցիայով շրջեցին Գյումրիում, այնուհետեւ 50 մեքենայից բաղկացած շարասյունն ուղեւորվեց Արթիկ: Արթիկցի պատգամավորներ Մխիթար Վարագյանի եւ Արծրուն Աղաջանյանի հետ հանդիպել չհաջողվեց: Ակցիայի մասնակիցներն իշխանություններին հղված բողոք-դիմումի մեկ օրինակ հանձնեցին Արթիկի քաղաքապետարան, որպեսզի այն հանձնվի քաղաքապետի եղբորը` Մխիթար Վարագյանին, իսկ Արծրուն Աղաջանյանին հասցեագրված դիմումը վերջինիս պատկանող գրասենյակի փակ դռան արանքից ուղղակի ներս խցկեցին: Այն պահին, երբ վարորդները. հավաքված Արթիկի քաղաքապետարանի դիմաց, սպասում էին իրենց պատվիրակների վերադարձին, պատգամավոր Մխիթար Վարագյանը մեքենայով հայտնվեց հրապարակում, սակայն, կանգնելու եւ հետաքրքրվելու փոխարեն, գերադասեց հեռանալ: Այն, որ 5 օր է Գյումրիում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, իսկ տեղի պատգամավորներն այդպես էլ ոչ մի կերպ չեն ուզում արձագանքել, վրդովվեցրել էր վարորդներին: Տպավորություն էր ստեղծվել, որ օրինաստեղծ գործունեությամբ զբաղվող պարոնայք ոչ հեռուստատեսություն են նայում, ոչ ինտերնետից գաղափար ունեն, ոչ էլ իրենց հայրենի մարզի անցուդարձից են տեղյակ: Այդ պատճառով էլ բողոքի մասնակիցները որոշել էին անձամբ նրանց տանել տպագիր բողոք-դիմումի օրինակները: Մեկ օրինակ էլ այսօր Գյումրիում հանձնվեց պատգամավոր Մարտուն Գրիգորյանին: «Մարդ են, կարող է էնքան զբաղված են, որ չիդեն ուրդից նորությունները իմանան,-նկատեց վարորդներից մեկը,-տանինք, գոնե կարդան, ամոթ է, հետո չըսեն, թե խաբար չէրիք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter