
«Գյումրիի քաղաքապետարանը 10 հազար դոլար է առաջարկել իմ վստահորդին` Մկրտիչ Սինանյանին, որպեսզի վերջինս ազատի սեփականաշնորհած տարածքը, որտեղ երկար տարիներ է` գործում է «Սինան» ՍՊՀ-ին պատկանող խանութ-տաղավարը, -ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրեց փաստաբան Հովհաննես Հարությունյանը,-իմիջիայլոց, իմ վստահորդի խանութը կից է Վարդան Ղուկասյանին պատկանող խանութների շարքին, ամեն դեպքում ինձ ասեցին, որ այդ շինությունները քաղաքապետինն են, եւ նորակառույց հյուրանոցին, այսինքն, երեւի արդեն պարզ է, թե ինչպիսի տեղադրություն ունի խանութը եւ ում է հարակավոր տարածքը»:
Գյումրի քաղաքի Մայակովսկի- 2 հասցեում գտնվող խանութը եւ դրանով ծանրաբեռնված հողատարածքը սեփականության իրավունքով պատկանում է «Սինան» ՍՊԸ-ին: Խանութի դիմաց գտնվող 60 քմ ազատ տարածքը երկար տարիներ նույն կազմակերպությունը օգտագործել է սպասարկման նպատակով` մշտապես կատարելով վճարումներ մաքրման եւ աղբահանման համար: 2007թ-ին «Սինան» ընկերության ղեկավարությունը դիմել է քաղաքապետարան 60 քմ մակերեսով տարածքը սեփականաշնորհելու հայցով, որպեսզի հետագայում խանութի տեսքը համապատասխանեցնի Գյումրիում ներկայումս կիրառվող քաղաքաշինական նորմերին:
Մեկ տարի անց` 2008թ-ի մայիսին, Մկրտիչ Սինանյանը, երբ նույն խնդրով կրկին մտնում է քաղաքապետարան, տեղեկանում է, որ 60 քմ-ից 24 քմ-ը 23.04.2008թ. թիվ 824 որոշմամբ աճուրդ-վաճառքով օտարվել է Ռոբերտ Պետրոսյանին: Ընկերության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված աճուրդը կազմակերպվել, անցկացվել, օտարվել եւ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է ՀՀ գործող օրենքների, քաղաքաշինության նորմերի բազմաթիվ խախտումներով:
«Ոտնահարվել են իմ վստահորդի իրավունքներն ու շահերը,-նկատեց «Սինան» ՍՊԸ-ի ներկայացուցիչը,-եւ ես համոզված եմ, որ այդ 24 քմ-ի վաճառքով փորձում են պարզապես խեղդել իմ վստահորդի գործունեությունը: Մեզ համար պարզ չէ, թե հենց խանութի դիմաց, խանութը ծածկելու գնով ինչ պիտի կառուցվի, բայց ակնհայտ է, որ տարածքը խլելու խնդիր կա դրված»:
«Սինան» ՍՊԸ-ն դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան Գյումրու քաղաքապետարանի կողմից Մայակովսկու-2 հասցեին հարող 24 քմ մակերեսով հողատարածքը աճուրդով օտարելու, քաղաքապետարանի եւ Ռ. Պետրոսյանի միջեւ կնքված առուվաճառքի պայամանգիրը անվավեր ճանաչելու պահանջով:
Փետրվարի 17-ին կկայանա այս գործով առաջին դատական նիստը: (Մանրամասը կարող եք կարդալ «Հետք» շաբաթաթերթի առաջիկա համարում):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել