HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարդան Այվազյանին հետաքրքրում է միայն սե՞ւ մետաղը

Պատգամավորը չհերքեց, որ չինական ներդրումների հետ կապ ունի Վարդան Այվազյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց իր մասնակցությունը խոշոր հանքային գործարքին, որին անդրադարձել էինք «Հետք» շաբաթաթերթի նախորդ համարում: Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Հոնգկոնգում տեղակայված չինական Fortune Oil ընկերությունը ձեռք է բերել Bounty Resources Armenia ընկերության 35% մասնաբաժինը:

Այն պատկանում է ԱԺ երկու պատգամավորի` Վարդան Այվազյանին եւ Տիգրան Արզաքանցյանին: «Թող դա էլ գաղտնի մնա, ինչի՞ եք անպայման ուզում իմանալ՝ ունե՞մ, թե՞ չունեմ: Քեզ դա ի՞նչ է տալիս: Եթե քեզ բան չի տալիս, առավել եւս ընթերցողին բան չի տա: Ի՞նչ կապ ունի՝ ես եմ, թե ինչ-որ մեկը»,- ասաց Վ. Այվազյանը: Պատգամավորի խոսքով` ինքը կողջուներ Տիգրան Արզաքանցյանի հետ հանք շահագործելը: «Ընդհանրապես կողջունեի ցանկացած շահագործվող հանքի համար: Չինական կազմակերպությունը, որ այստեղ ուզում է մոտ 100 մլն դոլարի չափ ներդրում կատարի եւ աշխատացնի մոտ 2000 մարդ, ինձ թվում է` սրանից լավագույն բան ոչ մեկը չի անի: Չինաստանից թողնում գալիս է, սա լավագույն բանն է: Դեռ ընթացքի մեջ է, քննարկվում է: Երեւի շատ շուտով ներդրողները կգան, նախնական պայմանավորվածություններ կլինեն, որ շահագործեն: Պետական բյուջեի միջոցները դրանից կավելանան 50 մլն-ով, վա՞տ բան է: Ես չեմ տեսել, որ արտասահմանցի որեւէ մեկը այստեղ գործարան սարքի, գործարանը դնի թեւի տակ ու տանի իրա հոր տուն, ոնց որ մի քանի լրագրողներ ուշաթափվում են»,- ավելացրեց պատգամավորը եւ խոստովանեց, թե գաղտնիք չէ, որ ինքը նույնպես հետաքրքրված է հանքարդյունաբերությամբ, սակայն անտարբեր է ոսկու, մոլիբդենի եւ գունավոր մետաղների նկատմամբ: Վարդան Այվազյանի ասելով` իրեն հետաքրքրում է միայն սեւ մետաղը:

«Իսկ ինչո՞ւ պիտի հետաքրքրություն չունենամ: Մի՞թե Հայաստանում տնտեսական գործունեությամբ զբաղվելը հանցագործություն է: Ես կողջունեմ ցանկացած մեկի, ով կարող է ինքը ներդրում բերել եւ Հայաստանը զարգացնել: Օրենքով ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, ի՞նչ են թուլացել, ջղաձիգ շարժումներ անում»,- ավելացրեց Վ. Այվազյանը: Վերադառնալով Տիգրան Արզաքանցյանի հետ համատեղ բիզնեսին` Վ. Այվազյանը նշեց, թե նրա հետ շատ «մոտիկ է»: «Արզաքանցյանի հետ ընդհանուր է միայն ընկերությունն ու բարեկամությունը: Նորմալ անձնավորություն է, ինքն իր բիզնեսն ունի, եւ մեր բիզնեսները որեւէ ձեւով իրար հետ չեն խաչվում»,- ասաց Վ. Այվազյանը եւ սրբագրեց իր իսկ խոսքերը, թե ներկա պահին ինքը բիզնեսով չի զբաղվում, պարզապես բաժնետեր է Չարենցավանի «Գործիքաշինական» գործարանում:

«Այնտեղ իրականացնում եմ մետաղների մշակում եւ գործիքների պատրաստում: Ապրանքն առաքվում է բացառապես արտասահման: Հայաստանում չի վաճառվում»,- նշեց պատգամավորը: Քանի որ բիզնեսի եւ իր հետաքրքրությունների մասին շատ խոսվեց, պատգամավորին խնդրեցինք թվարկել իր բիզնեսները: Վարդան Այվազյանի պատասխանը մեկն էր. «Կարող եք ծանոթանալ իմ հայտարարագրից»: Դիտարկմանը, թե լրագրողներին տրամադրվող հայտարարագրի տեղեկանքից հնարավոր չէ պաշտոնյայի բիզնեսի մասին տեղեկություններ ստանալ, Վարդան Այվազյանը ժպտաց. «Բա ինչի՞ չեն տալիս: Դա նշանակում է, որ կոռեկտության սահման կա, չէ՞: Պաշտոնյան էլ է մարդ: Ձեզ կարող եմ ասել, որ իմ զբաղեցրած պաշտոնը իմ բիզնեսի հետ որեւէ կերպ չի առնչվում»: Թե ինչու էր պատգամավորն այդքան վստահ մատնացույց անում իր հայտարարագիրը, որից իբր պետք է տեղեկություններ ստանայինք իր եկամուտների մասին, անհասկանալի է:

2009 թ. Վարդան Այվազյանը հայտարարագրել է ընդամենը 3 մլն 147 հազ. 700 դրամ եկամուտ, որը պատգամավորի աշխատավարձն է: Իսկ որտե՞ղ են Չարենցավանի «Գործիքաշինական» գործարանից ստացված եկամուտները. այդ մասին գիտեն միայն Վ. Այվազյանն ու հարկային մարմինները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter