Դեռ սպասում է անհայտ կորած ամուսնուն...
Մերի Սողոմոնյան
Լիանա Վարդանյանը իր ամուսնուն վերջին անգամ տեսել է 1994թ.-ին՝ դիրքեր մեկնելուց առաջ: Դրանից հետո ամուսնուց մինչեւ օրս ոչ մի լուր չունի: Դա Լիանայի եւ Արամայիսի վերջին հանդիպումն էր:
Ամուսինը` 34-ամյա Արամայիսը, դիրքերից տուն չվերադարձավ: Ռազմական գործողություններին մասնակցության 6-րդ ամիսն էր... Հարազատներին հայտնեցին, որ Արամայիսն ու իր խմբի մյուս տղաներն անհայտ կորել են: Սա միակ լուրն էր, որ հայտնեցին նրա ընտանիքին:
Այնուհետեւ սկսվեցին որոնումները, դիմեցին տարբեր կազմակերպությունների օգնությանը, Կարմիր խաչին, բայց 1994 թ.-ից մինչեւ այսօր ոչ մի նորություն չկա Արամայիսից: Նախկին ծեփագործի ընտանիքը մնաց առանց հոր: 34-ամյա Արամայիս Վարդանյանը երեք երեխա ուներ:
Լիանան երեքին էլ միայնակ մեծացրեց: Երկու աղջիկներին արդեն ամուսնացրել է, թոռներ ունի, իսկ 28 տարեկան որդին դեռ չի ամուսնացել:
Եթե որդին տղա զավակ ունենա, որոշել են հոր անունով կոչել: Տիկին Լիանան մենակ է ապրում. որդին 10 տարուց ավելի է՝ Ղարաբաղում է, տատիկի մոտ է ապրում: Կապանում աշխատանք չգտնելով՝ մեկնեց Արցախ, որտեղ այժմ աշխատում է:
Լիանա Վարդանյանին ամուսնուց մնացել են միայն նկարներ ու երիտասարդ տարիների հիշողություններ: Լիանան Ղարաբաղի Մարտունի քաղաքից է, իսկ Արամայիսը` Գորիսի Սվարանց գյուղից:
Ծանոթացել էին Կապանի ուսումնարանում սովորելու տարիներին: 17 տարեկանում ամուսնացել եւ ընտանիք են կազմել:
«1993 թ. կեսերին մեկնեց սահմանը պաշտպանելու: Վեց օր սահմանում մնալուց հետո տուն էր գալիս՝ ցեխոտ, կեղտոտված շորերով, երեխեքին տեսնում, փոխվում էր ու նորից գնում դիրքեր: Բայց մի անգամ էլ գնաց ու հետ չեկավ... Դեպքը պատահեց 1994 թ. հունվարի 7-ին Հորադիզում: Շիկահողի բատալիոնում էր` Բադալյան Մարտունի խմբում: Ռումբը եկավ խրամատում պայթեց. ոչ մեկին չեն գտել, ոչ դիակ կար, ոչ էլ՝ այլ բան: Հետո ասեցին, թե իբր զոհված է. դե, որ չգտան, դրա համար: Հետմահու լեյտենանտի կոչում տվեցին, ինձ էլ` որպես զոհվածի կին, թոշակ են տալիս: Բայց մենք հույսներս չենք կտրում, սրտի խորքում զգում ու հավատում ենք, որ մի օր կգտնվի ու կգա տուն: Չենք հավատում, որ զոհվել ա. գուցե տենց ենք ուզում` դրա համար»,- ասում է Լիանա Վարդանյանը:
Արամայիս Վարդանյանը հիմա 50-տարեկան կլիներ. 17 տարի է անցել նրա անհետ կորելուց: Ամուսնուց հետո տան ամբողջ բեռը կնոջ ուսերին էր: Տիկին Լիանայի հոգսը թեթեւացնում էին այդ տարիներին իր երեխաներին տրվող օգնությունը՝ թե ֆինանսական, թե սննդամթերքի տեսքով: Երեխաների համար հագուստ էր գնում այդ գումարով, սնունդն էլ ժամանակին հատկացնում էին կարիքավոր այս ընտանիքին:
Կինն ասում է, թե սոցիալապես չեն նեղվել, հոգեպես են տանջվել. հոր կարիքը շատ էր զգացվում, կարոտն էլ ընտանիքի անդամների տխրության հիմնական պատճառն էր:
Ներկայիս դժվարությունների մասին խոսելով՝ ասում է, թե ամեն ինչ գուցե այլ կերպ լիներ, եթե ամուսինը հիմա իրենց կողքին լիներ: Նա հույսը չի կորցնում, ասում է, որ այս կյանքում ամեն ինչ հնարավոր է, գուցե մի օր Արամայիսն անսպասելի թակի դուռը եւ տուն վերադառնա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել