HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Երկիրը պատասխանատուների պակաս ունի

Մեր երկրի արդարադատության համակարգում ամենախոցելին այսօր կալանքների մասսայական կիրառումն է՝ չնայած օրենքով նախատեսված խափանման այլ միջոցներին, օրինակ՝ գրավին, որն իր խստությամբ պակաս ծանր չի համարվում, հատկապես սոցիալապես խոցելի երկրների համար:

Ենթադրվում էր, որ Հայաստանում, սոցիալական վիճակով պայմանավորված, առավել հաճախ պետք է նախապատվությունը տրվեր ինչպես այս, այնպես էլ խափանման մյուս այլընտրանքային միջոցներին, քանի որ դա առավել շահեկան է հենց պետության համար, որը դրանից կշահի երկակի: Մասնավորապես, կալանավայրերը բեռնաթափելով՝ պետությունը կկրճատեր քրեակատարողական հիմնարկներին արվող բյուջետային հատկացումները, որն էլ իր հերթին կլուծեր այլ խնդիրներ: Բյուջեն լցնելու համար տարբեր հնարամտությունների դիմող Հայաստանի Կառավարությունը շահեկան վիճակում կարող էր լինել գրավի գումարների մուտքից: Ապացուցված է, որ որոշ հանցատեսակների մասով անձին ազատությունից զրկելը միայն բացասաբար է անդրադառնում նրա վարքագծի վրա:

Մեկուսացումը, ընտանիքից կտրվելը հանգեցնում են նաեւ ընտանեկան-սոցիալական մի շարք խնդիրների, որոնք երբեմն ճակատագրական են դառնում նրանց եւ նրանց ընտանիքների համար: Կալանավայրերում բացակայում է վերադաստիարակման հիմնական գործոնը` աշխատանքը, եւ զբաղվածության բացակայությունը նոր հանցատեսակներ է ծնում հենց կալանավայրերի պատերի ներսում: Անկախացումից հետո Կառավարությանը չի հաջողվել լուծել կալանավորների զբաղվածության հարցը, եւ վերջին 20 տարիներին պետական բյուջեից միայն մասհանումներ են կատարվում այս ոլորտին: Մեկ տարի է՝ իրավապաշտպան կազմակերպություններն ահազանգում են մեկուսարանների գերբնակեցվածության մասին: Փաստաբանները բազմիցս հայտնել են, որ իրենց պաշտպանյալները խնդրում են չբողոքարկել կալանքի վերցնելու վերաբերյալ դատարանի որոշումները միայն այն պատճառով, որ զրկված են քնելու հնարավորությունից` քնում են հերթափոխով, առողջական խնդիրներ են առաջանում օդի անբավարարությունից եւ այլն: Կառավարությունում, սակայն, շատ լավ գիտակցելով, որ գերբնակեցման պատճառով անձի միանգամից մի քանի իրավունք է խախտվում, եւ այն կարող է պետական բյուջեից փոխհատուցումներ տրամադրելու պատճառ դառնալ, հատկապես Եվրոպական դատարան բողոք ներկայացնելուց հետո, անհանգստության նշաններ ցույց չի տալիս: Ինչպես երեւում է, ոլորտի պատասխանատուները չեն շտապում խնդիրը կարգավորող փաստաթուղթ ներկայացնել քննարկման: Սա նշանակում է, որ մոտ ապագայում այս խնդիրը քաղաքակիրթ լուծում չի ստանա, ասինքն` օրենքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների զանգվածային կիրառություն չի սպասվում: Վերջերս մեր երկիր ժամանած Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը, անդրադառնալով Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առկա պայմաններին, հայտնել էր. «Բանտը չպետք է դառնա հանցավորության դպրոց, հաճախ ճիշտ եւ ավելի արդյունավետ է ազատազրկման փոխարեն պատժի այլ ձեւեր կիրառելը, ինչն ընդունված է Եվրոպայում: Եվրոպայի փորձը վկայում է, որ երբ ազատազրկմանը փոխարինող պատժատեսակներ են կիրառվում, կրկնահանցագործության ցուցանիշը նվազում է»: Արդարադատության նորանշանակ նախարարը իր առաջին մամուլի ասուլիսում առաջնային համարեց հենց այս հարցը` ասելով, որ մեր պետության կողմից վարվող քրեակատարողական քաղաքականությունը լուրջ վերափոխումների կարիք ունի:

«Այն ֆունկցիաները, որ դրված են այս հիմնարկների առջեւ, ըստ էության, չեն կատարվում: Այսինքն` միշտ չէ, որ պատիժը ծառայում է բուն նպատակին` պատիժը կրելուց հետո ունենալ վերադաստիարակված, ուղղված քաղաքացի, որպես կանոն, կամ շատ դեպքերում մենք ունենում ենք հակառակը»:

Բարեփոխումների հեռանկարում նախարարը նաեւ կալանավորների զբաղվածության խնդիրն է կարեւորել: «Մյուս կողմից կարեւոր է կալանքի` որպես պատժատեսակի դերի մեծացումը եւ այլ պատժատեսակների կիրառումը, օրինակ՝ տնային կալանքը: Քրեական օրենսգրքի վերանայում, ինչը թույլ կտա որոշ հանցագործությունների պարագայում ոչ միայն ազատազրկման, այլեւ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու հարցը վերանայել»:

Հետեւելով դատական գործընթացներին՝ կարող ենք արձանագրել, որ զանգվածային բնույթ կրող կալանավորումների պրակտիկայից հրաժարվելը դժվար լուծելի խնդիր է մեր երկրի համար այն պարզ պատճառով, որ մենք պատասխանատու պաշտոնյայի պակաս ունենք:

Բոլոր պատասխանատուներն առաջնորդվում են ամենից առաջ իրենց ապահովագրելու սկզբունքով, որի հետեւանքով երբեմն զավեշտալի որոշումներ են կայացվում: Օրինակները ցույց են տալիս (եւ դա ոչ մեկ անգամ է տեղի ունեցել), որ դատավորը հանրության համար ոչ մի վտանգ չներկայացնողին կարող է կալանավորել միայն նրա համար, որ դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացնում փաստաբան ընտրելու համար կամ այն պատճառով, որ նրա փաստաբանը չի ներկայացել դատական նիստին:

Իրականությունն այն է, որ մեր երկրում դեռեւս խնդիր է ձերբակալման օրինականությունն ապահովելը, որը սահմանադրական իրավունք է. «Եթե ձերբակալված անձը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման» (հոդված 16): Ներկայումս Հայաստանի մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ դատարանում վիճարկում են հանրապետության գլխավոր դատախազի անգործությունը, որի տեղակալի որոշումով անձը, առանց դատարանի որոշման, 28 օր ապօրինի կալանքի տակ է գտնվել, եւ դատարանն այն հանցավորություն չհամարեց: Մինչ օրս այս համակարգում չեն կարողանում կողմնորոշվել` ով պետք է ազատի կալանավորվածին, երբ նրա կալանքի ժամկետը լրացել է, եւ չկա կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշում: Մի քանի ամիս առաջ Արդարադատության խորհուրդը (ԱԽ) քննության է առել նման մի հարց, երբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը անձին կալանքի տակ պահելու որոշում է կայացրել այն ժամանակ, երբ արդեն լրացել էր ձերբակալման համար նախատեսված 72 ժամը: «Այս պայմաններում, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի հիման վրա, նրան անհապաղ ազատելու համար պատասխանատու էին վարույթն իրականացնող մարմինը, ինչպես նաեւ ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարը»,- հայտնել է դատավորին պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրած արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:

Նախարարի միջնորդությունը ԱԽ-ն մերժել է` արձանագրելով. «Գործով ձերբակալման 72 ժամի խախտումը տեղի է ունեցել մեղադրյալի` դատարանում չգտնվելու ժամանակահատվածում, եւ դատավորը թույլ չի տվել ՀՀ Սահմանադրության 16-րդ եւ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածների պահանջների խախտում»: Դատարանում մեղադրյալի խափանման միջոցի հարցը քննելու ժամանակ դեռեւս լրացած չի եղել նրա ձերբակալման 72 ժամը, բայց երբ դատարանը ընդհատել է դատաքննությունը եւ ձերբակալվածին փոխադրել են մեկուսարան, արդեն լրացել է 72 ժամը: Մինչեւ հաջորդ օրը դատական նիստի շարունակվելը եւ որոշում կայացնելը նա մի քանի ժամ ապօրինի անազատության մեջ է գտնվել: ԱԽ-ն պատճառաբանել է, որ ձերբակալման 72 ժամը լրանալու պահին նա կալանավայրերի վարչակազմի իրավասության տակ է եղել, թող նրանք ազատեին, դատավորը մեղք չունի: Նկատի ունենալով, որ մեր երկրում իսկապես պատասխանատու պաշտոնյայի պակաս կա, եւ չի կարելի ակնկալել, որ հետագայում նման սխալներ թույլ չեն տրվի՝ Կառավարությանը կանգնեցնելով քաղաքացիներին տուգանքներ վճարելու փաստի առաջ, արդարադատության նախարարը իրավիճակը փրկելու համար օրենսդրական առաջարկություն է ներկայացրել` ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ. «Դատախազը կամ քննիչը միջնորդություն հարուցելու մասին որոշումը դատարան պետք է ներկայացնեն անձին արգելանքի վերցնելու պահից առնվազն 54 ժամվա ընթացքում»։

Նշենք, որ «Սիլվա Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2010 թ. փետրվարի 9-ին կայացրած վճռով նույնատիպ հանգամանքներում դատարանն ամրագրել է. «Դատարանը կրկնում է, որ ցանկացած կալանք պետք է լինի օրինական»:

ՄԻԵԴ որոշման մեջ նշվում է, որ նիստը հետաձգելուց հետո դիմումատուն հետ է տարվել քրեակատարողական հիմնարկ, եւ չնայած այն փաստին, որ ՔԴՕ 141 հոդվածով պահանջվում է, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմն անմիջապես ազատ արձակի կալանավորին, երբ լրացել է նրա` դատարանի որոշմամբ սահմանված կալանքի ժամկետը, այնուամենայնիվ, այն եղել է դատավորի իմացությամբ, որի վարույթում է եղել գործը, եւ վարչակազմի ղեկավարության, ուստի երկուսն էլ հավասարապես մեղավոր են դրա համար: Պետությունն այս գործով 2500 եվրո վճարեց դատապարտյալին: Արդարադատության խորհուրդն իր որոշումով այս անգամ հովանավորության տակ է առել դատավորին, բայց չենք կարծում, որ նույն գործով ՄԻԵԴ որոշումից հետո կկարողանա պաշտպանել իր հիմնավորումները, երբ պետությանը պարտավորեցնեն տուգանքներ վճարել իրեն ապահովագրելու մտայնությամբ առաջնորդված դատավորի մեղքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter