
Գյումրիի «Շիրակշին 3-րդ բանավանի» բնակիչները կանգնած են երկընտրանքի առաջ` կամ վերագնում են իրենց ժամանակավոր կացարանները, կամ հայտնվում փողոցում: Վաճառված մոդուլներում ապրողների 90 տոկոսը չունի անօթեւանի կարգավիճակ, իսկ դա նշանակում է, որ պետությունն էլ վերջիններիս նկատմամբ բնակարանների փոխհատուցման պարտավորություն չունի:
«Պարտքի դիմաց աճուրդի հանված մոդուլները անպայման պետք է վաճառվեին, ու կարեւոր չէ, թե ով կառներ: Եթե կա լուծարվող կազմակերպություն, ուրեմն կա նաեւ պարտքի դիմաց աճուրդի հանված գույք, այս դեպքում «Շիրակշին» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող մոդուլները համարվում են գույք եւ ենթակա են աճուրդային վաճառքի»,- պնդում է Գյումրիում սնանկության գործերով կառավարիչ Խաչիկ Պապոյանը:
Վերջինս հայտարարեց, որ գաղտնի աճուրդի վերաբերյալ խոսակցությունները տարածել են բանավանի բնակիչները: Ինքը պարտավորություն չի ունեցել անհատապես տեղեկացնելու նրանց, քանի որ ըստ օրենքի նման ծանուցումները միայն «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում պիտի լինեն:
«Դե մենք էլ էդ թերթում ենք տվել, ո՞վ է մեղավոր, որ բնակիչը չի կարդացել»,- ուսերն է թոթվում Խ. Պապոյանը: Թեպետ նա պնդում է, որ ինքը «մարդասիրական մղումներից ելնելով» ամեն դեպքում գնացել է բանավան, որպեսզի ասի՝ այ մարդիկ, հերթական աճուրդն է լինելու, տեր կանգնեք ձեր տներին, բայց «մի քանի կնկտանցով թափել են գլխին ու քշել»:
«Որ իմանայի, հետս օպերատոր ու կամերա կտանեի, որ էսօրվա օրն էլ ապացույց ունենայի»,- պատմում է Խ. Պապոյանը:

2005 թ. մոդուլների մեկնարկային գինը եղել է 2 մլն դրամ: Այսինքն՝ մեկ բնակարանի արժեքը կազմել է 500 հազար դրամ: Ամեն հաջորդ աճուրդը հայտարարելիս մեկնարկային գումարը 20 տոկոսով իջել է: 2009 թ. մեկ բնակարանի մեկնարկային գինը կազմել է 139 հազար դրամ:
Աճուրդի հանված մոդուլները գնել են անհատ ձեռներեց Վահրամ Իգիթյանը (թիվ 7 եւ 8 մոդուլները) եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակից Հրայր Պողոսյանը (թիվ 9 մոդուլի գնորդը): Սեփականատերերն այժմ վերավաճառում են այդ բնակարանները 250-ից 500 հազար դրամով:
«Բնակիչը պիտի վերջապես գիտակցի, որ այդ մոդուլները վաճառվելու են, եւ ցանկացած քաղաքացի, ցանկացած իրավաբանական անձ դա կարող է գնել: Ոչ ոք նրանց չի կարող ասել, թե ինչու ես գնում, որովհետեւ հրապարակային աճուրդ է: Քաղաքացին որ այդքանը գիտակցեր, ինքն առաջնահերթ կգնար եւ կգներ: Գուցե գնի վերաբերյալ բանակցություններ լինեին, սակարկություններ լինեին, դա այլ բան է, բայց որ այդ ապրանքը վաճառվելու է, դա միանշանակ է»,- տրամաբանում է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:
Նրա համոզմամբ՝ մոդուլի բնակիչները ոչ թե ի վիճակի չեն գնելու իրենց կացարանները, այլ պարզապես ցանկություն չունեն:
«Նրանք ուզում են, որ այդ տները հատկացվեն իրենց անվճար, քանի որ արդեն 20 տարի է՝ ապրում են այդտեղ, բայց դա անհնար է:
Մոդուլները «Շիրակշին» ՓԲԸ-ի հաշվեկշռում են եղել, այդ կազմակերպությունն այժմ լուծարված է, եւ նրան պատկանող գույքը պետք է վաճառվի, որպեսզի կազմակերպության պարտքերը փակվեն»,- ասում է Ա. Մարգարյանը:
Պրն Մարգարյանը տեղյակ էր, որ վաճառված մոդուլների գնորդները պատրաստակամություն են հայտնել տանելի գներով վաճառել իրենց գնած տները այն բնակիչներին, որոնք ապրում են այդ մոդուլներում:
«Արդեն իսկ ինֆորմացիա ունեմ, որ վաճառված մոդուլի բնակիչներից մի քանիսը վերագնել են իրենց բնակարանները բավական տանելի գներով»,- տեղեկացնում է վարչության պետը:
Բանավանի բնակիչները եւս հաստատեցին, որ որոշ բնակարանատերեր 250 հազար դրամով վերագնել են իրենց բնակարանները: Այս գործընթացում բնակիչներին առավել հուզողն ու զայրացնողը ոչ այնքան թաքուն արված աճուրդն է, ոչ էլ՝ կացարաններից զրկվելու վախը, որքան այն, թե հանուն ինչի եւ ինչ երաշխիքով են իրենք գնում այդ բնակարանները:
«Դրանք մեր սեփականությունը չեն դառնում, քանի որ ժամանակավոր կացարան են համարվում: Չենք կարող սեփականաշնորհել: Մեր անձնագրերում նշված է, որ մենք ընդամենը հաշվառված ենք էս տարածքում, ուրեմն ո՞ւմ եւ ինչի՞ համար պիտի գումար տանք,-հարցնում է թիվ 8 մոդուլի բնակիչ Նունե Վարդանյանը,- փաստորեն իրանք բիզնես կենեն, 150 հազարով առել են, 250-ով կծախեն վրեքս, եթե մենք առնինք, մեզի սեփականության իրավունք չեն տա, էգուց կարող ա ղեկավարությունը փոխվի, մեզի ըսեն՝ էդ առք ու վաճառքի թուղթը պատռեք, թափեք, մենք հետո ի՞նչ էնենք: Պետությունը փոխանակ գոհ էղնի, որ բնակիչը հարմարվել է, կապրի, իրանից էլ տուն չի ուզե, մե բանմ էլ կօժանդակե, որ մեզի հանեն դուրս գցեն: Թող էդ պարտքի դիմաց Սարգսյան Արտաշն իրա օբյեկտները ծախեր»:
Բնակիչների պնդմամբ՝ բոլորն էլ մոդուլներում բնակարան ձեռք բերելու համար ժամանակին վճարել են «Շիրակշինի» ղեկավարությանը: Նունե Վարդանյանը 7 տարի առաջ 1000 դոլար է տվել կառավարչին, Գյուլնաշյանները` 2000 դոլար 2008-ին վճարել են իրենց ներկայիս բնակարանի նախկին տերերին, Գալոյան Հռիփսիմեի ընտանիքը իր կացարանին տեր է դարձել 1998 թ.՝ վճարելով 1.500 դոլար եւ այլն:
Բանավանի ամենահին բնակիչներն անգամ որոշակի գումար են տվել այդտեղ բնակվելու համար:
«Ես, օրինակ, ռուսներին եմ փող տվել,- ասում է Յաշա Մանուկյանը,- 100 ռուբլի տվեցի, որ էս մեր տանը մնացող ռուսներն էրթային վերեւի հարկն ապրեին, ես ընտանիքով տեղափոխվեի ըստեղ: Ես որ էդ ժամանակ հետները կաշխատեի, ես դաժե փող եմ տվել: Ըստեղ չկա մեկը, որ փող տված չեղնի, չհաշված տարիների ընթացքում էրած ծախսերը, չհաշված, թե ամեն թղթի համար ամեն անգամ ինչքան փող գուզեին, որ տային»:
Գազի թույլտվություն ստանալու համար, բնակիչների հավաստմամբ, իրենք «Շիրակշինի» կառավարչին 200-500 դոլար են վճարել:
Եթե թիվ 9 մոդուլը գնած Հրայր Պողոսյանը սկսել է 250 հազար դրամով բնակիչներին վերավաճառել բնակարանները, ապա թիվ 7 եւ 8 մոդուլների սեփականատեր Վահրամ Իգիթյանը, բնակիչների խոսքերով, «ալարում է անգամ գա տեսնի, թե ինչ է առել»:
«Ես իրան գնացել տեսել եմ, կհարցնեմ՝ աճուրդի եղե՞լ ես, ինքը կպատասխանե, թե չեմ եղել, քու ի՞նչ գործն է, ան արի բան հասկցի: Իգիթյան Վահրամը Խաչիկ Պապոյանի ընկերն է, բայց ականջներիս հասել է, որ իսկական առնողն ինքը չէ, ուղղակի իրա անունով է»,- ասում է Յաշա Մանուկյանը:
18 մոդուլից բաղկացած բանավանում վաճառքի ենթակա բնակարաններ դեռ կան, որոնց համար աճուրդ հայտարարելուց սնանկության գործերով կառավարիչն առայժմ ձեռնպահ է մնում:
«Ախր հասկացեք, էս տները հնարավոր չէ նվեր տալ, սա օրինական գործընթաց է: Եթե մոդուլները իրանց նվեր տանք, պարտատերերին ի՞նչ վճարենք,- հարցնում է սնանկության գործերով կառավարիչ Խաչիկ Պապոյանը,- հիմի շատ էժան է, որ գան առնին, համ ես կպրծնիմ էդ դարդից, համ՝ իրանք»:
Իսկ վաճառված մոդուլների բնակիչները համոզված են, որ աճուրդ կոչվածը կազմակերպված ֆարս է եղել: Վստահ են, որ գնորդ-սեփականատերերն «իրենց օրում ոչ միայն «Հայաստանի Հանրապետություն, այլ ընդհանրապես որեւէ թերթ չեն կարդում»:
«Որպեսզի երկու հոգի գերշահույթ ստանա, փաստորեն 90 հոգի պիտի հայտնվի բոմժի կարգավիճակում կամ ծայրահեղ դեպքում` ապուշի, որ մի քանի տարի առաջ գնած տունը նորից գնեն, եռակի ծախս անեն ու էլի չհամարվեն սեփականատեր,- եզրակացնում է Ժաննա Ժամակոչյանը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել