Մի վարկաբեկեք ասպետի վեհ կոչումը
2010-ի դեկտեմբերի 18-ին «Հայաստանում ֆրանսիական հիմնադրամ»-ը, որ որպես Ֆրանսիական համալսարան է հայտնի, Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում շոու էր կազմակերպել. շրջանավարտներին հանդիսավորությամբ դիպլոմներ էին հանձնում: «Բայց ինչո՞ւ շոու», - կհարցնեք: Դե, թեկուզ միայն նրա համար, որ ոչ մի դիպլոմ էլ (այս էլ որերորդ տարին) շրջանավարտները այդ օրը չստացան: Գեղեցիկ փաթեթավորած գունավոր, դատարկ թղթեր միայն: Դե ոչինչ, կասեք, դիպլոմը հո չկորավ, հետո կստանան:
Այս տարվա դիպլոմների հանձնումը համընկավ համալսարանի հիմնադրման տասնամյակի հետ, և ի զարմանս բոլորի, ոչ մի խոսք չասվեց համալսարանի հիմնադիր ռեկտորների և դասախոսների մասին:
Կհամաձայնեի ձեզ հետ, եթե խնդիրն այս բուհում միայն այդ լիներ: Բանն այն է, որ այդ «հետո կստանան»-ի հոգեբանությունն այս բուհում բավական լայն ընդգրկում ու տարածում ունի:
Օրինակ ընդունելության քննությունների արդյունքում անվճար սովորելու համար անհրաժեշտ բալեր հավաքած դիմորդներից այստեղ պարտադիր, նախապես ուսման առաջին կիսամյակի ամբողջ վարձն են պահանջում:
Կրկնում եմ` անվճար սովորելու համար անհրաժեշտ բալերը հավաքած դիմորդից: Նաև ուսման վարձավճարի որոշակի զեղջի իրավունք ստացածներից (այստեղ նման առաջադիմական մոտեցում էլ է գործում):
Երբ այս մասին բարձրաձայնեցին լրատվամիջոցները, համալսարանի արտաքին կապերի գծով շևալյեի («Ակադեմիական արմավենի» դասի ասպետի շքանշան) կոչմանը արժանացած պրոռեկտոր Արայիկ Նավոյանը գիտե՞ք լրագրողին ինչ պատասխանեց. «Մենք միջպետական բուհ ենք և մեզ մոտ այլ օրենքներ են» ու հետո էլ թե` «դե մենք այդ գումարները հետո վերադարձնում ենք»: Ոչ ավել, ոչ պակաս: Ա҄խ, այդ չարաբաստիկ հետո-ն: Ականջդ կանչի, Կրթության և գիտության նախարարություն, տեսնես չգիտի՞ այս մասին:
Երևի չգիտի, թե չէ կոռուպցիայի դեմ պայքարի նոր հայեցակարգը մշակելիս ավելի փայլուն օրինակ հազիվ թե գտնվեր, ինչպես նաև չգիտի այն մասին, որ ուսանողները կրթաթոշակ ստանում են միայն պահանջելու դեպքում:
Ի դեպ, վերը նշված փաստերն, ինչպես ասում են, դեռ ծաղիկներն են: Համոզված ենք, որ համապատասխան պետական մարմինները այստեղ ահագին գործ կունենան, գուցե նաև, ի՞նչ իմանաս, հակակոռուպցիոն հարցերով զբաղվող իրավապահ մարմինները` նույնպես:
Ճշմարտության դեմ չմեղանչենք. Կրթության և Գիտության նախարարը և աշխատանքի տեսչությունն ինչ որ կերպ արդեն հետաքրքրվել են այս կառույցով: Խոսքը համալսարանի աշխատանքից հանիրավի ազատված 29 դասախոսների խնդրին է վերաբերվում:
Ինչևէ, այ էստեղից է սկսվում իսկական «հետոն» …Իսկ այդ «հետո»-ն այն է, որ աշխատանքից ազատված 29 դասախոսներից 12-ը չցանկացան հաշտվել ապօրինությունների և ավտորիտարիզմի դրսևորումների հետ, փորձեցին այնուամենայնիվ հավատալ մեր երկրում արդարության գոյությանն ու իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար դիմեցին դատարան:
Դատական լսումների առաջին իսկ նիստերից համալսարանի ներկայացուցիչը մեղմ ասաց աննախանձելի իրավիճակում էր հայտնվել:
Դատավորի որևէ հարցի հստակ, սպառիչ պարզաբանում տալ չկարողանալով երբեմն աբսուրդի հասնող պատասխաններ էին հնչում:
Օրինակ. երբ հայցվոր կողմի միջնորդությամբ դատարանը պահանջեց դասախոսներին արձակուրդ տրամադրելու մասին հրամանները և հրամանագրքերը, համալսարանի ներկայացուցիչ` իրավաբան Հրանտ Գրիգորյանը, երկու շաբաթ անց դատարանին ներկայացրեց իր խոսքերով ասած ոչ ավել, ոչ պակաս «սլաբուսը», այսինքն` ողջ ակադեմիական տարվա ժամանակացույցը, պատճառաբանելով, որ «ինչ տվել են, այն էլ ներկայացրել եմ»:
Համալսարանի ներկայացուցիչն արժանահավատ չէր համարում համալսարանի կողմից կնքված փաստաթուղթը կամ կասկածի տակ էր առնում բանկային փաստաթղթերը, հիմնավորելով, թե դրանք չեն համապատասխանում համալսարանի հաշվապահական փաստաթղթերին:
Ի դեպ, հենց այս վերջին հանգամանքով պայմանավորված, դատաքննությունը ժամանակավորապես ընդմիջվել էր` մինչև դատահաշվապահական փորձաքննության արդյունքներն ստանալը:
Արդյունքներն իրենց շատ սպասել չտվեցին: Համաձայն դատահաշվապահական փորձաքննության արդյունքների, որոնց արժանահավատությանը կարելի է չկասկածել` միայն դատարան դիմած 12 դասախոսին 2004-2009թթ. չվճարած արձակուրդային գումարը, որը ենթակա է վճարման, 4 մլն 154 հազ. 58 դրամ է, իսկ պետական բյուջե չի մտել 3 մլն դրամ:
Հիշեցնենք, որ սա միայն դատարան դիմած 12 դասախոսների մասով է: Համալսարանում աշխատում է 100-ից ավելի դասախոս:
Նրանք էլ կարող են դիմել և պահանջել: Ի դեպ պետք է նշել, որ այս փորձաքննությունը հայցվոր կողմին անհրաժեշտ էր, որպեսզի հիմնավորեր իրենց իրավունքների խախտման ճշմարտացիությունը:
Դատարանը աշխատանքից ազատման օրինականացմանը ըստ էության դեռ չի անդրադարձել: Դասախոսները հավատում են, որ դատարանն իսկապես արդար վճիռ կկայացնի ու …
Տեսնես այդ ժամանակ մարդկանց ոչ միայն հանիրավի աշխատանքից զրկող, այլև, թող ներվի ասել, անամոթաբար այդ մարդկանց գիտելիքները կասկածի տակ դնող մորզելեկները, մեյրոյանները, նավոյանները, մարտինետիները և նրանց սատարողները ինչ երգ են երգելու:
Ի դեպ, ֆրանսիական համալսարանը, քննությունների և ստուգարքների ժամանակ, մինչ օրս այդ «անգրագետ» դասախոսների կազմած թեսթերն է օգտագործում: Սա իմիջիայլոց:
Դառնանք մեր նյութի սկզբին: Շոուն, որ կազմակերպել էին անցած տարեվերջին, փաստորեն դիպլոմների հանձնման քողի տակ նպատակ ուներ ֆրանսիայում ամենահարգի կոչումներից մեկի` շեվալյեի կոչումը համալսարանի ֆինանսական գործունեության համար պատասխանատուներից մեկին` Մեյրոյանին, շնորհման արարողությանը հանդիսավորություն հաղորդելն էր:
Տեսնես Ֆրանսիայում տեղյա՞կ են, որ շեվալյեի պատվավոր կոչում են շնորհել մեկին, ով անմիջական մասնակցություն է ունեցել վերը նշված ապօրինություններին, ում շնորհիվ են նաև գոյացել իրենց բարեկամ պետության բյուջեի պարտքերը, համալսարանի ռեկտոր տիկին Մորզելեկի, գլխավոր քարտուղար Ալեքսանդր Մարտինետիի, արտաքին կապերի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանի գիտությամբ և անսքող հովանավորությամբ:
Տեղին և ժամանակին է հիշել ժողովրդական մեծն իմաստությունը. «Ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը` երես»:
Ֆրանսիական համալսարանի ֆրանսիացի տիկին ռեկտորը գիտի՞ (վստահ ենք, չի կարող չիմանալ), թե ինչ ասել է պետությանը հարկեր չվճարել, աշխատողների իրավունքները կոպտորեն ոտնահարել…
Իրենց երկրում նման բաները չեն ներվում: Ավելին իրավախախտին ոչ թե մեծարում, այն էլ նորընտիր Ֆրանսիայի դեսպանի ներկայությամբ, այլ պատժում են: Ելնելով դատական գործընթացի զարգացումներից, ֆրանսիական համալսարանի աշխատանքից ազատված դասախոսները հավատում են, որ մեր երկրում էլ է այդպես:
Ուզում են հավատալ: Նաև բարեկամաբար դիմում ու խնդրում են բարեկամ Ֆրանսիայի հանրապետությանը` աստծո սիրուն, մի վարկաբեկեք ասպետի վեհ կոչումը:
«Դասախոսների միություն» ՀԿ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել