HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոմիկ Վարդանյան

Տյառնընդառաջ. քրիստոնեական եւ ժողովրդական տոն

Տյառնընդառաջը (Տրնդեզը) ամենատարածված տոներից է Հայաստանում, որն այսօր պարտադիր նշում են այն ընտանիքները, որոնք նշանված կամ նոր ամուսնացած զավակներ ունեն: Տոնի ժողովրդական ավանդույթից այսօր պահպանվել են խաղարկային բնույթի բաղադրիչներ, գլխավորապես խարույկավառությունը: Հայաստանում Տրնդեզի օրը տեղի են ունենում նշանադրման եւ հարսանիքի բազմաթիվ արարողություններ:

Քրիստոնեական ավանդությունը. Տյառնընդառաջ

Փետրվարի 13-ի երեկոյան, երբ եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, սկսվում է Տյառնընդառաջի տոնը: Տոնը խորհրդանշում է 40 օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելը: Տյառնընդառաջի նախատոնակին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է Անդաստանի կարգ՝ աշխարհի չորս ծագերի, արտերի եւ այգիների օրհնություն, ինչը ազդարարում է ձմռան ավարտն ու գարնանամուտը: Այնուհետեւ եկեղեցիների կանթեղներից վերցված օրհնված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ, ինչը խորհրդանշում է Աստծու լույսը: Տոնական խարույկի խորհուրդը, ըստ քրիստոնեական ավանդույթի, կապ չունի այն հեթանոսական խարույկների հետ, որոնք այսօր վառում են շենքերի բակերում: Շրջանառության մեջ է ոչ աստվածաշնչյան այն պատմությունը, որ երբ մանուկ Հիսուսին բերել են տաճար, արեւելյան կողմի նախկինում չբացված դռները ուժեղ դղրդյունով բացվել են, եւ մարդիկ իրենց ճրագներով դուրս են եկել տներից՝ իմանալու համար, թե ինչու է այդպիսի աղմուկ բարձրացել՝ այսպիսով, ակամայից իրենց ձեռքի ճրագներով լուսավորելով Հիսուսի ճանապարհը: Քրիստոնեական ավանդության կողմնակիցները սնոտիապաշտություն են համարում ժողովրդական ավանդության բաղադրիչները: Ըստ Նոր Կտակարանի՝ մի սրբազան ավանդություն գոյություն ուներ. ծնողներն իրենց առաջնեկ արու զավակին քառասուն օրականում տաճար էին տանում՝ ընծայաբերելով Աստծուն: Մանուկ Հիսուսի ծնողները՝ Մարիամն ու Հովսեփը, նույնպես Հիսուսին տանում են տաճար, որտեղ Սիմեոն անունով մի ազնիվ եւ արդար ծերունի սպասում է Հիսուսին եւ տեսնելով նրան՝ Տիրոջը, ընդառաջ է գնում. ահա այստեղից է առաջացել տոնի անվանումը:

Ժողովրդական ավանդությունը. Տրնդեզ

Տոնը ժողովրդի մեջ ավելի շատ հայտնի է Տրնդեզ անունով: Որոշ մասնագետներ կարծում են, որ Տրնդեզ բառը նշանակում է դիզված կրակ: Հեթանոսական ավանդությամբ տոնը խորհրդանշել է Վահագն աստծու ծնունդը, երբ երկունքը տեւել է քառասուն օր: Վահագնի ծնունդը տեղի է ունեցել բոցերի մեջ, որոնցից քուրմը կրակ է վերցրել եւ հեթանոս համայնքի համար խարույկ վառել: Խարույկի շուրջ հեթանոսների տոնակատարության ժամանակ նորահարսները թռչում են կրակի վրայով՝ Վահագնի նման արու զավակներ ծնելու ունակություն ձեռք բերելու ակնկալիքով: Մեկ այլ վարկածով՝ տոնը նվիրված է եղել Միհր աստծուն եւ կապված է կրակի պաշտամունքի հետ: Տոնի նպատակն է եղել կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա եւ հմայական ճանապարհով ուժեղացնել արեւի ջերմությունը: Տրնդեզն այսօր էլ որոշ վայրերում դեռեւս ընկալվում է պապերից ժառանգված բաղադրիչներով: Ժողովրդական ավանդության մեջ Հայաստանի որոշ վայրերում պահպանվել է նաեւ այն ծեսը, երբ չբեր կանայք, այրելով իրենց զգեստի քղանցքը, ակնկալել են պտղաբերություն: Իսկ չբեր կանանցից հետո կրակի վրայով թռել են երիտասարդները, տղամարդիկ՝ չարից եւ անեծքից ազատվելու համար, իսկ վերջում՝ երեխաները: Նախկինում խարույկի ծխի ուղղությամբ կատարել են գուշակություններ. հետեւելով ծխի ուղղությանը՝ որոշել են տարվա բերքառատությունը (եթե ծուխը թեքվել է հարավ կամ արեւելք՝ ակնկալել են առատ բերք, իսկ եթե թեքվել է հյուսիս կամ արեւմուտք, համարել են, որ երաշտ կլինի): Ծխի ուղղությամբ փորձել են իմանալ նաեւ, թե որ կողմից է գալու հարսնացուն կամ փեսացուն: Ընտանիքների ավագ կանայք, իրենց հարսների բարեհաջող ծննդաբերության համար Տրնդեզի կրակի մոխիրը լցրել են ջրի մեջ եւ խմեցրել հղի հարսին: Տրնդեզի մոխիրը խորհրդանշել է առատությունը, եւ այն հաճախ պահել են կճուճների մեջ, որ առատություն լինի: Այն շաղ են տվել հավաբներում՝ հավերի ձվատվությունն ավելացնելու համար, ինչպես նաև արտերում՝ ցանքսը մկներից պաշտպանելու համար:

Նորապսակների տոն

Մինչ ազգագրագետներն ու հոգեւորականները ներկայացնում են, թե ինչ է խորհրդանշում տոնը, եւ ինչպես կարելի է նշել այն` մարդկանց սովորություններին տալով տարբեր անուններ, ժողովուրդը ադապտացնում է այն իր ցանկությամբ: Ժողովրդական ավանդության մեջ Տրնդեզն ընկալվել է որպես փեսայի՝ աներոջ տուն այցելելու տաբուն վերացնելու հիմնական առիթ: Նախկինում պարտադիր կարգի համաձայն՝ նշանված կամ նորապսակ երիտասարդներն իրավունք չունեին հարսի ծնողների եւ հատկապես աներոջ հետ հանդիպել: Եվ Տրնդեզի կրակի վրայով ցատկելը վերացրել է արգելքը, ինչից հետո երիտասարդներն իրավունք են ստացել այցելել ծնողների տուն: Բայց այդ այցելությունը խնջույքի չի վերածվել, ինչպես այսօր: Այն ժամանակներում միակ ատրիբուտը փեսայի ընտանիքի կողմից հարսի տուն տարվող քաղցրավենիքի փոքրիկ կապոցն է եղել: Ժողովրդական այս բաղադրիչի այսօրվա արտահայտությունը օժիտ տանելն է հատկապես Տրնդեզի տոնին: Հենց այս՝ նորապսակների հետ կապված ժողովրդական ավանդույթն է հաշվի առել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ Տյառնընդառաջի տոնը հռչակելով որպես նորապսակների օրհնության օր:

«Խըդր, խըդր խդըր ա, խըդրի օրը էսօր ա, ով տա, զորանա, ով չտա, քյոռանա...»

Եթե Երեւանում եւ մայրաքաղաքի շրջակա բնակավայրերում Տրնդեզն ավելի շատ ընկալվում է որպես նորապսակների տոն, ապա Երեւանից 217 կմ հարավ գտնվող Սիսիան քաղաքում այն ավելի սիրելի է երեխաների համար: Այստեղ Տրնդեզն ունի Խըդր անվանումը: Խըդրի օրը երեխաները՝ հիմնականում ցածր եւ միջին տարիքի դպրոցականներ, 5-ից մինչեւ 15 հոգիանոց խմբեր կազմելով, այցելում են համաքաղաքացիների բնակարաններ: Երբ բացվում է դուռը, բոլորն իրենց տոպրակները (որոնք 1,5-2 մետրանոց թելերով կապված է իրենց ձեռքերից) ներս են գցում, միաբերան արտասանում են տոնի հիմնական պահանջը. «Խըդր, խըդր խդըր ա, խըդրի օրը էսօր ա, ով տա՝ զորանա, ով չտա, քյոռանա»: Երեխաներին տրվող հիմնական բարիքներն են աղանձը, չրեղենը, խնձորը, քաղցրավենիքը: Չնայած տոնի խաղարկային այս մասն ընդունված է քաղաքի եւ շրջակա գյուղերի բնակչության շրջանում, սակայն որոշ մարդիկ, այնուամենայնիվ, հրաժարվում են բավարարել երեխաների պահանջները: Տոնին հիմնականում պատրաստվում են քաղաքի տարեց եւ ավանդույթներով ապրող ընտանիքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter