Ընտանիք կերակրելը մոդել չէ
Բացօթյա առևտրով զբաղվող անձինք այսօր բողոքի գործողություն անցկացրին հանրային հեռուստաընկերության խորհրդի շենքի դիմաց: Բողոքի ակցիայի մասնակիցները գրավոր հայտարարություն հանձնեցին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին, որի տեքստը ուղարկում ենք ձեզ: Բողոքի ակցիային ներկա էին ԱԺ պատգամավոր Զ.Փոստանջյանը և «Ժառանգության» կուսակցության վարչության անդամ Կարինե Հակոբյանը:
Ընտանիք կերակրելը մոդել չէ
Փետրվարի 10-ին Հանրային հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդման վարողը մեր բողոքը վերաձևակերպեց` ասելով, թե տարիների ընթացքում բացօթյա առևտուր անելը վերածվել է մոդելի: Ու նշեց, որ գարշելի է, երբ քաղաքական ուժերն իրենց նպատակների համար փորձում են օգտագործել մեր բողոքը… Համարելով, որ նա ընդամենը պատվեր կատարող է` մեր խոսքն ուղղում ենք պատվիրատուներին և Հանրայինի ղեկավարներին:
Տարվա բոլոր եղանակներին առավոտից երեկո փողոցում մանրածախ առևտուր անելով` մենք կերակրել ենք ինքներս մեզ և մեր ընտանիքի անդամներին: Զրկված լինելով այլ աշխատանքից` մենք միայն այդպես ենք ստեղծել մեր ամենօրյա ապրուստը:
Ընտանիքին հացով ապահովելը մոդել չէ, համակարգ չէ, կառուցվածք չէ, եւ դա գոյատևելու միջոց է: Իսկ մոդելը, մեզ հացից զրկողներ, կազմակերպված է լինում, ասենք, իշխանավորի կամ դղյակատիրոջ կողմից, օրինակ` սուպերմարկետների միլիոնները միլիարդ դարձնելու նպատակով` մեր նման զրկվածներից օրական 1000 դրամ աշխատելու միջոցը խլելը:
Իսկ ինչո՞ւ Հանրայինը չի խոսում այն մասին, որ մինչև հիմա մեր միակ հույսն էլի մնացել է բացօթյա առևտուրը, և չեն ստեղծվել ուրիշ աշխատատեղեր կամ հնարավորություններ, որոնց միջոցով մեզ պես հազարավորները կարողանային քիչ թե շատ արժանապատիվ ապրուստ վաստակել և ոչ թե ամբողջ օրը փողոցում մանր առևտուր անել:
Սահմանադրության համաձայն` իշխանությունը պատկանում է ժողովրդին: Կնշանակի` կուսակցությունները միայն մեր ընտրությամբ` թույլտվությամբ, պետք է ստանձնեն պետական գործառույթներ և իրագործեն միայն ժողովրդի կամքը:
Չենք հրաժարվում քաղաքական ուժերի կողմից մեզ օգնելու հնարավորությունից, քանի որ դա նաև նրանց պարտքն է, ու հետո` այս քաղաքապետը մեզ ծայրահեղ վիճակի է հասցրել, և կուսակցությունների կամ ուրիշների օգնությունը մեզ համար գարշելի չէ:
Իսկ գարշելին այն է, երբ իշխանությունը զրկում է մեզ ամենօրյա հացից, ճնշում է մեր բողոքը, երբ հեռուստաընկերությունները չեն խոսում այդ մասին ու չեն պաշտպանում մեր ապրելու իրավունքը…
Հանրային հեռուստաընկերության և նրա աշխատակազմի ծախսերը ի հաշիվ հարկատուների են` Հայաստանի քաղաքացիների, և մենք պահանջում ենք առաջնորդվել միայն ժողովրդի շահերով, ու ոչ թե կուրորեն ծառայել իշխանությանը և լուռումունջ կատարել նրա հրամանները:
Քանի դեռ մեր հարցը դրական չի լուծվել, Հանրայինից և նրա ղեկավարներից պահանջում ենք մեր բողոքի օբյեկտիվ և ամենօրյա լուսաբանում, որովհետև ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ճշմարտությունը ներկայացնել մի քանի հազար մարդու ճակատագրի վերաբերյալ:
Բացօթյա առևտրով ընտանիք պահողներ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել