HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերջնագրերի լեզվո՞վ

Այս օրերին Շիրակի մարզային հեռուստաընկերություններով հեռարձակվում է Գյումրու քաղաքապետարանի մի ուշագրավ հայտարարություն, որն ավելի շատ նման է նախազգուշացման կամ վերջնագրի: Վերջինս ուղղված է 2010 թ. Մուշ-2 թաղամասում բնակարան ստացած այն անօթևան ընտանիքներին, որոնք տնակներում չեն բնակվում և մինչև օրս չեն տեղափոխվել բնակվելու նորակառույց բնակարաններում: Հայտարարության համաձայն` կիրականացնեն բնակարանների վերաբաշխում, եթե այդ ընտանիքները շուտափույթ կերպով չբնակեցնեն Մուշ-2 թաղամասի իրենց բնակարանները: Հայտարարությանը կից ընթերցվում են նաև տասնյակ քաղաքացիների անուն- ազգանուններ: Այստեղ զարմանալին մասնավորապես այն է, որ աղետի գոտում երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքներին բնակարանների բաշխումն իրականացվում է ՀՀ կառավարության 1999 թ. հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշման համաձայն, որում նման պատճառաբանությամբ բնակարանների վերաբաշխում պարզապես նախատեսված չէ: Առավել ևս, ՏԻՄ-երի ղեկավարներից, ինչպես նաև մարզպետներից դեռ վաղուց է վերցված անօթևան ընտանիքներին համապետական միջոցներով կառուցված բնակարանների բաշխման գործառույթը: Եվ ՀՀ կառավարության մեկ այլ` 2008 թ. նոյեմբերի 6-ի 1288-ն որոշման համաձայն բնակարանները հատկացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարը` իր հրամանով ստեղծված հանձնաժողովի միջոցով: Ավելին, գործող օրենսդրությամբ` պետության և բնակարան ստացած քաղաքացիների միջև կնքվող պայմանագրերի համաձայն` բնակարանները Մուշ-2 թաղամասում հատկացվում են անվարձահատույց, իսկ 23 տարի պարտադրված անօթևանի կարգավիճակում գտնված քաղաքացիներն արդեն իրենցը համարվող բնակարանների պատկանելությունը որոշում են զուտ սեփական հայեցողությամբ: Ուստի, գոնե մեզ համար անհասկանալի է մնում որևէ օրինական հիմք չունեցող, նման բովանդակությամբ հայտարարության տարածման տրամաբանությունը: Անտարակույս, կարելի է ընդամենը գուշակել նման քայլի դրդապատճառը: Գուցե դա արվում է Մուշ-2 թաղամասի բնակեցումն արագացնելու նպատակով: Բայց մի՞թե ընդունելի կարելի է համարել ընտրված մեթոդը, այն է` իշխանության մակարդակով, օգտվելով քաղաքացիների անիրազեկությունից, նրանց թյուրիմացության մեջ գցելը և բնակեցումը չհիմնավորված վերջնագրերի ճանապարհով արագացնելը: Եթե, այնուամենայնիվ, հենց դա է նման քայլի դրդապատճառը, ապա ուզում ենք հավաստիացնել, որ ընտրված մեթոդը հաստատ լավագույնը չէ: Ցավում ենք, որ Մուշ-2 թաղամասի բնակեցման ձգձգումների վերաբերյալ առավել լուրջ ուսումնասիրություններ և վերլուծություներ կատարելու, քաղաքացիների տեղափոխման ձգձգումների հիմնական պատճառները վեր հանելու և դրանց վերացմանն օգնելու, տեղափոխման գործում դժվարություններ ունեցող, սոցիալապես առավել ծանր պայմաններում գտվող ընտանիքներին շոշափելի աջակցություն ցուցաբերելու փոխարեն` ընտրվել է նման մեթոդ: Հուսով ենք` մեր այս հայտարարությունից հետո կդադարեցվի նման բովանդակությամբ և առհասարակ որևէ օրինական հիմք չունեցող հայտարարություն-զգուշացումների հրապարակումների ավանդույթը: Վերջում նաև ավելացնենք, որ անցած ամսին Գյումրու քաղաքապետարանը հեռարձակում էր նմանատիպ մեկ այլ հայտարարություն ևս, որում մասնավորապես ասվում էր, թե Մուշ-2 թաղամասում 2010 թ. բնակարան ստացած ընտանիքները պարտավոր են մինչև սույն թվականի փետրվարի 28-ը տեղահանել իրենց ժամանակավոր կացարանները: Հակառակ դեպքում քաղաքապետարանը սպառնում էր, որ փետրվարի 28-ից հետո տնակները կտեղահանեն քաղաքապետարանի աշխատակիցները` առանց հաշվի առնելու տվյալ կացարանները տնօրինողների կարծիքը: Այդ հայտարարության կապակցությամբ ևս մենք պարտադրված էինք հայտնել մեր հրապարակային մտահոգությունը, որով հանրապետական, մարզային և տեղական իշխանություններին կոչ արեցինք առանց այդ էլ մեծ վիշտ ու զրկանքներ կրած անօթևաններին ևս մեկ անգամ անհանգստություն չպատճառել և ինչպես անցած, այնպես էլ ընթացիկ տարում բնակարան ստացող բազմանդամ ընտանիքներին թույլատրել պահպանել իրենց ժամանակավոր կացարանները, այդպիսի ընտանիքներին հնարավորություն տալ անվճար օրինականացնելու իրենց ժամանակավոր կացարանները տարածքների հետ մեկտեղ: Ի դեպ, մեր այդ հայտարարությունից անմիջապես հետո դադարեցվեց մարզային հեռուստաընկերություններով քաղաքապետարանի այս հայտարարություն-նախազգուշացման հեռարձակումը: «Շիրակ կենտրոն» ՀԿ Գյումրի, 14.02.2011 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter