Հստա՞կ է արդյոք բանականի ու բնազդի ճամփաբաժանը
«Մի սպանիր», «Մի շնացիր», «Մի գողանար»… Աստվածաշնչյան պատվիրաններ, որոնք` որպես տիեզերական, մարգարեական հորդորներ, հղված են ամենակատարյալ ու բանականությամբ էակին` մարդուն: Բայց գուցե` մարդ մարդուն…
Լավատեսական մուտք չէ՞: Ինչ արած… Կենսաբանությունից բոլորս ենք անգիր արել, որ մենք` բանական էակներս, միայն շնորհ ունենք մտածելու, արտահայտվելու, գիտակցելու, բաղդատելու: Այստեղ մի պահ կանգ առնենք ու, որքան էլ ցավալի է, մտաբերենք բացասականի այն գորշ շղթան, որն էլի միայն մարդուն, բանական մարդուն է հատուկ:
Ողջ կենդան աշխարհից միայն մենք կարող ենք նախանձել, ուրիշի հաջողությամբ տխրել, ուրիշի սլացքը արագորեն կասեցնելու դոնդող ելքեր որոնել, վարպետորեն ղեկավարվելով, իբր հանդարտ, անվրդով միմիկայով ստել, խարդախել, զրպարտել, կեղծել… Թվարկումն այս շա՞տ է բանական, շա՞տ է աստվածակամ ու աստվածահաճո:
Լռում եմ: Լռում եմ այստեղ ու էլի շարունակում: Ու, ինչպես Սասնա Ծուռը կասեր, թափ տանք մեզ, թափ տանք մեզանից բանականի մեկուսիչ փոշին և ուժ հավաքենք խոստովանելու, որ հաճախ մենք մեր բարոյական նկարագիր-կեցվածքով այնպես հախուռն ենք խուժում… ոչ բանականի հարթություն, որտեղ, որքան էլ դաժան է խոստովանել, գործող անգրել օրենքները շատ ավելի բարոյական են ու արդարացված: Փորձենք մի փոքր զուգահեռներ տանել բանականի ու ոչ բանականի հարթություններում ու փորձենք կանոնել գործող տրամաբանությունը:
Օրինակներ, ավա~ղ, ոչ սակավ, երբ մայրը իր նորածնին թողնում է թփի տակ, ծննդատանը, պատահական մի տեղ ու անհետանում… Սա մայր-բանականն էր: Ապա փորձիր մայր-անբանականից, ցանկացած պատահականից խլել իր ձագուկին, լակոտին, ճուտիկին... Մեկնություններն այս պարագայում ավելորդ են. զուգահեռումը բնավ էլ մեր օգտին չէր:
Նայում ենք ֆիլմեր, հաղորդումներ, երբ առյուծը, վագրը, բորենին հոշոտում են չքնաղ եղնիկին: Նայում ենք, սոսկում ու «գրողի տարած» ասում: Բայց էդ «գրողի տարածին» ոչ ոք սկուտեղի վրա ոչինչ չի մատուցում: Դա գոյապայքար է, ապրելու խնդիր, իսկ երբ «բանական վագրերն» են, ճոխ ու կալորիական ուտեստները թողած, այծյամին դարանակալում…
Էլի 1:0 հաշվով պարտվեցինք բանականներս: Գուցե 1000000:0…
Ո՞վ ճանապարհ հարթեց ցեղասպանություն բառի համար. վիշա՞պը, վա՞գրը, բորենի՞ն: Այստեղ է, որ հաշիվն արտաբերելուց առաջ լռելը ամենաբարոյականն է: Համեմատություններն այս շատ են ու ցավոտ ուղեծրով: Շատ են ու բնավ էլ ոչ մեր օգտին: Բանականներիս օգտին չեն ու լռում ենք:
Լռում ենք ու… բարձրաձայնում. արդյո՞ք մարդը բանականն է: Կամ` բանականը մա՞րդն է: Ինձ համար կոնկրետ միշտ շատ վիճարկելի է կենդանական աշխարհին վերագրվող ու իբր բնութագրող «բնազդ» ասվածը: Վիճարկելի է, որովհետև ես հաճախ ամենևին էլ չեմ տեսնում բանականի ու բնազդի ճամփաբաժանը:
Շուշան Օհանյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել