Քրեական գործ` «Հայպեռլիտի» տնօրենի նկատմամբ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ կանխամտածված սնանկության, ինչպես նաեւ ՍՊ ընկերության տնօրենի կողմից հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Հայպեռլիտ» ՍՊ ընկերության տնօրեն Ա. Մկրտչյանը գույքային պարտականություններից խուսափելու նպատակով ընկերությանը պատկանող 18 անուն սարքավորումները ձեւականորեն օտարել է եւ ստեղծել կանխամտածված անվճարունակության հատկանիշներ:
Մասնավորապես` 2007թ. մարտ եւ սեպտեմբեր ամիսներին Ա. Մկրտչյանը «Հայպեռլիտ» ՍՊ ընկերության նկատմամբ 59 475 150 դրամի ունեցած պահանջի իրավունքն իր ծանոթ Վ.Վարդազարյանին զիջելու եւ գրավադնելու մասին կազմել է կեղծ փաստաթղթեր:
Հիշյալ փաստաթղթերի հիման վրա ՀՀ վարչական դատարանի` 2009թ. հունիսի 3-ի վճռով պետության հանդեպ ունեցած 17 852 300 դրամ հարկային պարտավորությունը չկատարելու նպատակով Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 2009թ. սեպտեմբերի 28-ի վճռով հօգուտ Վ. Վարդազարյանի բռնագանձվել է 2010թ. սեպտեմբերի 13-ի պայմանագրով գրավադրված ընկերության` 24 850 000 դրամի գույքը եւ 34 625 150 դրամի գումարը:
Բացի այդ, ինչպես հայտնում են գլխավոր դատախազության մամլո ծառայությունից, «Հայպեռլիտ» ՍՊ ընկերության տնօրենը 2008թ. 3-րդ, 4-րդ եռամսյակների եւ 2009թ. 4-րդ եռամսյակի ընթացքում տարբեր ընկերությունների հետ գործարքներ կատարելու վերաբերյալ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի` Սպանդարյանի 1 հարկային տեսչություն ԱԱՀ-ի հաշվարկներ չներկայացնելու միջոցով խուսափել է պետբյուջե 7 077 000 դրամի խոշոր հարկեր վճարելուց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել