Վանաձորում ոստիկաններն վարորդներին ահաբեկում են
«Ժառանգությունը» պահանջում է անհապաղ դադարեցնել ոստիկանության ապօրինությունները
«Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակը ահազանգ ստացավ Վանաձորից, ուր այս րոպեներին «Ժառանգության» ներկայացուցիչների մասնակցությամբ պետք է տեղի ունենար վրացական պետամարանիշներով մեքենաների վարորդների բողոքի ոչ-զանգվածային ակցիան:
Սակայն ինչպես մեզ տեղեկացրեց Գյումրի-Վանաձոր ճանապարհին գտնվող ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, ՀՀ ոստիկանության տարածաշրջանային վարչության աշխատակիցները խոչընդոտներ են հարուցում միջոցառման իրականացման ուղղությամբ:
Այսպես, Ջաջուռ գյուղի մոտ արգելափակվել է Գյումրիից Վանաձոր ուղեւորվող մի քանի տասնյակ մեքենաների բողոքի ավտոերթը: Խոչընդոտներ են հարուցվել նաեւ Տաշիրից եւ Ստեփանավանից Վանաձոր ուղեւորված մեքենաների համար:
Իսկ Վանաձորում գտնվող ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ ի հեճուկս վատ եղանակի (այս պահին այնտեղ ուժեղ ձյուն է տեղում) Ազնավուրի հրապարակում արդեն հավաքվել են 50-ից ավելի մեքենաներ, սակայն ոստիկանները` ոստիկանության տարածաշրջանային վարչության պետի եւ բարձրաստիճան այլ ոստիկանների գլխավորությամբ առանձին-առանձին մոտենում են վարորդներին եւ ահաբեկում նրանց` ստիպելով հեռանալ հրապարակից:
Սակայն վարորդները` իրենց մեքենաները հրապարակից հեռացնելուց հետո հետիոտն վերադառնում են Ազնավուրի հրապարակ եւ այս պահին այնտեղ հավաքվել են թվով մինչեւ հարյուր քաղաքացիներ:
Ոստիկանության այս հակաօրինական եւ հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը տեղեկացրել է ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին, ապա փորձել է կապվել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ինչը նրան չի հաջողվել:
Ոստիկանապետի փոխարեն նրան պատասխանել է ոստիկանապետի գրասենյակի աշխատակից Պողոսյանը: Պատգամավորը պահանջել է փոխանցել ոստիկանապետին, որ անհապաղ միջոցներ ձեռնարկեն օրինազանց ոստիկաններին կարգի հրավիրելու նպատակով:
«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է ոստիկանության հակասահմանադրական գործելաոճը եւ պահանջում ՀՀ ներքին գործերի նախարար Ալիկ Սարգսյանից անհապաղ միջոցներ ձեռնարկել իր ենթակաների ապօրինի գործողությունները դադարեցնելու ուղղությամբ, ինչպեսեւ վերջիններին պատասխանատվության կանչել:
«Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել