
Նախարար Արմեն Մովսիսյանը հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել
Ապրիլի 8-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին հարցում էինք ուղարկել' խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները. ե՞րբ եւ ո՞ր ընկերությանն է տրվել Սյունիքի մարզի Հալիձոր համայնքում գտնվող ոսկու հանքավայրի ուսումնասիրման լիցենզիան, ե՞րբ եւ քանի՞ տարով է «Նագին» ընկերությանը տրվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի երկաթի հանքի շահագործման լիցենզիան:
Մեր հարցերի պատասխանները նախարարության համապատասխան բաժինը կարող էր տալ հինգ րոպեի ընթացքում: Սակայն 11 օր անց նախարարության աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ ստացել ենք այսպիսի պատասխան. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքում տրամադրված ընդերքօգտագործման հանքային իրավունքների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը գտնվում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության կողմից կենտրոնացված գրանցամատյանում: Գրանցամատյանը բաց է հասարակության համար եւ Ձեր աշխատակիցները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են օգտվել դրանից»: 11 օր է պահանջվել Արմեն Մովսիսյանի ղեկավարած կառույցից' այս պատասխանը կազմելու համար:
Հայաստանում ամենակոռումպացված ոլորտը հանքարդյունաբերությունն է. կատարվող գործարքների մասին հասարակությունը ոչինչ չի իմանում, պաշտոնյաներին հանքերի ուսումնասիրման եւ շահագործման լիցենզիաներ են տալիս օրենքի կոպիտ խախտումներով, հետո սկսում են դրանք վաճառել, վերավաճառել: Տարիներ առաջ այս ամենի դեմ իբրեւ պայքարելու համար ընդերքի ոլորտը, որ գտնվում էր բնապահպանության նախարարության ենթակայության տակ, տեղափոխվեց էներգետիկայի նախարարության ենթակայությանը, նախարարության անվանումն էլ փոխվեց: Բայց այդ փոփոխությունից հետո վիճակն էլ ավելի վատացավ:
Նախարար Արմեն Մովսիսյանն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ որեւէ բան փոխել ընդերքի տրամադրման գործակալության գործելակերպում: Նման վիճակը կարծես թե ձեռնտու է նախարարին եւ բոլոր մնացած պաշտոնյաներին: Գրանցամատյանը, որի մասին նշել է նախարարության աշխատակազմի ղեկավարը, տարիներ առաջ մի ամիս չարչարվելուց հետո հնարավոր եղավ տեսնել: Այն բացառիկ «մշակութային» արժեք է' խունացած թերթերով, տարբեր գույներով, կիսատ լրացված կամ չլրացված էջերով, որից նույնիսկ գործակալության աշխատակիցները դժվարությամբ են որեւէ տեղեկություն գտնում: Բայց հստակ է, որ այս ամենը մի նպատակ ունի' հնարավորինս թաքցնել իրենց կեղտոտ գործարքները:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել