Ալավերդցիները ավագանու հետ հույսեր չեն կապում
Ալավերդու քաղաքապետարանում 2011 թ. 6 ամիսների դրությամբ համայնքի ավագանու անդամների ընդունելություններին ընդամենը 5 բնակիչ է մասնակցել:
Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Անուշ Էվոյանը, ով համակարգում է ավագանու աշխատանքը, «Հետքին» հայտնեց, որ ավագանու որոշմամբ ավագանու անդամների ընդունելությունների օր է սահմանվել յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթվա ուրբաթ օրը: Այդ մասին բնակչությանը տեղեկացնելու նպատակով հայտարարություն է տեղադրվում քաղաքապետարանի կայքում, քաղաքի 11 թաղամասերի հայտարարությունների ցուցանակներին, հայտարարություն է տարածվում նաեւ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերության միջոցով:
Այսուհանդերձ, Ալավերդու բնակիչները ավագանիներին չեն վստահում եւ նրանց հետ համագործակցելու ցանկություն չեն ցուցաբերում: «Այս տարվա փետրվարից ավագանու ընդունելություններն արձանագրում ենք, անցյալ տարի եղել են դեպքեր, երբ ընդունելություններին եւ բնակիչները, եւ ավագանին չեն ներկայացել, իսկ 2011 թ. ավագանիներից գոնե 1-2 ներկայացուցիչ եղել է, բայց բնակիչները չեն եկել»,- ասում է Անուշ Էվոյանը: Նրա հավաստմամբ` շատ քիչ են նաեւ ավագանիներին հասցեագրված գրավոր դիմումները:
Ալավերդու նորընտիր քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը նույնպես այն կարծիքին է, որ բնակիչներն ակտիվորեն չեն մասնակցում ավագանու անդամների ընդունելություններին` «1-2 բնակիչ է գալիս»: Քաղաքապետը կարծում է, որ եթե ավագանու անդամներից յուրաքանչյուրն իր թաղամասի բնակիչների խնդիրները ճիշտ ներկայացնի, քաղաքապետարանը հնարավորություն կունենա արդյունավետ որոշումներ կայացնել: Այս առումով նա ավագանու աշխատանքը դրական է գնահատում:
Ավագանու գործունեության մասին բնակիչների շրջանում արված մեր հարցումների պատասխանները չէին արդարացնում քաղաքապետի լավատեսությունը: Ջրավազան թաղամասի բնակիչ Հայկ Սիմոնյանն ասաց. «Ես գլխի չեմ, շանից ըլեմ, թե գիտենամ ով ա մեր ավագանին, պրոստո չեմ կարա ասել»:
Ս/Սարահարթ թաղամասի բնակիչ, Թումանյանի հարկային տեսչության 1-ին կարգի մասնագետ Սեյրան Միկոյանը նույնպես չգիտեր իրենց թաղամասից ընտրված ավագանու անունը: Նա առհասարակ ավագանու աշխատանքը ձեւական համարեց: «Մեր թաղամասից ընտրված ավագանին բժշկուհին ա, էլի, Ռուզաննա Միրզոյանը, շատ լավ աղջիկ է, լավ էլ գնահատում եմ: Թաղամասի համար ի՞նչ պետք է անի, ո՞վ ա ինչ արել, որ նա անի»,- ասաց Ջրավազան թաղամասի մի տղամարդ բնակիչ, ով չցանկացավ ներկայանալ: Համլետ Մարուքյանն էլ ասաց. «Մեր թաղի ավագանին չգիտեմ ով ա, սկի չեմ էլ ճանաչում»: «Հարցեր շատ կան, որ կարեի ավագանուն դիմել, բայց ես գիտեմ, որ չեն անելու, ինչի՞ եմ դիմում»,- ասում է մետալուրգ Լեւոն Ավագյանը:
Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Անուշ Էվոյանը բնակիչների անտարբերությունը բացատրում է ավագանուն օրենքով վերապահված թույլ լիազորություններով, մինչդեռ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի թիվ 16 հոդվածը ավագանուն է վերապահում տեղական ինքնակառավարման կարեւորագույն գործառույթներ, այն է` հաստատել համայնքի զարգացման ծրագիրն ու համայնքի բյուջեով նախատեսված եկամուտներն ու ծախսերը, վերահսկել բյուջեի ծախսերը, իսկ օրենքի 17 հոդվածով համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու լիազորությամբ է օժտել: Այս լիազորությունների լիարժեք իրականացման դեպքում համայնքի բյուջեն կդառնա վերահսկելի, մինչդեռ այն այսօր տնօրինում է մեկ մարդ` քաղաքապետը:
Այս կապակցությամբ Անուշ Էվոյանը տալիս է իր մեկնաբանությունը. «Քաղաքապետն ու աշխատակազմը ավագանու նիստերին բյուջեին վերաբերող որոշումները բաց տեքստով, նույնիսկ նիստերից մեկ շաբաթ առաջ մատուցում են ավագանիներին, որ իրենք չեն առարկում` մենք ի՞նչ կարող ենք անել»: Չառարկելն էլ իր պատճառներն ունի: Ավագանու անդամներից ոմանք անբավարար գիտելիքներ ունեն եւ որքան էլ աշխատեն, մեկ է` չեն հասկանալու բյուջետային գործընթացները:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի թիվ 23 հոդվածի համաձայն` ավագանու անդամը իր պարտականությունների կատարման ընթացքում առաջացած ծախսերի դիմաց, ավագանու որոշմամբ, կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում` ՀՀ ԱԺ պատգամավորի ամենամսյա պատգամավորական ծախսերի մինչեւ 30 տոկոսի չափով. «Համայնքի բյուջեում ամեն տարի այդ նպատակով նախատեսվում է 500 հազար դրամ, որը հաստատում է ավագանին: Այդ գումարները վերջին 6 տարիներին նպատակին չեն ծառայում եւ չեն ծախսվում, որովհետեւ ավագանին չի կարողանում տալ դրանց ծախսային հիմնավորումները»,- ասաց տիկին Էվոյանը:
Ալավերդիում ավագանին հայտնի է իր համերաշխ ու միաձայն քվեարկություններով: Սակայն ավագանու անդամ Հրաչիկ Թանդիլյանից սեպտեմբերի 24-ին տեղեկացանք, որ վերջերս ավագանու նիստում առաջխաղացում է արձանագրվել:
«Չէ, ինչո՞ւ է միաձայն, վերջերս, օրինակ, քվեարկվում էր Հայաստանի ավագանիների ասոցիացիային 20 հազար դրամ փոխանցելու հարցը, ավագանու անդամ Գագիկ Էվոյանը դեմ քվեարկեց»,- հայտնեց նա: Հրաչիկ Թանդիլյանը նույնպես ավագանու աշխատանքը դրական գնահատեց: Աշխատակազմի քարտուղար Անուշ Էվոյանը, անդրադառնալով քաղաքապետի ընդունելություններին, ասաց, որ այս տարվա առաջին կիսամյակում Ալավերդու նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանի մոտ, ով ներկայումս Լոռու մարզպետն է, կատարվել է քաղաքացիների 169 ընդունելություն, բացի այդ, 704 դիմում է հասցեագրվել նրան, որից 14-ը մերժվել է:
Քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը հայտնում է, որ քաղաքացիների դիմումները հիմնականում վերաբերում են բնակֆոնդի տանիքների, կոյուղու ներքին ցանցի վերանորոգման, բնակչության սոցիալական ու այլ խնդիրներին: «Մենք, բարեբախտաբար, ի վիճակի ենք եղել մեր բնակելի շենքերի տանիքների մի մասը կապիտալ վերանորոգման ենթարկել եւ մեր իրականացրած ծրագրերով նպաստել ենք ԲՇՏ-ների ֆինանսական վիճակի կայունացմանը եւ նյութական բազայի ստեղծմանը»,- ասում է Արտավազդ Վարոսյանը:
Այդուհանդերձ, շենքերի տանիքների վերանորոգման խնդրանքով քաղաքացիների շատ դիմումներ` ուղղված քաղաքապետին, մնացել են անհետեւանք: Ալավերդի քաղաքի Շահումյան թաղամասի 8/36 տան բնակիչ Զոյա Ղահրամանյանն այս տարվա հունիսի 13-ին քաղաքապետին ուղղված իր դիմումով հայտնել է. ՙԲնակվում եմ 4-րդ հարկում եւ պատշգամբս անձրեւներից փլվում է, 2008-2011 թթ. պլանավորված էր մեր շենքի տանիքի վերանորոգումը, բայց մինչեւ այսօր սպասում ենք: Խնդրում ենք Ձեզ աջակցել մեր շենքի տանիքը վերանորոգելու գործում՚: Զ. Ղահրամանյանի դիմումի տակ ստորագրել են Շահումյան 8 շենքի եւս 12 բնակիչներ: Քաղաքապետը իր 21.06.11 թ. թիվ 536 գրությամբ մերժել է բնակիչների դիմումը:
«Ձեր շենքի տանիքի հիմնանորոգման հարցը հանձնաժողովը կքննարկի հաջորդ փուլում՚: Թե երբ է լինելու հաջորդ փուլը, Շահումյան 8 շենքի բնակիչներին առ այսօր հայտնի չէ, սակայն Զոյա Ղահրամանյանն ասում է. «Այն ժամանակ քաղաքապետ Արթուր Նալբանդյանը ինձ բանավոր ասել էր, որ գարնանը մոտենամ իրեն եւ հիշեցնեմ մեր տանիքի վիճակի մասին»:
«Տանս գլխի, 5-րդ հարկի բնակարանում ապրող չկա, ում պետք է, գալիս են նրա տան գլխի շիֆերը տանում, իրենց տանիքին են դնում: Անձրեւաջրերն էլ թափվում են նրա տուն, այնտեղից էլ` իմ տուն: Հա էլ շիֆեր եմ առել, բայց էլի գողանում են»,- դժգոհեց Զոյա Ղահրամանյանը: Շահունյան 8 շենքի տանիքի եզրերից կախված ջարդված շիֆերները (թերթաքար) ուժեղ քամիների դեպքում սպառնալիք են բնակիչների համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել