HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական կառավարման համակարգը փլուզման փուլում է

Այսօր «ՄԻԺԻ» գրասենյակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային խորհրդարանի «Սոցիալ-տնտեսական» հանձնաժողովի նիստը «ՀՀ պետական կառավարման համակարգի փլուզման սոցիալ-տնտեսական արդի դրսևորումները» թեմայով։ Բանախոսը՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, ներկայացրեց, թե ինչպես է ձևավորվել ՀՀ պետական կառավարման համակարգը, ինչը տևել է 3-4 տարի (1991-1994թթ.-ին), իսկ համակարգի փլուզման ողջ գործընթացն ընթանում է շուրջ 15-16 տարի: Ըստ բանախոսի` համակարգի փլուզման գործընթացը բաղկացած է 5 փուլից՝ 1995-98թթ. քարացման, 1999-2003թթ. անմրցունակության, 2004-2007թթ. դեգրադացման, 2008-2009թթ. ճգնաժամային և 2010թ.-ից փլուզման փուլ: Համակարգն այսօր փլուզման ընթացքում է, որի արդյունքում, վաղ թե ուշ պետությունը դառնում է սնանկ` երկրի և ժողովրդի համար բոլոր աղետալի հետևանքներով։ Ընդ որում, փլուզման գործընթացն ուղղորդվում է կառավարման համակարգի ինքնավերարտադրմամբ (ՀՀ-ում այն սկսվել էր 1995թ.), երբ որակապես այլ մարդկանց դեպի կառավարման բուրգ ներթափանցման հավանականությունը դառնում է նվազագույն: Սա այն է, ինչի ականատեսն ենք բոլորս։ Հարություն Մեսրոբյանը ներկայացրեց կառավարման համակարգի փլուզման  հատկանիշները։ Դրանք են. ա/ Բնակչության համատարած անվստահությունը պետական կառավարման համակարգի, կառավարիչների և հայտարարված քաղաքականության նկատմամբ, բ/ անկանխատեսելի կադրային փոփոխություններ կառավարման բուրգում, գ/ վերնախավի կողմից ներքին և արտաքին իրականությանը ոչ համարժեք պատկերացումներ, հայտարարություններ և գործողություններ, դ/ վերնախավի տարբեր խմբերի համատարած, փոխադարձ անվստահություն, ե/ երիտասարդության շրջանում պետությունից փաստացի և վիրտուալ փախուստի հոգեբանության ձևավորում, զ/ պետության կողմից կանխատեսվող (հայտարարվող) անիրական սոցիալ-տնտեսական մակրո- և միկրո- նպատակներ, է/ բնակչության սոցիալ-տնտեսական անկառավարելի վիճակ: Բանախոսը ներկայացրեց նաև փլուզման սոցիալ-տնտեսական արդի դրսևորումները։ Դրանք են. 1. Ըստ Համաշխարհային բանկի տվյալների` 1991-2010թթ. Հայաստանը լքել է մոտ 925 հազ. մարդ, իսկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2010թ. հուլիսի 1-ի դրությամբ երկրի բնակչությունը կազմել էր 3.254.600 մարդ: Այսպիսով, արտագաղթը կազմել է 28,42%: 2. Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2010թ. Հայաստանում ծնելիության ցուցանիշը կազմել էր 1,38 (պարզ վերարտադրության համար անհրաժեշտ է 2,11): Այսպիսով, վտանգված է ազգային անվտանգության  հենասյուներից մեկը: 3. Ըստ Վրաստանի հանրային ռեեստրի գործակալության տվյալների` 2010թ. Վրաստանում վերագրանցվել է Հայաստանի 103 բիզնես-միավոր (ըստ REGNUM-ի` 2009-2010թթ. մոտ 4.000 տնտեսվարող բիզնեսը մասնակի կամ ամբողջությամբ Հայաստանից տեղափոխել է Վրաստան): Այսպիսով, առկա է բիզնեսի արտագաղթը: 4. 2010թ. ՀՀ բյուջեով նախատեսված էր գնաճ` 4% ± 1,5% (այսինքն` 2,5-5,5%%): Սակայն 2010թ. պաշտոնական գնաճը ՀՀ-ում կազմեց 9,4%: Այսպիսով, սխալ կանխատեսման տիրույթը կազմել է` 71%-ից մինչև 3,76 անգամ: 5. Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների` 2007-2010թթ. դեպի Հայաստան ուղղված մասնավոր տրանսֆերտների ծավալները (մլրդ ԱՄՆ դոլար) կազմել են $1,319 (2007թ.), $1,635 (2008թ.), $1,124 (2009թ.) և $1,293 (2010թ.): Այսպիսով, մասնավոր տրանսֆերտների 2010թ. ծավալները չեն հասել անգամ 2007թ. ծավալներին: 6. Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների` 2007-2010թթ. Հայաստանի արտաքին պարտքի ծավալները (մլրդ ԱՄՆ դոլար) կազմել են $1,369 (2007թ.), $1,577 (2008թ.), $2,967 (2009թ.) և $3,795 (2010թ.): Այսպիսով, 2010թ. արտաքին պարտքը (44,4% ՀՆԱ-ի նկատմամբ) Հայաստանը մոտեցել է վտանգավոր տիրույթին (50-60%%), որի ժամանակ պետությունը ճանաչվում է սնանկ։ Քննարկման մասնակիցներն, ընդհանուր առմամբ համաձայնվելով բանախոսի հնչեցրած մտքերին և բերած փաստարկներին, հանգեցին այն եզրակացության, որ Հայաստանում առկա ճգնաժամը կասեցնելու և հետագայում այն վերացնելու համար անհարժեշտ է երկրում օր առաջ իրականացնել համակարգային փոփոխություններ։ Այս մասին հայտնում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter