Վանաձորում անցկացվել է բողոքի հանրահավաք
Վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները «Ժառանգության» հետ համատեղ այսօր Վանաձորում անցկացրին բողոքի հանրահավաք` ի հեճուկս ոստիկանության հարուցած խոչընդոտների: Առավոտյան ոստիկանության տարածաշրջանային վարչության աշխատակիցները Ջաջուռ գյուղի մոտ ապօրինի խոչընդոտներ էին հարուցել` մի քանի տասնյակ մեքենայի բողոքի ավտոերթի առջև փակելով Գյումրի-Վանաձոր ճանապարհը: Խոչընդոտներ էին ստեղծել նաև Տաշիրից և Ստեփանավանից Վանաձոր ուղևորված մեքենաների համար:
Այդուհանդերձ, բողոքի հանրահավաքը կայացավ: Լոռու մարզպետարանի առջև` Վանաձորի կենտրոնական հրապարակում, մի-քանի հարյուր քաղաքացի մասնակցեց հավաքին: Ելույթ ունեցան «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը և «Ժառանգության» Վանաձորի ստորաբաժանման ղեկավար Գառնիկ Սահակյանը: Կուսակցությանը տեղեկություններ են հասնում այն մասին, որ հանրահավաքը «հսկում են» բազմաթիվ ոստիկաններ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում գնդապետներն ու փոխգնդապետները:
Հիշեցնենք, որ ոստիկանության այս հակաօրինական և հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը տեղեկացրել էր ՄԻՊ գրասենյակին, ապա «Ժառանգությունը» ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից պաշտոնապես պահանջել էր անհապաղ միջոցներ ձեռնարկել իր ենթակաների ապօրինի գործողությունները դադարեցնելու և պատասխանատվության կանչելու համար:
Ինչպես հայտնում են պատգամավորները, մինչև ժ. 17:30 ոստիկանները շարունակում էին արգելափակած պահել Գյումրի-Վանաձոր ճանապարհը Ջաջուռի հատվածում: Սակայն պատգամավորների և ոստիկանների միջև բանակցությունների արդյունքում ոստիկաններն ի վերջո բացել են ճանապարհը և ներկա պահին ուղեկցում են Գյումրիից Վանաձոր ուղևորվող մի քանի տասնյակ ավտոմեքենաների շարասյանը, որի նպատակը վանաձորցի բախտակիցներին զորակցության հայտնելն է:
Այս մասին հայտնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել