Արմավիրի մարզպետի «ամոթանքը»` իրեն և համայնքապետերին
Այսօր Արմավիրի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստն էր: Ներկայացվեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանի 2010թ. գործունեության և մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվությունը: Աշոտ Ղահրամանյանը «ամոթանք» տվեց համայնքապետերին` ասելով, որ Արմավիրում, որը գյուղատնտեսական ապրանքների արտադրության առումով հանրապետության ամենաբարենպաստ մարզն է, այսօր չի մշակվում մոտ 17 հազար հեկտար հող:
«Մեր մարզի ամենալուրջ խնդիրը սա է: Ամբողջությամբ ուսումնասիրվել են չմշակելու պատճառները: Դրանք օբյեկտիվ են, սակայն չպետք է ձեռքներս ծալած նստենք: Հավատացեք` կարող ենք իրավիճակը շտկել: Ամոթ է, որ Արմավիրի մարզում հողերն անմշակ են մնում»,- ասաց մարզպետ Ա.Ղահրամանյանը:
Ինչպես հայտնի է, անցյալ տարի մարզում հետընթաց է գրանցվել հատկապես գյուղատնտեսության ոլորտում: 2010թ. գյուղատնտեսական տարում 2009-ի համեմատ Արմավիրում պակաս է օգտագործվել 1486 հա գյուղնշանակության հող, ինչի հիմնական պատճառը գարնան երկարատև, հորդառատ անձրևներն էին, մի շարք արագ զարգացած հիվանդությունները և վնասատուները, որոնք իրենց բացասական ազդեցությունն են ունեցել գյուղատնտեսական կուլտուրաների որակական ցուցանիշերի վրա:
Ստորգետնյա ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով զգալի տուժեցին նաև ավելի քան 300 հա-ի վրա գործող ջերմոցային տնտեսությունները:
Մարզի գյուղատնտեսության ոլորտում հետընթացի հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ գյուղացիները պարզապես ի վիճակի չեն հողը մշակել, քանի որ ծախսերը բավականին շատ են, իսկ ստացված բերքը հաճախ նույնիսկ չի փոխհատուցում հողի մեջ ներդրած գումարները:
«Արդեն չորրորդ տարին է, մարզում հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները չեն գերազանցում 8000 հա-ը, որը վկայում է, որ գյուղատնտեսության արտադրության մեջ վերականգնվում է տնտեսությունների մասնագիտացումը գյուղատնտեսության առավել եկամտաբեր ճյուղերի` խաղողի, պտղատու և բանջարեղենի տարբեր տեսակների արտադրության ուղղությամբ»,- ասաց փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը:
«Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» ծրագրի միջոցներով և համայնքների կողմից կատարվող 15% համաֆինանսավորման միջոցով մարզի 24 համայնքում վերականգնվել է 50.4 կմ երկարությամբ ներտնտեսային ցանց` 1407.32 մլն դրամ արժեքով և 210.78 մլն դրամ 15% համաֆինանսավորման գումարով:
Մարզի 3 համայնքում հորատվել է ոռոգման 4 խորքային հոր: Մնացած համայնքներում վերանորոգվել է նախկինում չգործող 19 խորքային հոր: Ընթանում են Թալինի և Արմավիրի մայր ջրանցքների վերանորոգման աշխատանքները, որոնց պայմանագրային արժեքը շուրջ 9.7 մլրդ դրամ է: Աշխատանքները սկսվել են դեռ 2009թ.` Համաշխարհային բանկի աջակցությամբ:
2010թ. դրական տեղաշարժեր են արձանագրվել մարզում ոռոգման նոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ: Օրինակ` Տալվորիկ համայնքում շուրջ 100 հա հողատարածություն ոռոգվում է անձրևացման եղանակով, իսկ Արևադաշտ համայնքի 250 հա խաղողի այգիների և 15 հա ջերմատնային տնտեսությունների ոռոգումն իրականացվում է կաթիլային եղանակով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել