Երեկ ամբողջ օրը ոստիկանները խոչընդոտում էին վարորդների խաղաղ երթը
Գյումրիում վրացական համարանիշներով մեքենաների պարտադիր մաքսազերծման դեմ բողոքի գործողություններից հետո բողոքի ալիքը տարածվեց նաեւ Վանաձորում: Առաջին ցույցը լոռեցիները նախորդ շաբաթ էին կազմակերպել, որը ոստիկանների սպառնալիքների եւ ճնշումների տակ ցրվեց: Մի քանի վարորդ նույնիսկ տուգանվեց` չնայած ճանապարհային ոստիկանության պետի ասելով` տուգանվողը մեկն է եղել:
Ըստ պայմանավորվածության` վարորդները երեկ դարձյալ ցույցի դուրս եկան: Բայց ոստիկանները դարձյալ անօրինական կերպով միջամտեցին քաղաքացիների խաղաղ ցույցին: Ներկա էր անձամբ Լոռու մարզային ոստիկանապետ ոստիկանության գնդապետ Անուբաղ Համբարյանը իր շքախմբով:
Վանաձորյան հավաքը ոչ զանգվածային բնույթ էր կրում. Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի դիմաց սակավաթիվ բազմություն էր հավաքված: Մեծ մասին ոստիկանները սպառնալով եւ ահաբեկելով հեռացրին ցուցահրապարակից: Իմանալով Վանաձորում կազմակերպվող ցույցի մասին` գյումրեցի վարորդները որոշել էին գալ եւ միանալ լոռեցիների հավաքին: Մինչ վանաձորցիները նրանց էին սպասում, պարզվեց Գյումրիից դեպի Վանաձոր ճանապարհի 13-14 կմ-ում` սահմանային Ջաջուռ գյուղի մոտ, գյումրեցի ոստիկանները արգելափակել են գյումրեցիների ավտոշարասյունը: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները փակել էին մոտ մոտ 30-40 վարորդները ճանապարհը:
Ինչպես պատմեց Գյումրու «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, իրենց արդեն նախապես զգուշացրած են եղել, որ երթը ձախողվելու է. մինչեւ Վանաձոր գալը վարորդները հավաքվել են «Ասպարեզ» ակումբում, ուր նրանց է այցելել Շիրակի մարզային ոստիկանապետ ոստիկանության գնդապետ Արմեն Կարապետյանը եւ զրուցել նրանց հետ:
Խորհուրդ է տվել վարորդներին չգնալ Վանաձոր, քանի որ եղանակը բարենպաստ չէ, ճանապարհը փակ է, երթեւեկությունը` վտանգավոր: Տեսնելով, որ վարորդները վճռական են տրամադրված` Շիրակի գլխավոր ոստիկանապետն ասել է` «մեկ է, ճամփեն փակելու եմ»:
Գյումրեցիների ավտոշարասյունը շարժվել է դեպի Վանաձոր, բայց Ջաջուռ գյուղի մոտ նրանց երթն արգելվել էր:
Ի դեպ, Ջաջուռում ոստիկաններ կային մի քանի ոստիկանական կառույցներից: Այնտեղ էին ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ճանապարհային ոստիկանության, նաեւ Ախուրյանի ոստիկանության բաժնի աշխատակիցները` թվով 20-25 հոգի: Ոստիկանները միայն շարասյան մեքենաների երթն էին արգելում, ընդ որում` ոչ միայն վրացական, այլեւ հայկական համարանիշներով մեքենաների: Իսկ երթին չմասնակցող ավտոմեքենաները` եւ հայկական, եւ վրացական համարանիշներով, անարգել անցնում էին ոստիկանների կողքով եւ շարժվում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհով, որը, ոստիկանների ասելով, փակ էր: Մի քանի լոռեցի վարորդներ, որոնք եկել էին դիմավորելու գյումրեցիներին, նրանց հետ պատանդ էին ընկել այստեղ: Ոստիկանները նրանց երթն էլ էին արգելում:
Մեր հարցերին` ինչու՞ են խոչընդոտում երթը, ինչու՞ են փակում վարորդների ճանապարհը, ունե՞ն իրավունք, ոստիկանները անհեթեթ պատասխաններ էին տալիս.
«Չեմ խոչընդոտվում: Իմ պարտքն եմ կատարում: Իմ մտածմունքն այն է, որ չշարժվեն: Լոռեցիները եկել են այստեղ վայր են իջել, իսկ ըստեղից չեն կարող գնալ: Թող ձյունը կտրվի, ճանապարհը հալվի, լոռեցիները գնան»,- ասաց Շիրակի ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Կարապետյանը:
Երբ նրան ասացինք, որ ճանապարհը փակ չէ, անցանելի է, ասաց. «Դուք վերեւից եք եկել, վերեւից հեշտ ա գալը: Բայց չեք կարող գնալ: Դժվար կգնաք: Սպասենք: Տեսնենք ինչ կըլնի: Եղանակից ա կախված»:
Իսկ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը իրոք անցանելի էր: Ճանապարհը ձյունապատ էր, բայց սառցակալված չէր: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների էլ` երեկ հանրապետությունում անանցանելի է եղել միայն Սելիմի լեռնանցքը: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն էլ ասում էին, որ վարորդների երթը արգելելով` իրենց պարտքն են կատարում, նրանց անվտանգության մասին են մտածում:
Հարցին, թե ով էր այնտեղ կանչել Ախուրյանի ոստիկանության աշխատակիցներին, ոստիկանապետի տեղակալ Գալստյանն ասաց. «Երբ որ ձյուն ա լինում, կամ ճանապարհը փակ ա լինում, այստեղ ենք լինում: Իրենց անվտանգության համար չենք թողնում, որ ավտոները հելնեն վերեւ: Դա վտանագավոր է: Մեզ էդպես են ասել, ասել են, որ քաղաքում ուժեղ ձյուն ա գալի»:
Իսկ վարորդները վկայում էին, որ ուրիշ ժամանակ թեկուզ առատ ձյուն լինի, ոստիկանները «իրենց անվտանգության մասին» երբեք այսպես չեն մտածում: Ի դեպ, ոստիկանները խոչընդոտներ էին ստեղծել նաեւ Սեւանից, Տաշիրից, Ստեփանավանից եւ Լոռվա մի քանի գյուղերից Վանաձոր ուղեւորված մեքենաների համար:
Գյումրեցիները Ջաջուռում արգելափակված մնացին մինչեւ ժամը 17.30: Այդ ընթացքում Վանաձորում ցույցը կազմակերպվեց: Երեւանից ժամանած «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ վանաձորցիները Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատից ոտքով շարժվեցին դեպի Հայքի հրապարակ: Մարզպետարանում նրանք փոխմարզպետ Արսեն Դարբինյանին հանձնեցին բողոք-պահանջագիրը: Այնուհետեւ լոռեցի վարորդների մի մասը «Ժառանգության» ներկայացուցիչների գլխավորությամբ շարժվեց Ջաջուռ` միանալու գյումրեցի վարորդներին: Մինչ նրանք տեղ հասնելը ոստիկանները բացել էին գյումրեցի վարորդների ճանապարհը: Միավորված ավտոշարասյունը շարժվեց Վանաձոր: Բայց հիմա էլ ոստիկանները նրանց քաղաքի մուտքի մոտ դիմավորեցին: Եթե Ջաջուռում միայն շարասյան մեքենաների երթն էր արգելվում, այժմ Վանաձոր տանող ճանապարհն ամբողջությամբ փակվեց: Ոստիկանական մեքենաները երկու կողմից գրավեցին ճանապարհը, իսկ նրանց արանքն էլ փակեց Վանաձորի քաղաքապետարանի ձյուն մաքրող միակ մեքենան: Մեծ դժվարությամբ, ոստիկանների հետ երկար փոխհամաձայնությունների արդյունքում ժամը 6-ի սահմաններում ավտոշարասյունը մտավ Վանաձոր:
Մեկնաբանելով ոստիկանների գործողությունները` «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը նկատեց. «Մարտի 1-ից հետո սա ծաղկի փունջ է,- ասաց,-Այս ռեժիմը այնքան է լեղաճաք, որ իր ոստիկաններին մեր հարկերի հաշվին հանձնարարել էր գալ, արգելել, որ վարորդները չգային վանաձորցիների հետ երթ ու ցույց չանեն»:
«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ դատապարտեց ոստիկանության կազմակերպված գործողությունը, որով, ըստ նրա, ոտնահարում են մարդկանց տեղաշարժվելու իրավունքը: «Ոստիկանները գործում են հանձնարարության եւ պատվերի շրջանակներում: Վախնենում են, վախի զգացումն է: Ժողովրդի ձայնից են վախենում: Ժողովրդի ձայնը նրանց համար ահաբեկչական ձայն է»,- ասաց պատգամավորը:
Վրացական համարանիշներով մեքենաների վարորդների պահանջը մեկն է. նրանք ուզում են, որ իշխանությունները ընդառաջ գնան իրենց եւ վերանայեն ավտոմեքենաների մաքսազերծման բարձր տոկոսադրույքները: Ավտոմեքենաները մաքսազերծելու համար նրանք ստիպված են վճարել մեքենայի ինքնարժեքի չափով կամ դրանից ավել: Դրա հնարավորությունը նրանք չունեն: Օրենքն էլ չի սպասում: Բացի այդ` պետք է վճարեն նաեւ նոր հայկական համարանիշի, ավտոմեքենայի տեխնիկական զննության, ապահովագրության համար եւ կատարեն մյուս «չգրված ծախսերը»:
«31-029 մակնիշի ա իմ մեքենան: 3 տարի ա` վրացական համարանիշներով եմ քշում: Ամիսը մի անգամ տանում եմ պոստը. 3 հազար դրամ Տաշիրում եմ տալիս, հազար` ներքեւը` Այրումում: Հիմա էլ ուզում են ռաստամոշկա անենք: Հոր գները վրներին են դրել: Փող չունեմ, որ անեմ: Ընդեղ տվել եմ 1500 դոլար, 1200 դոլար էլ տամ ռաստամոշկա անե՞մ: Բայց հո չպրծանք. 1200 ըտեղ կտանք, հետո էլ ընդեղ կշորթեն` 10 հազար մեկ, 5 հազար մեկ` ներքին կարգով. դե կոռուպցիայի դեմ են պայքարում էլի»,-ասում է լոռեցի վարորդ Սմբատ Հակոբյանը:
«Վրաստանում տվել եմ 780 դոլար «Ֆոլցվագեն»-ին, ըստեղ ուզում են 2400 դոլար: Գիտեք` ինչ ա կատարվում տարբեր օրգաններում: Պետական մուծումներից բացի էլի մագարիչ տեն ուզի: Մի 3 հազար դոլար վրիս կնստի: Թող էժանացնեն, մենք էլ տանք: Հայրենի իշխանավորներին կասեմ` ժողովրդի հետ հաշվի նստել եւ գալ ընդհառաջ: Իմ նման մարդիկ տանելու են մեքենան Վրաստան վեր քցեն ու հետ գան: Ավելի լավ չի՞ էժանացնեն, ես ըստի մուծեմ, պետբյուջե գնա` եւ համարանիշի հըմար, եւ գույքահարկի հըմար, եւ տեխասմոտրի հըմար: 500 դոլար կարամ տամ»,- ասում է Արարատ Ծատուրյանը:
Այն, որ վարորդները մաքսավճարի տարբեր չափեր էին ասում, իրենց ասելով, կախված է մեքենայի մակնիշից: Իսկ գյումրեցի մի վարորդ այլ բացատրություն տվեց դրան. «Ոչ ցուցակ կա զարկած, ոչ բան: Քմահաճույքով է էտի: Աչքաչափով, մոտավոր գնահատե գը: Կը տեսնե սիմպատիչնի տղա եմ, դրսից կը նայե… Եթե լավ ծանոթ ունես…Ինձի 2000 կըսեն ռաստամոշկի համար, բայց 800 դոլարով էլ կրնան էնեն: Նույն ավտոյի համար զանգել ենք նույն ռաստամոշկի տեղը, տարբեր գին են ըսել, ծանոթին զանգինք, ուրիշ գին ըսավ»,- ասում է գյումրեցի Կարո Հովսեփյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել