Բաց նամակ նախագահին
ՀՀ նախագահ, պարոն Սերժ Սարգսյանին
Կկրկնօրինակը` Վճռաբեկ դատարանի նախագահ, պարոն Արման Մկրտումյանին
Հաղորդում
Հարգարժան պարոն Նախագահ,
Ես` Կարեն Գրիգորյանս, իմ կնոջ, երկու անչափահաս երեխաների և մայրիկի հետ բնակվում եմ ք. Երևան, Նոր-Արեշ 28 փողոց, 32 տուն հասցեում և ներկայումս հանդիսանում եմ ք. Երևան, Նոր-Արեշ 28 փողոց, 32 տուն հասցեում գտնվող 455 քմ մակերեսով հողամասի համասեփականատերը: Սակայն երկար տարիներ շարունակ անօրինական ճանապարհով զավթած և ինքնակամ շինություններ կառուցած անձանց, ի դեմս Մկրտիչ, Անահիտ, Խաչատուր, Արմինե, Աղվան, Սուսաննա Գրիգորյանների և Սարայ Գալստյանի պատճառով, զրկված եմ սեփականության իրավունքով պատկանող տարածքում ընտանիքիս հետ խաղաղ պայմաններում ապրելու հնարավորությունից, մասնավորապես, ստիպված եմ հանդուրժելու վերջիններիս կողմից ընտանիքիս նկատմամբ շարունակաբար կիրառվող ֆիզիկական և հոգեբանական բռնությունները, անհարկի հայոյանքներն ու չարախոսությունները, ավելորդ չէ նշել նաև, որ տղաս այժմ առողջական (նյարդային) լուրջ խնդիրների առջև է կանգնած, իսկ ինչ վերաբերվում է ինձ, ապա ես իսկապես հոգնել եմ ամեն անգամ ՀՀ ոստիկանության դռները անհիմն և անիմաստ մեղադրանքներով հայտնվելուց:
Նման պայմաններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսպես ապրելն ուղղակի անհնար է և «իմ ապօրինի հարևաններ» ոչ մի կերպ չեն լքում ինձ սեփականության իրավունքով պատկանող տարածքը, որոշեցի պայքարել և հասնել «արդարության» ՀՀ դատական համակարգի միջոցով:
Գործի նախապատմությունը
Դիմելով դատարան` դատարանից խնդրել էի առանց դրամական փոխհատուցման դադարեցնել Գրիգորյանների և Սարայ Գալստյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը Երևան քաղաքի Նոր Արեշի 28 փողոցի թիվ 32 տան նկատմամբ և նրանց վտարել նշված հասցեի հողամասից:
Նույն գործի շրջանակներում Հակընդդեմ հայցով հայցվորներ Գրիգորյանները և Սարայ Գալստյանը (այսուհետ` Հակընդդեմ հայցվորներ) խնդրել են տիրազուրկ ճանաչել Երևան քաղաքի Նոր-Արեշ 28 փող., 32 տան իրենց պատկանող 59.26քմ հողամասը և 22.81քմ տան օրինական մասը և դրանց նկատմամբ ճանաչել իրենց սեփականությունը:
Հակընդդեմ հայցվորները լրացրել են նաև հայցի հիմքը, այն է` խնդրել են ճանաչել Հակընդդեմ հայցվորների սեփականության իրավունքը իրենց կողմից օգտագործվող Նոր-Արեշ 28 փողոցի 32 հասցեի 25 քմ հողամասի նկատմամբ նաև այն հիմքով, որ ՀՀ Նախարարների խորհրդի «ՀՀ քաղաքացիներին տնամերձ հողամասեր հատկացնելու մասին» 13.13.1991թ. թիվ 209 որոշման 1-ին կետի և ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով նրանք 1991 թվականից հանդիսանում են այդ հողատարածքի սեփականատերը:
Գործի շրջանակներում իրականացված երկու փորձագիտական եզրակացությունների արդյունքում հաստատվել է, որ տարածքը հանդիսանում է ինքնակամ շինություն:
Սակայն, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 11.03.2010թ.-ի թիվ ԵԷԴ 0655/02/08 վճռով մերժել էր իմ հայցը, փոխարենը բավարարել հակընդդեմ հայցը, որով մասնավորապես վճռվել էր ճանաչել Հակընդդեմ հայցվորների սեփականության իրավունքն Երևանի Նոր Արեշի 28-րդ փողոցի թիվ 32 հասցեի օրինական 455 քմ մակերեսով հողամասում Հակընդդեմ հայցվորների կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող 25 քմ մակերեսով օրինական հողամասի նկատմամբ:
Այնուհետև, հույս ունենալով, որ գոնե ՀՀ վերաքննիչ դատարանը` որպես վերադաս ատյան, կիրականացնի արդար դատաքննություն և կորոշի, որ Դատարանի կողմից կայացված դատական ակտն ոչ այլ ինչ է, քան նյութական և դատավարական կոպիտ խախտումներով կայացված ակնհայտ անհիմն դատական ակտ, վերաքննիչ բողոք ներկայացրեցի ՀՀ վերաքննիչ դատարան:
Սակայն այստեղ հարվածն առավել ուժգին էր, քանզի Վերաքննիչ դատարանն ոչ միայն որևէ դատավարական գործողություններ չիրականացրեց` հաստատելու, որ իմ կողմից վերաքննիչ բողոքում ներակայացված հիմքերի շրջանակներում արդար դատաքննությունն ապահովելու համար ուղղակիորեն անհրաժեշտ էր փոփոխել կամ բեկանել դատական ակտը, այլ ավելին` վերջինս անօրինականության շղթան էլ ավելի խորը գցեց, արդյունքում դուրս գալով ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և ՀՀ դատական օրենսգրքով իրեն վերապահված լիազորություններից, որով հստակ սահմանվում է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից (ՀՀ դատական օրենսգրքի 39-րդ հոդված), ՀՀ որոշում կայացրեց մերժելու իմ բողոքը` օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի Վճիռը:
ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման «առանձնահատկությունը» կայանում է նրանում, որ վերջինս լրացուցիչ պատճառաբանելով և անփոփոխ թողնելով Վճիռը, օրինական ու հիմնավոր է համարել նաև Որոշման մեջ արված եզրահանգումներին ըստ էության հակասող Դատարանի կողմից կատարված իրավական վերլուծությունները, որպիսի պայմաններում գործ ունենք փաստական հիմնավորումից զուրկ դատական ակտի հետ:
Փաստորեն, վերը նշվածի վերլուծությունից կարող ենք փաստել, որ նույն անշարժ գույքի` Հողատարածքի նկատմամբ Դատարանը Հակընդդեմ հայցվորների սեփականության իրավունքը ճանաչել է 1991թ. ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով, իսկ Վերաքննիչ դատարանը` ձեռքբերման վաղեմության ուժով, այսինքն` ստացվում է, որ մի դեպքում Հողատարածքը 1974 թվականից սկսած ունեցել է օրինական տիրապետողներ` Հակընդդեմ հայցվորները և 1991 թվականից սկսած նրանք օրենքի ուժով են դարձել սեփականատեր, այն էլ այն դեպքում, երբ վերջիններս պահանջել են նախապես տիրազուրկ ճանաչել Հողատարածքը և հետո ձեռքբերման վաղեմության ուժով դրա նկատմամբ ճանաչել իրենց սեփականությունը, իսկ մեկ այլ դեպքում` նրանք Հողատարածքը` որպես սեփական գույք, 10 տարի անընդմեջ, բացահայտ և բարեխղճորեն տիրապետելով են ճանաչվել սեփականատեր:
Այնուհետև, ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ իմ կողմից վճռաբեկ բողոք է ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարան: Ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ ես նույնիսկ գնացի ամենածայրահեղ քայլի, այն է` ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացրեցի հաշտության համաձայնության առաջարկ, միայն թե իմ բակի միջոցով «ապօրինի հարևանները» մուտք չուենան և իմ ընտանիքը գոնե այս հանգամքներում կարողանա հանգիստ ապրել:
Սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Վարուժան Աբելյանի անմիջական շահագրգռվածության պատճառով, կարծում եմ, որ իրական վտանգ կա, որ սույն գործի շրջանակներում «արդարությունը» վերջնականապես կտապալվի, իսկ հողատարածքն ապօրինաբար զավթած և բազմաթիվ ինքնակամ շինություններ կառուցած «հարևանները» կշարունակեն նույն ոճով թույնավորել ընտանիքիս կյանքը:
Հարգելի Նախագահ,
Իսկապես անարդար է, որ ինձ որպես սեփականություն պատկանող տարածքում զգում եմ ինչպես ճակատամարտի դաշտում, երբ ամեն օր ուղղակի պայքար է խաղաղ և անվտանգ ապրելու համար:
Հետևապես, նման պայմաններում, եթե այսպես շարունակվի և որևէ իրավական հնարավորություն չունենամ վերականգնելու իմ խախտված իրավունքները, որոնք երաշխավորված են ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի դրույթներով, ես ստիպված կլինեմ իմ ԸՆՏԱՆԻՔԸ փրկելու համար արդեն իսկ դիմելու մի շարք հուսահատ և ծայրահեղ քայլերի, ընդհուպ մինչև արյունահեղության, քանի որ եթե ինձ պատերազմ է հայտարարված և «օրենք»-ն այստեղ անզոր է, ապա պատերազմի կանոնը մեկն է. հաղթում է միշտ ուժեղագույնը, իսկ իմ պարագայում այնտեղ, որտեղ ուժը - ՀՀ դատական համակարգի շահագրգռվածությունն է, ապա արդարադատության և իրավունքի գերակայության մասին խոսելն ուղղակիորեն ավելորդ է:
Եթե տապալվի արդարադատությունը, Ընտանիքս փրկելու համար, կարծում եմ, որ ստիպված կլինեմ լքելու իմ հարազատ հայրենիքը և հրաժարվելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, այլապես դառը հետևանքների համար կմեղադրեմ միայն ինձ, քանի որ ոչ պետությունը, ոչ դատարանը չեն կարողանում կամ ցանկանում վերականգնել իմ խախտված իրավունքները:
Հարգելի Նախագահ,
Արդեն իսկ երկար տարիներ շարունակ իմ խախտված իրավունքները դատական ատյաններում պաշտպանելու ապարդյուն փորձերից հետո մնացել է միայն հույսի մեկ պատուհան, այն է` Ձեր անմիջական վերահսկողությամբ և օժանդակությամբ, վերջապես, լուծելու այնքան պարզ և միևնույն ժամանակ ՀՀ դատական ատյանների կողմից ուղղակիորեն բարդացված խնդիրը:
Կանխավ շնորհակալություն,
ՀՀ քաղաքացի Կարեն Գրիգորյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել