Ռամազ Նիկոլաիշվիլին` նախագահ Սարգսյանի մոտ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլիին: Նախագահը գոհունակությամբ է խոսել բոլոր մակարդակներում հայ-վրացական փոխայցելությունների ու շփումների ակտիվացման մասին, ինչը կարևորվել էր նաև նախագահ Սաակաշվիլիի տարեսկզբին Հայաստան կատարած այցի ժամանակ:
Նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին Հանրապետության ղեկավարին ներկայացրել է գործընկերոջ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հետ ունեցած արդյունավետ քննարկումների, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որոնք վերաբերել են երկու երկրների համար կարևոր նշանակություն ունեցող Վերին Լարսի ճանապարհահատվածի վերակառուցմանն ու բնակլիմայական պայմանների հարուցած դժվարություններից անկախ` անխոչընդոտ բեռնափոխադրումների իրականացմանը, Հյուսիս-Հարավ ավտոմոբիլային ճանապարհի կառուցմանը, իսկ Վրացական կողմից` Ախալցխա-Բաթումի տարանցիկ ճանապարհի վերակառուցմանն ու ճանապարհաշինության բնագավառում փորձի փոխանակմանը: Այս մասին հայտնում են նախագահի մամլո ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել