HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Աննիլաջ օր». բողոքի ակցիա Գյումրիում

Երեկվա բավական ակտիվ եւ նյարդային օրվան այսօր հաջորդելու էր «Աննիլաջ օրը», որն անցկացնելու նպատակով վրացական պետահամարանիշերով գյումրեցի մեքենատերերին պիտի միանային վանաձորցի իրենց բախտակիցները: Շատերի համար անծանոթ «աննիլաջ» բառը թարգմանվում է, որպես ալարկոտ, անտրամադիր, էներգազուրկ եւ օրվա միջոցառումն էլ իրականում համապատասխանելու էր վերնագրին: Թե ինչ էին որոշել վարորդները, անհայտ էր նաեւ ակումբում գտնվող լրագրողներիս: Մինչ ակցիան սկսելը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն ամփոփեց երեկվա երթի արդյունքները: Տեղեկացրեց, որ ոստիկանները պարբերաբար այցելում են գյումրեցի վարորդների տները զգուշացնում, հորդորում, խորհուրդ տալիս չմասնակցել ակցիաներին, չբարդացնել իրավիճակը: «Եղեք զգույշ, մեքենաները փակ պահեք, ամեն մեկին մի թողեք ձեր մեքենաները նստեն: Խուզարկեք ձեր մեքենաները:Թե ինչի էր ընդունակ սովետական միլիցիան հիշում եք, թե ինչի են ընդունակ հայրենի ոստկանները, ավելորդ անգամ չբացատրեմ: 10 անգամ ավելի վատն են: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ամեն ինչի ընդունակ են: Զգոն եղեք, չլինի այնպես, որ վաղը մյուս օրը հանկարծ ձեր մեքենաներից ինչ որ «բան» հանեն», քշելուց արգելակներին ուշադիր եղեք, կարողա գան փռվին մեքենայի առաջ, հայտարարեն, թե մեզի հենց նոր մեքենայի տակ գցեցին»,-զգուշացրեց հավաքվածներին Լեւոն Բարսեղյանը: Այդ ամբողջ ընթացքում «Ասպարեզ» ակումբը գտնվում էր ոստիկանական շրջափակման մեջ: Չգիտես որտեղից ոստիկաններին տեղեկություն էր հասել, որ մեքենաների շարասյունն ուղեւորվելու է Երեւան եւ ինչպես Բավրա ուղեւորության օրը, կրկին փակվել էին Պուշկինի փողոցից, որտեղ գտնվում է «Ասպարեզը», կենտրոնական փողոցներ տանող նրբանցքները: Ժամը 14:30-ին ակցիան մեկնարկեց: Վարորդները խմբերի բաժանված ցրվեցին տարբեր ուղղություններով: Մի քանի նրբանցքներով պտույտներ տալով կրկին հավաքվեցին ակումբի մոտ`խիստ հիասթափեցնելով առավոտ վաղ շրջակայքում հերթափահող եւ ինչ-որ մեծ ակցիայի ակնկալիք ունեցող ոստիկաններին: «Սա հետախուզական գործողություն էր,-հայտարարեց Լեւոն Բարսեղյանը,-այս քայլով մենք պարզեցինք, որ քաղաքում գոնե այս պահին 10 հատ պարապ ոստիկանական մեքենա կա, 30 հոգի էլ ոստիկան, որ իրենց բան ու գործը թողած հերթապահում են ակումբի տարածքում»: Ակցիան տեղի ունեցավ առանց վանաձորցիների: Պարզվեց, որ Գյումրի շտապող, վրացական համարանիշերով 7 մեքենայի Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտ կանգնեցրել են Ախուրյանի ճանապարհային ոստկանության աշխատակիցներն եւ արգելում են առաջ շարժվել: Ջաջուռ հասած Լեւոն Բարսեղյանի այն հարցադրումներին, թե այս անգամ ինչու են խոչընդոտում մեքենաների տեղաշարժը, որեւէ կոնկրետ պատասխան չեղավ, բացի «այդպես է պետք»-ից: 10 րոպե ոստիակնների հետ բանակցելուց հետո, միակ տարբերակը, որ այդ պահին համարվեց խելամիտ Լեւոն Բարսեղյանի առաջարկն էր` ուս-ուսի, միմյանց թեւանցուկ արած շրջափակել մեքենաներն ու փորձել դուրս բերել մայրուղի: Այդ եղանակով Վանաձորից Ջաջուռ հասած 4 մեքենա հնարավոր եղավ դուրս բերել ոստիկանների շրջափակումից: Բայց, ցավոք նրանցից միայն մեկին հաջողվեց հասնել Գյումրի: «Ազատել Վանաձոր-Գյումրի մայրուղու Ջաջուռի հատվածը ոստիկանական հսկողությունից եւ թույլատրել մնացած մեքենաներին հասնել Գյումրի»,-պահանջով գյումրեցի վարորդները հավաքվեցին Շիրակի մարզային ոստիկանության վաչության դիմաց` ակնկալելով հանդիպում վարչության պետի հետ: Պետի փոխարեն ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց նրա տեղակալը` Գեւորգ Թադեւոսյանը: Վերջինս Լեւոն Բարսեղյանի միջոցով փոխանցեց, որ ճանապարհը բաց է, իսկ վանաձորցի վարորդներին ոչ ոք չի արգելել գալ Գյումրի, նրանք իրենց կամքով Ջաջուռի մոտից հետ են վերադարձել: Հավանաբար պրն. Թադեւոսյանին դեռ չէին հասցրել զգուշացնել, որ Ջաջուռի մոտ տեղի ունեցածն ամենայն մանրամասնությամբ տեսալուսանկարահանվել է եւ վարկածը, որ «վանաձորցիներն եկել, հետո փոշմանել ու հետ են դարձել», շատ հեռու է ճշմարտությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter