HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբ մրցավարը նաեւ խաղացող է

Արմեն Առաքելյան «Քաղաքական մրցակցության դաշտում հնարավոր չէ միաժամանակ խաղացող եւ մրցավար լինել»,- «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում փետրվարի 8-ին ասաց հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Երբ դաշտում խաղացողը նաեւ մրցավարի գործառույթներ է իրականացնում, նա ոչ թե հետեւում է բոլոր խաղացողների կողմից խաղի կանոնների պահպանմանը, այլ դրանք ծառայեցնում է մյուսներին թուլացնելու, պարտության մղելու եւ վերջին հաշվով իր հաղթանակի նպատակին: Սերժ Սարգսյանը ներքաղաքական դաշտում իսկապես խաղացող է: Որովհետեւ հանրապետության նախագահը, մրցավար լինելով հանդերձ, դաշտում խաղացող հիմնական ուժերից մեկի` ՀՀԿ-ի նախագահն է: 2012 և 2013 թթ. համապետական ընտրություններին միասնական մասնակցելու վերաբերյալ հուշագիրն իր գործընկեր կուսակցությունների` ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի վզին փաթաթելն այլ բան չէ, քան մրցավարի իր դիրքի չարաշահում: Այն հիմնված է ոչ թե երկխոսության, համաձայնությունների, այլ պարզ պարտադրանքի վրա: Որովհետեւ ՀՀԿ նախագահն իր կոալիցիոն գործընկերներին ոչ թե հրավիրում, այլ հարկադրում է 2013 թ. նախագահական ընտրություններին պաշտպանել իր թեկնածությունը: Իսկ դա արդեն քաղաքական կատեգորիա չէ, որովհետեւ կիրառում է ոչ քաղաքական մեթոդներ` հիմնված պետական, իշխանական լծակների գործադրման սպառնալիքի վրա, ինչն ինքնին մրցակցության անհավասար պայմանների առաջադրման ու անառողջ մթնոլորտի ստեղծման է հանգեցնում: Սա այլ կերպ, քան քաղաքական դաշտի, մրցակցության լիկվիդացում, մեկ կուսակցության քաղաքականության ստեղծում, դժվար է անվանել: Այս իմաստով, սկսված գործընթացը շատ ավելի վտանգավոր է, քան արհեստական քաղաքական դաշինքների, պսեւդոընդդիմադիր ուժերի, արբանյակ կուսակցությունների ստեղծումը, որովհետեւ սրանից արդեն նեոբոլշեւիզմի հոտ է գալիս: Ընդ որում` նկատի ունենանք, որ նախագահական ընտրություններին երկու տարի կա, եւ սեփական դիրքերի ամրապնդմանն ուղղված միջոցառումների այսքան շուտ ձեռնարկումը նախագահի ուշադրությունը երկրում կուտակված բազմաթիվ ու աննախադեպ խորքային խնդիրներից շեղում է դեպի ներքաղաքական ինտրիգները: Ու փոխանակ այդ հարցերը լուծելու միջոցով հանրության մեջ սեփական հեղինակությունը բարձրացնելու մասին մտածելու` նա ապավինում է ինչ-որ արհեստական սխեմաների, որոնք հասարակության ու հանրային կարծիքի հետ բացարձակապես որեւէ կապ չունեն: Իր նման մոտեցմամբ նախագահը, փաստորեն, անուղղակիորեն հաստատում է, որ իր համար ոչ այնքան կարեւոր է սովորական քաղաքացու կարծիքն ու նրա տված վստահության քվեն, որքան քաղաքական ուժերի աջակցությունը: Ավելի լավ ապացույց, որ Հայաստանում իշխանությունը չի ձեւավորում ժողովուրդը, չի կարելի գտնել: Եվ եթե ԲՀԿ-ն իսկապես սկզբունքային է նախագահականից թելադրվող այս պայմանները չընդունելու հարցում, ապա, ըստ էության, ակամա դառնում է նոր, ավելի այլանդակ քաղաքական մշակույթի ստեղծմանը խոչընդոտող, խանգարող գործոն: Նման դիմադրողական բեւեռի առկայությունը նախագահի այս ձեռնարկումների համատեքստում թե նախագահին, թե իր գլխավորած ուժին կարող է գցել շատ անհարմար դրության մեջ: Իր համագումարում ԲՀԿ-ն ոչ միայն Սերժ Սարգսյանին պաշտպանելու ուղղությամբ որեւէ ակնարկ չարեց, այլեւ առաջ քաշեց արդար ընտրություններ անցկացնելու, ազատ մրցակցության սկզբունքներով առաջնորդվելու հրամայականի հարցը: ԲՀԿ-ն, իհարկե, փորձում է դրդել նախագահին հրաժարվել հարկադրանքի մեթոդներից ու նստել բանակցությունների: Եվ եթե նկատի ունենանք, որ կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման համար ԲՀԿ-ի կողմնորոշվելու եւ վերջնական դիրքորոշում հայտնելու վերջնաժամկետների հարցը կարծես այլեւս հրատապ չէ, ապա կարելի է եզրակացնել, որ Գագիկ Ծառուկյանին ինչ-որ բան հաջողվեց: Վերջինս, թերեւս, հաշվարկել էր, որ առկա սոցիալ-տնտեսական չափազանց խոցելի իրավիճակում Սերժ Սարգսյանը կխուսափի սպառնալիքները կոնկրետ գործողությունների վերածելուց եւ դրանով իսկ քաղաքական իրադրությունը ապակայունացնելուց: Մի բան, որ հիմա ամենաքիչն է ուզում իշխանությունը: Չի կարելի բացառել, որ այս գործոնների ազդեցությամբ կողմերը համաձայնության կգան գոնե խորհրդարանական ընտրություններին իբրեւ մրցակիցներ մասնակցելու հարցում, ինչի գինը կլինի նախագահական ընտրություններում կոալիցիայով Սերժ Սարգսյանի թեկնածության պաշտպանության պայմանին համաձայնվելը: Սակայն ինքնին նախնական կոշտ մոտեցումներից Սերժ Սարգսյանի ետ քաշվելու հանգամանքը ցույց է տալիս, որ նա, այնուամենայնիվ, տակտիկական պարտություն կրեց` ցույց տալով թե իր, թե ՀՀԿ-ի որոշակի թուլությունը: Դա նորմալ է քաղաքական հարթության մեջ: Բայց այն նախնական խնդիրների համատեքստում, որոնք դրել էր Սերժ Սարգսյանն իր առջեւ, սա իսկապես պարտություն է: Այն ցույց տվեց, որ նախագահն ամբողջությամբ չի վերահսկում իրավիճակը, չի տիրապետում քաղաքական դաշտին: Դա հավասարապես հարվածում է թե ՀՀԿ-ի, թե Սերժ Սարգսյանի հեղինակությանը: Մինչդեռ հենց ՀՀԿ-ն իր թեթեւ ձեռքով զգալիորեն բարձրացրեց ԲՀԿ-ի քաղաքական կշիռն ու հեղինակությունը: Հիմա արդեն Սերժ Սարգսյանը, անկախ իր կամքից, շատ ավելի է կախված ԲՀԿ-ից ու Ծառուկյանից, քան նախկինում, մինչեւ այս արկածախնդրության ձեռնարկումը: Հիմա արդեն ԲՀԿ-ի աջակցությունը ստանալու համար նախագահը ստիպված կլինի շատ ավելի լուրջ զիջումների գնալ: Սակայն, ի վերջո, ի՞նչ են այս ամենից շահում քաղաքականությունը եւ հատկապես հասարակությունը, սովորական քաղաքացին: Չնայած քաղաքական ավելի արատավոր մշակույթի ձեւավորումը կանխելու հարցում ԲՀԿ-ն իր հաստատակամությամբ կարեւոր դեր է կատարում, սակայն դա գիտակցական, նպատակային չէ: ԲՀԿ-ին առաջնորդում են պարզապես «կաշին փրկելու», գոյությունը պահպանելու շատ տրիվիալ խնդիրը, բնազդը: Որեւէ լուրջ գիտակցված առաքելություն այն չի դնում իր առջեւ: Ավելին, ըստ էության, ԲՀԿ-ն հայաստանյան քաղաքական դաշտում առկա բոլոր հիվանդությունների կրողն է եւ որակական առումով ոչնչով չի զիջում ՀՀԿ-ին ու մյուսներին: Եվ դժվար է ասել` եթե Սերժ Սարգսյանի փոխարեն լիներ Գագիկ Ծառուկյանը, արդյոք շատ ավելի կոշտ չէ՞ր լինելու իր պահանջներում: Եվ քանի որ որակական առումով տարբերություններ չկան, չկա նաեւ ընտրության մեծ հնարավորություն: Հասարակությունը եւ շարքային քաղաքացին ՀՀԿ-ին քվե կտա, թե ԲՀԿ-ին` ոչ մի էական նշանակություն չի ունենալու. նրա կյանքում որեւէ լուրջ փոփոխություն չի լինելու, որովհետեւ մեծ հաշվով մարդիկ ստիպված են լինելու ընտրել իշխանության եւ կրկին իշխանության միջեւ: Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին, ապա այստեղ իրավիճակը շատ ավելի ողբալի է: Որովհետեւ մյուս բոլոր ուժերը, ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի այս խուլ հակամարտության պարագայում, անկախ ելքից, հայտնվում են լուսանցքում: Անհրաժեշտ քաղաքական, ծրագրային ու գաղափարական բազմազանության հնարավորությունները խիստ սահմանափակվում են, ինչը նշանակում է, որ սահմանափակվում են նաեւ ընտրության շրջանակները: Եվ որպեսզի ասպարեզից վերջնականապես դուրս չմղվեն, մյուս ուժերը, որոնք ինքնաբերաբար հայտնվում են ընդդիմության կարգավիճակում, որոշակի առաջնահերթությունների շուրջ համախմբվելու, շոշափելի, տեսանելի բեւեռ կազմելու խիստ հրատապ խնդրի առաջ են կանգնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter