HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզի բազմազավակ գյուղապետերը

Արմավիրի մարզի Խանջյան գյուղի գյուղապետ 57-ամյա Սամվել Ավագյանին փետրվարի 15-ի մարզխորհրդի նիստի ժամանակ անակնկալ էր սպասվում: Այդ օրն ամփոփվեցին Արմավիրի մարզպետարանի նախաձեռնությամբ անցկացվող «Լավագույնն իր ոլորտում» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները: «Տարվա բազմազավակ ընտանիք ունեցող, մարզի լավագույն պետական, քաղաքական, հասարակական գործիչ» անվանակարգում Սամվել Ավագյանը զբաղեցրել էր 3-րդ տեղը եւ որպես պարգեւատրում ստացել պատվոգիր ու 50 հազար դրամ: Այս անվանակարգի առաջին երեք մրցանակային տեղերը զբաղեցնողներն էլ գյուղապետեր են: Ս. Ավագյանն ունի 5 երեխա: Գյուղապետի ասելով` բազմազավակ հայր լինելը դժվար չէ, ավելին`  պատվաբեր է: «Որովհետեւ ես իմ ընտանիքին, երեխաներին սիրում եմ, իսկ ընդհանրապես` երեխաներ շատ եմ սիրում»,- ասում է գյուղապետը: Դրամական պարգեւը Սամվել Ավագյանը որոշել է ծախսել ընտանիքի անդամների համար նվերներ գնելու վրա: Բոլոր երեխաների համար նվերներ է գնել, իսկ կնոջը որպես երախտիքի նշան նվիրել է ծաղկեփունջ` իրեն 5 երեխա պարգեւելու համար: «Փառք Աստծո, ես ու կինս աշխատում ենք, լավ-վատ` պահել ենք մեր երեխաներին: Անչափահաս երեխա արդեն չունեմ, տղաս բանակում է, իսկ երկու աղջիկներս էլ ուսանողուհի են»,- ասում է գյուղապետը: Բազմազավակ համայնքապետը նշում է, որ ինքը եւ մյուս բազմազավակ ծնողները մտածում են հայրենիքի զարգացման, հզորացման, բնակչության թվի աճի մասին: Համերկրացիներին էլ կոչ է անում երբեք չմոռանալ այդ մասին: Սակայն, որպես բազմազավակ ընտանիքի հայր` գյուղապետը կարեւորում է նաեւ պետության դերակատարումը, որպեսզի ընտանիքները շատ երեխա ունենալու ցանկություն ունենան: «Պետությունը պետք է մտածի սոցիալական օգնություններ տրամադրելու, աշխատատեղեր ստեղծելու եւ բարձր աշխատավարձով վարձատրելու մասին:  Աշխատատեղ պիտի լինի, որ մարդը կարողանա աշխատի ու իր երեխաներին պահի»,- ավելացնում է Սամվել Ավագյանը: Գյուղապետի կարծիքով` այսօր ցանկության դեպքում շատերը չեն կարող 5 եւ ավելի երեխա ունենալ, քանի որ դժվարությունները շատ են, աշխատատեղեր չկան, իսկ ով էլ որ աշխատում է` դժվար կարողանա իր վաստակով բազմազավակ ընտանիք պահել. աշխատավարձերը, նպաստներն ու թոշակները ցածր են: «Այսօր բարձր է նաեւ գնաճը, ինչը խանգարող հանգամանք է: Փողն է որոշում ապրելու ձեւն ու շատ երեխաներ ունենալը»,-ասում է գյուղապետ Ավագյանը: Թուրքիային սահմանակից Երվանդաշատ համայնքի ղեկավար Հովնան Ավետիսյանն այս անվանակարգում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Նա նույնպես ունի 5 երեխա` 2 տղա եւ 3 աղջիկ: Հովնան Ավետիսյանի երեխաներից երկուսն արդեն ուսանող են, իսկ երեքը դեռ սովորում են դպրոցում: Գյուղապետից հետաքրքրվեցինք, թե ինչ խնդիրներ ունեն բազմազավակ ընտանիքները: «Խնդիրներն ավելի լավ պատկերացնելու համար առաջին հերթին պետք է բազմազավակ հայր լինես»,- կատակեց գյուղապետը: Ըստ նրա` բազմազավակ ընտանիքներին բնորոշ են ամենօրյա հոգսերն ու ծանրաբեռնվածությունը: Հ. Ավետիսյանն ասում է, որ կարողանում է բավարարել 5 երեխաների նվազագույն կարիքները, եւ այդ առումով իրենից երեխաները դժգոհություն չեն հայտնել: Իսկ ինչ վերաբերում է ծնելիության խրախուսմանը, ապա գյուղապետի կարծիքով. «Պիտի ընտանիքի եկամուտը շատ լինի, երեխաները պիտի առողջ լինեն, իսկ առողջ լինելու համար շատ փող է պետք եւ այլն»: 75 հազար դրամ պարգեւը Հովնան Ավետիսյանը դեռ չի ծախսել: «Այդ գումարը կծախսեմ, երբ դրա կարիքը լինի` առաջին անհրաժեշտության դեպքում»,- ժպտալով ասում է գյուղապետը: Մրցանակաբաշխության առաջին հորիզոնականը գրաված Տալվորիկի գյուղապետ Կիրակոս Սաղաթելյանի հետ այդպես էլ չկարողացանք զրուցել: Նա մրցանակը` 150 հազար դրամը ստանալուց հետո միանգամից տուն գնաց, իսկ բջջային հեռախոսն անհասանելի էր: Նշենք, որ մրցանակակիրներին ընտրել է 27 հոգուց բաղկացած գնահատող խորհուրդը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter