Վայր, որում թագադրվում է յուրաքանչյուրիս ազատությունը
Արամ Մաթևոսյան
Վերջերս իշխանական ու իշխանամետ կուսակցությունների մի շարք գլխավոր քարոզասացներ հրապարակայնորեն սկսեցին հպարտանալ այն բանով, որ մարդաքանակը իրենց կուսակցություններում ավելանում է: Խոսքը գնում էր տասնյակ հազարների հասնող համալրումների մասին: Այ քեզ պարծանք, այ քեզ գլուխ գովելիք:
Սիրելիներս, գերտերություններին պետք է, որ մեր կարգի գաջաջ վասալների հանրային կյանքը լինի հեշտ կառավարելի: Իսկ նման բացառիկ հնարավորություն ընձեռում է կուսակցականացումը: Այնպես որ, ուրախանալու պատճառը մեծ չէ:
Ինքներդ ստրկացված եք և ըստ էության դուք ստրկություն եք քարոզում: Հպատակեցման այդ տենդենցը պահպանելու ամենափորձված ձևերից մեկն էլ մեծամասնական ընտրակարգի ներդրումն էր:
Արատավոր մի կարգ, որն ստիպում է` ուզած- չուզած կուսակցականանալ: Այդպիսին է արդի քաղաքակիրթ ստրկատիրության ալգորիթմը: «Ուզում ես պահպանել ունեցվածքդ ու բազմապատկել այն, կուսակցականացիր»:
Դրա համար են ավել պատառի ակնկալիքով տասնյակ հազարներով ահել ու ջահել խցկվում այս ու այն կուսակցությունների մեջ: Ես իմ գրվածքներից մեկում զգուշացրել եմ սեկտայականությամբ տառապող հայ այն ծնողներին, ովքեր իրենց զավակներին խցկում են, չգիտեմ, «երիտհանրապետականներ», «հայոց արծիվներ» ու էլի նման կազմակերպություններ և դարձնում նրանց մոլախոտ:
Ասել եմ, որ ժամանակն իր քաղհանն է անելու, որ իշխանությունը նպատակ չէ, որ պաշտոնը ծառայություն է, և որ չի մնալու Հայաստանում այս գաղութատիրական կարգը, ու որ ժողովուրդը մի օր նրանց զավակներին է լծելու ծանր աշխատանքի:
Չի կարող այնպես լինել, որ անընդունակը անընդհատ իշխի ունակին: Հիմա է, որ ժամանակը միջակ մտավոր ունակության տեր մարդուն հնարավորություն է տալիս դառնալ կուսակցապետ ու մեծ ունեցվածքի տեր:
Իմաստուն ջահելը, առավել, քան համոզված եմ, երբեք չի մտնի ոհմակի մեջ: Խելացի մարդը վաստակում է իր խելքով, մասնագիտություն է ձեռք բերում ու ապրուստը հոգում է իր ունակությամբ:
Ինտելեկտուալ անհատին, ստեղծագործ մարդուն պետք չէ գնալ դեպի կուսակցություն կամ ստեղծագործական միություն` տեղեր, որոնք հասցնում են բթացման ու ծախվածության:
Մարդկանց հրապարակներում հոծ խմբերով հավաքելը, շարասյուներ կազմելը, կուսակցական համագումարները ունեն բացառապես նույն նպատակը:
Դրանք բոլորն էլ իրականացնում են անձին կաղապարելու ու անելանելի վիճակում դնելու նույն խնդիրը: Եսազրկման նույն նպատակին են ծառայում, ավաղ, բոլոր այն հանրահավաքները նաև, որոնք չեն վերաճում հեղափոխության:
Համատարած կուսակցականացման մեր օրերում կարևորվում է միմիայն այն հանգամանքը, որ մարդը չգիտակցի ու ամեն մեկը նայի իր առջևում կանգնածի ծոծրակին:
* * *
Նկարի առաջին պլանում դպրոցական ուսուցիչն է, երկրորդ պլանում` նրա բնակավայր` երկիր մոլորակը, իսկ հեռվում, լազուրի մեջ, երրորդ` վերջին պլանում` ազատագրող երազանքի հեռանկարը խորհրդանշող լուսնի մահիկը:
Ստեղծագործողն իր իսկ ծոծրակին դեմ հանդիման, փակուղու առջև կանգնած, անթարթ հայացքով ելքի ճանապարհ է փորձում ուղեգծել: Վերջնական ու անելանելի է վիճակը:
Ճիշտ այնպես, ինչպես հոծ շարքի մեջ, որտեղ դիմազուրկ է անձը` մետաֆիզիկ աստիճանի: Ճակատագրին դեմ հանդիման կանգնած մարդը ասես պատրաստվում է ինքասպանության:
Տպավորություն է, թե նա հագնվել, հենց նոր ավարտել է իր վերջին հարդարանքը անէություն տանող ճանապարհից առաջ:
Ավարտված է դպրոցական ուսուցչի երկրային միսիան: Նա կանգնած է ներսի ու դրսի սահմանի վրա: Նրա հայացքը կանգ է առել իր ապրած բնակավայրի գլխին կանթեղի պես կախված գիշերային լուսատուի վրա:
Լարվածությունը հասցված է իր կուլմինացիային, մարդն այստեղ է ֆիզիկապես, իսկ մտովի նա արդեն այնտեղ է, ուր կա եզակի հնարավորություն` ազատագրվելու կյանք կոչված հոգսից:
* * *
Մարդուն ոչնչացնող տոտալ կուսակցականացվածության անտանելի մեր այս օրերում շարքային մարդու փակուղային վիճակը, նրա ավարտուն միայնակությունը բնորոշող ավելի լավ օրինակ չկարողացա գտնել ես, քան այս հոդվածի սկզբում զետեղված գեղանկարն է:
Շարքային մարդուն, քանի դեռ չի ավարտվել նրա երկրային կյանքը, գուցե, իրոք պետք է փորձել գնալ ճակատագրին դեմ հանդիման. գոնե մի անգամ բարձրանալ առաջնորդական հարթակ ու այնտեղից նայել բետոնակուռ այն շարքերին, այն փակուղուն, որում եղել է ինքը ու ընդամենը տեսել իր առջևում կանգնածի ծոծրակը:
Շարքային մարդը, եթե չի ուզում մեռնել ստրուկ, ուզի թե չուզի պետք է լարված ճիգ գործադրի իր ազատագրման համար:
Մեզնից, ահավասիկ, շատ շուտով կպահանջվի այն նույն լարումը, որով ողջ կյանքը հուլ ու հպատակ անցկացրած «դպրոցի ուսուցիչը» նայում է լուսնին, Ռենե Մագրիտի անզուսպ երևակայության ծնունդ հանդիսացող այն վայրին, որում թագադրվում է յուրաքանչյուրիս ազատությունը:
17 փետրվարի 2011 թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել