Թե՞ գյումրեցի վարորդների հանգանակած «գումարի չափը չի հավանել»
«ՀՀ քաղաքացիները բողոք կարող են հղել թե' գրավոր տեսքով, թե' իրենց ակցիաների տեսքով երկրի իշխանություններին: Այս երթի մասնակիցները, որոնք խնդիր ունեն այսօր` մաքսազերծման հետ կապված, որը առաջացել է վերջին օրենսդրական փոփոխություններից, իրավունք ունեն իրենց պահանջը ներակայացնելու կառավարությանը: Եվ քանի որ այսօր կառավարության նիստ էր տեղի ունենալու Երեւանում եւ որտեղ քննարկվելու էր նաեւ այս խնդիրը, նրանք ցանկացել են իրենց բողոքի ձայնը նաեւ այդ տեսքով հասանելի դարձնել: Դա իրենց սահմանադրական իրավունքն է, սակայն այսօր, փաստացի մենք կարող ենք ասել, որ կառավարությունը, ի դեմս ոստիկանության պետի` Ալիկ Սարգսյանի, հանցակից է այստեղ գտնվող ոստիկաններին, որոնք շրջափակման մեջ են պահում այս ավտոմեքենաները եւ մեզ` խախտելով սահմանադրական մեր իրավունքը»,-հայտարարեց Զարուհի Փոստանջյանը Գյումրիում:
Հավաքված վարորդներին եւս մեկ անգամ հավաստիացնելով, որ վերջիններս ոչ մի ապօրինի գործողություն չեն իրականացնում, այլ ընդամենն իրենց ազատ կամքն արտահայտելու սահմանադրորեն ամրագրված իրավունքից են օգտվում` Զարուհի Փոստանջյանը, օգտվելով առիթից, ներկաների համար ընթերցեց վարչապետի աշխատակազմի ղեկավարից ստացված գրությունն ի պատասխան ակցիայի մասնակիցների նվիրատվության:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ի Բավրայի երթի ավարտը նշանավորվեց Գյումրիի թատերական հրապարակի հավաքով: Այդ ժամանակ հանգանակություն կատարվեց վարորդների շրջանում Զարուհի Փոստանջյանի առաջարկով` «Տվեք, ով որքան կարող է» կարգախոսով:
Մանրադրամների եւ մեկ 1000 դրամանոցի հետ պարկում նաեւ մեկ բուռ արեւածաղկի սերմ էր լցվել: Այսինքն` մարդիկ այդ պահին պատրաստ էին ուղարկել կառավարություն ինչ-որ ունեին իրենց գրպաններում: Զարուհի Փոստանջյանն էլ, խոստմանը համաձայն, հանգանակության պարկը փոխանցել էր վարչապետի աշխատակազմին:
Եվ ահա ստացվել էր պատասխան Դավիթ Սարգսյանից, որ իրենք չեն կարող այդ ձեւաչափով ընդունել բողոքի նոտան, հետ են վերադարձնում հանգանակության գումարը եւ առաջարկում բաժանել հանգանակողներին:
«Այսինքն` հայտարությունը, պահանջները, որ ներկայացվում են, իրենց համար անընդունելի են,-պարզաբանեց Զարուհի Փոստանջյանը,-ձեւաչափը չի հավանել վարչապետը»:
«Կամ գուցե գումարի չափը»,-նկատեց վարորդներից մեկը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել