HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վանաձորում ոստիկանները խախտել են ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը

Այսօր առավոտյան ժամը 8.30-ից ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Վանաձորի բաժնի ոստիկաններն ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ` մի քանի տասնյակ ոստիկաններով, ուժեղացված հսկողությամբ Վանաձորի կողմից փակել էին Վանաձոր-Երևան ավտոմայրուղին, որպեսզի վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդները չգնան և չմասնակցեն կառավարության շենքի առջև տեղի ունեցող հանրահավաքին: Մինչև ժամը 11-ը` Երևանում հանրահավաքի սկսվելը, ոստիկանները արգելում էին բոլոր տեսակի ավտոմեքենաների երթը Վանաձորից: Ժամը 11-ից հետո սկսեցին թույլատրել միայն հայկական համարանիշերով մեքենաների երթը: Վրացական պետհամարանիշերով ավտովարորդներին ոչ միայն թույլ չէին տալիս դուրս գալ քաղաքից, այլև տուգանում էին: Ոստիկանները դեռ երեկվանից էին սկսել «զրույցները» վարորդների հետ, ահաբեկել էին, որպեսզի նրանք այսօր չմասնակցեին Երևանում կայանալիք հանրահավաքին: Մեքենաների երթն էլ արգելում էին առանց պատճառաբանության` «չենք թողնում և վերջ»: Լրագրողներին էլ հայտնի պատճառաբանությունն էին բերում. «վարորդների անվտանգության մասին ենք մտածում, վթարները կանխելու»: «Մեր ծառայությունն ենք կատարում: Մարդկանց ասում ենք, որ ճանապարհները անանցանելի ա, սառցակալված ա,-ասում է ճանապարհային ոստիկանության պետ 2-րդ գումարտակի, 5-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար ոստիկանության մայոր Մարտին Կամենդատյանը: -Որտեղ է սառցակալվա՞ծ,- հարցրինք: -Սպիտակում: Պերեվալները փակ ա: Երբ որ բացվի, մեզ կասեն, որ բաց ա, կթողանք, կգնան:: -Բա ինչո՞ւ այն մի մեքենային թողեցիք անցնի: -Ո՞րը, Սպիտակ էր գնում: Մեզ ասավ, որ գնում եմ Սպիտակ քաղաք: -Որ ասում է` գնում եմ Սպիտակ, թողնում եք, որ ասում է` Երևան, չե՞ք թողնում: -Թողնում ենք, ինչի չենք թողնում, բոլորին էլ թողնում ենք: -Այն մի մեքենայի մարդիկ էլ օդանավակայան էին գնում, ուշանում էին չվերթից, նրա՞նց ինչու էիք ժամերով սպասեցնում: -Ժամ չի, 5-10 րոպե: -Ես եմ այստեղ եղել, ժամից ավել էր… Բա նրանց համար ճանապարհը բա՞ց էր: Չի պատասխանում: -Պահպանում ենք երթևեկության կարգուկանոնը: Ճանապարհները սառած ա, էսա կբացվի, կթողանք: Առաջարկում ենք` ուզում ես գնա, ուզում ես մնա,-ասում է Վանաձորի ոստիկանության պետի օպեր գծով տեղակալ Սարգիս Այվազյանը: Հարցին` ճանապարհային ոստիկանությունը բավական չէ՞ կարգուկանոն պահպանելու համար պատասխանում է. «Մենք էլ մեր ծառայությունն ունենք»: «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն էլ, ով եկել էր վարորդներին Երևան ուղեկցելու, սահմանադրական կարգի կոպիտ խախտում է համարում ոստիկանների արածը: «Քաղաքացին իրավունք ունի ազատ տեղաշարժվելու: Սա անթույլատրելի է: Հակաօրինական գործողություն է ոստիկանության կողմից»,-ասում է Արմեն Մարտիրոսյանը: Վերջինս ոստիկանների այս հանցագործության մասին նաև հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter