HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կոալիցիան առաջադրում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ խմբակցության նիստը, որն ընթանում էր Ազգային ժողովի շենքում: Նիստը գլխավորում էր ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ներկա էին նաեւ կուսակցության պատգամավորները, նախարարներն ու մարզպետները: Խմբակցության նիստն անցկացվելէ փակ, ինչից հետո Գ. Ծառուկյանը հայտարարել է, թե, հաշվի առնելով երկրի առջև ծառացած մարտահրավերները, իրենք նպատակահարմար են համարում լինել նախագահի կողքին` ամրապնդելով  նրա դիրքերը: Այսպիսով ԲՀԿ-ն որոշեց միանալ այսօր ստորագրվելիք կոալիցիոն նոր հուշագրին: Լուրեր տարածվեցին, որ ԲՀԿ խմբակցության նիստին զուգահեռ նիստ է գումարվել նաեւ ՀՀԿ խմբակցությունում, եւ այն գլխավորել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Հետքի» հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասաց, թե խմբակցությունը նիստ չի գումարել, իսկ ինչ վերաբերում է երեկ ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստից հետո տարածված հայտարարությանը, ապա Հ. Սահակյանը նշեց, թե այդ տեքստը, որն այսօր երեկոյան կստորագրվի, կոալիցիայի անցած 3 տարիների գործունեության եւ մարտավարական սկզբունքների ճշտում է: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի այսօր կայացրած որոշմանը, ապա Հովհաննես Սահակյանը ողջունեց այդ փաստը, որը, ըստ պատգամավորի, վկայում է, որ այսօր կոալիցիան ամուր է եւ գործում է հուշագրի եւ իր ձեւավորման նշանակությանը համահունչ, ինչպես նաեւ միաասնական է: «Միասնական ձեւով էլ ավելի հեշտ կարող ենք դիմակայել այն մարտահրավերներին, որոնք առկա են թե արտաքին աշխարհում եւ այն ներքին խնդիրներին, որ կան մեր երկրում»,-ասաց Հ. Սահակյանը: Հարցին, թե ինչքանով է նպատակահարմար նախագահական ընտրություններից 2 տարի առաջ հանդես գալ հայտարարությամբ, թե 3 կուսակցությունները (ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ) պաշտպանելու են գործող նախագահի թեկնածությունը, պատգամավորն ասաց, թե նպատակահարմարության հարց չկա, տարածված տեքստը պարզապես յուրօրինակ հաշվետվություն էր անցած ուղու հետ կապված: «Մարտավարության եւ տեսանելիության առումով շատ կարեւոր է, որ ապագայում մեկ միասնական թեկնածուով գնալ առաջ: Դա նշանակում է, որ գալիք տարիներին մենք միասնական պետք է պայքարենք բոլոր խնդիրների դեմ, ինչն ավելի հստակություն ու վճռականություն է մտցնում, որպեսզի կարողանանք ավելի ամուր եւ կուռ շարքերով քայլենք առաջ»,-ավելացրեց Հովհաննես Սահակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter