Նախարարությունում կեղծել են նաեւ ստորագրությունները
Լևոն Հայրապետյան
«Ուայդ Գեյթ» ընկերությունը, որը Սեւանի ափերի մաքրման աշխատանքներն էր իրականացնում, պարզվում է` բնապահպանության նախարարությունում պետական գնումներով այլ մրցույթներ էլ է շահել:
Եւ ինչպես Սեւանի, այնպես էլ մնացած դեպքերում թույլ է տվել բազմաթիվ չարաշահումներ ու չի կատարել նախատեսված աշխատանքները: Քննչական խումբն այժմ հարցաքննում է մարդկանց, ովքեր արդեն չեն աշխատում նախարարությունում: Ժամանակին նրանք հրաժարվել են ստորագրել հանձնման-ընդունման արձանագրությունները, սակայն այժմ պարզվել է, որ նրանց ստորագրությունները կեղծել են եւ ընդունել այդ աշխատանքները:
Բնապահպանության նախարարության աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, ասաց, որ այդ ամենի հեղինակը «նախարարության Վիկիլիկսն է»` աշխատակազմի նախկին ղեկավար Սամվել Ամիրխանյանը: Նա այժմ նախարար Արամ Հարությունյանի խորհրդականն է:
Հիշեցնենք, որ 2010 թ. սեպտեմբերին գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր` Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ: «Հետքը» հարցում է կատարել` պարզելու` ավարտվե՞լ է քրեական գործի վարույթը, արդյո՞ք այն ուղարկվել է դատարան, եւ արդյո՞ք գործով կալանավորված անձինք կան:
Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը պատասխանել է. «Ուայդ Գեյթ» ՍՊ ընկերության տնօրեն Գ. Հարությունյանի կողմից իրեն վստահված պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ս. Աղաջանյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետ Ա. Զիրոյանի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու, որն անզգուշորեն առաջացրել է ծանր հետեւանքներ, վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախապատրաստված նյութերով 2010 թ. օգոստոսի 5-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 308-րդ եւ 315-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչությանը:
Նյութերի նախապատրաստման համար հիմք են հանդիսացել Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման, արմատախիլ անելու, ինչպես նաեւ այդ ուղղությամբ այլ աշխատանքներ կատարելու վերաբերյալ մամուլի հրապարակումները:
Քրեական գործի նախաքննության համար մի շարք կարեւոր հարցեր պարզելու համար առգրավվել են «Ուայդ Գեյթ» ՍՊ ընկերության հարկային գործը, նշված ՍՊ ընկերության եւ «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի միջեւ 2006 թ. ապրիլի 19-ին կնքված թիվ ԱՇՁԲ-06/250, 2007 թ. մարտի 29-ին կնքված թիվ ԱՇՁԲ-07/358, 2008 թ. ապրիլի 8-ին կնքված թիվ ԱՇՁԲ-07/397 եւ 2007 թ. դեկտեմբերի 3-ին «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ կնքած պայմանագրերն ու դրանց վերաբերյալ այլ փաստաթղթեր: Հարցաքննվել են Գ. Հարությունյանը, ՀՀ բնապահպանության նախարարության եւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք պաշտոնատար անձինք, Գեղարքունիքի մարզի չորս համայնքների ղեկավարներ:
Նկատի ունենալով, որ պատճառված վնասի չափը պարզելու, ինչպես նաեւ քրեական գործով մի շարք կարեւոր հարցերի պարզաբանման համար անհրաժեշտ են մասնագիտական հատուկ գիտելիքներ, նշանակվել են դատահաշվապահական, տեխնիկաքրեագիտական, դատաձեռագրաբանական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները մինչ օրս չեն ստացվել:
Գործով ձեռք բերված տվյալների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտման, Գ. Հարությունյանի ու մյուսների գործողություններին քրեաիրավական գնահատական տալու համար կատարվում են համապատասխան քննչական գործողություններ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել