Արմավիրի մարզում այս տարի արհեստական անձրեւ կգա
Հնարավոր է` այն լինի գունավոր
Առաջիկա ամիսներին Սիրայից Արմավիրի մարզ են այցելելու մի շարք պատվիրակներ: Նախատեսվում է, որ այս տարի այդ երկրից մարզ են ներկրվելու բարձր բերքատվության լոլիկի եւ վարունգի սերմեր, ինչի արդյունքում, օրինակ, 1 հա լոլիկի ցանքատարածությունից ստացվելու է 100 տոննա բերք: Սիրիայից ներկրվելու է նաեւ բիոպարարտանյութ, որն արդեն մարզում փորձնականորեն կիրառվել է եւ ապահովել բերքատվության 60 տոկոս աճ:
Արմավիրում գյուղատնտեսական աշխատանքներն արդեն սկսվել են: Նույնիսկ պայմանավորվածություններ են ձեռբ բերվել մի շարք վերամշակող ձեռնարկությունների հետ, որպեսզի ստացված բերքը մթերվի: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ, օրինակ` «Սարգիս-Կարոլինա» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել մթերել մարզում արտադրվող վարունգի եւ լոլիկի բերքի կեսից ավելին: Վճարումը կատարվելու է հենց տեղում:
«ՄԱՊ»-ը նույնպես պատրաստակամություն է հայտնել մթերում իրականացնել, թեեւ նախորդ տարի ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին պատկանող գործարանը գյուղացիների հետ կնքած մոտ 40 պայմանագիր չեղյալ է հայտարարել` ստանձնած պարտավորությունները չկատարելու պատճառաբանությամբ:
Աշոտ Ղահրամանյանի ասելով` այս տարի մարզ է ներկրվելու մոտ 200 տրակտոր, եւ հատկացվելու է համայնքներին: Նախատեսվում է նաեւ այս տարի մարզում ներդնել արհեստական անձրեւային համակարգ, որ անհրաժեշտության դեպքում արհեստական ճանապարհով ապահովվի անհրաժեշտ խոնավությունը:
«Երեւի կհիշեք` մի ժամանակ դեղնակարմրավուն գույնի անձրեւ եկավ: Դա հենց իոնացված եղանակով անձրեւն է եղել: Այդ ժամանակ փորձարկումներ են արել»,-ասում է Աշոտ Ղահրամանյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել