HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

11 ժամ բլոկադայի մեջ

Գյումրիում երեկ տեղի ունեցած իրադարձություններն հետաքրքիր բացահայտումներ արձանագրեցին: Հասարակությանը գողերից ու ավազակային հարձակումներից պաշտպանելու կոչված ոստիկանն ինքն էր գողություն արել: «Ասպարեզ» ակումբի տնօրեն Նադեժդա Սարգսյանի մեքենայի բանալին թռցրել էր վերջինիս տեղաշարժը արգելող ոստիկաններից մեկը: «Սկզբում հայհոյեց, հետո էլ մինչեւ ուշքի եկա մեքենայիս բանալին գողացան,-Ստեփան Սաֆարյանի «ի՞նչ է պատահել» հարցին` հուզված բացատրություն էր տալիս տիկին Նադեժդան,- միլիցեն գողացել է մեքենայիս բանալին, թող վերադարձնեն»: Փողոց փակող ոստիկանների մտքով անգամ չէր անցնում, որ որեւէ մեկը պարզապես կպառկի իրենց մեքենայի դիմաց ու կձախողի դեպի հրապարակ գնացող մեքենաների ճանապարհը փակելու իրենց փորձը: Այդ քայլի հեղինակը երեկ դարձավ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Դավիթ Սանասարյանը: Նույն կուսակցության կին պատգամավորների մտքով էլ չէր անցնում, որ աշխատանքային ժամին Գյումրու քաղաքապետարանի դռները ներսից ամուր կփակվեն իրենց առաջ ու կբացվեն, ոչ թե իրենց համառ թակոցներից, այլ ներսից դուրս գալ ցանկացող գյումրեցիների ջանքերի շնորհիվ: «Պահակին կըսեմ ինչի՞ չեք բացե դուռը, կըսե որ բացենք մարդիկ ներս կլցվին: Կըսեմ ի՞նչ էնենք, մարդ են հո շո՞ւն չեն, որ չեք ուզե ներս գան, ըբը էս եկյա շենքն ինչի՞ եք սարքե, որ մարդկանց առաջ դուռ կփակեք, բացեք թող ներս գան»,- նեղսրտում էր քաղաքապետարանի պահակի դիմադրությունն հաղթահարած ու ներսից ազատության մեջ հայտնված գյումրեցի մի տղամարդ: «Ժառանգություն» կուսակցությունից Ռուբեն Հակոբյանն էլ ինչ հասել էր Գյումրի, անընդհատ «խոսող» ոստիկան էր փնտրում: «Էստեղ կա՞ խոսացող ոստիկան:Որեւէ մեկը կբացատրի՞ ինձ, թե ինչու եք անօրինական փակել ճանապարհը,- պարբերաբար հարցնում էր Ռուբեն Հակոբյանը` մոտենալով այս կամ այն բարձրաստիճան ոստիկանին,- զարմանում եմ` ձեր մեջ խոսացող մեկը չկա՞, որ իմ հարցին պատասխանի»: Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին անմասն մնացին թե քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, թե մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Նրանցից որեւէ մեկը չայցելեց Սայաթ-Նովա փողոց եւ չփորձեց միջամտել ոստիկանների ապօրինի գործողություններին: «Թվում է, թե գործ ունենք անիշխանության հետ»,- փակ պողոտայում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ նկատեց Ստեփան Սաֆարյանը: «Էս էն քաղաքը չէ, որ միլիցիք պիտի թելադրեն, թե ինչն ինչոց է, թույլ չենք տալու»,- հավելեց Լեւոն Բարսեղյանը: «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների մի մասն էլ, որ Գյումրի էին հասել ժամը 15:00-ի սահմաններում, փորձում էին ոստիկաններին համոզել, ապացուցել, որ այլեւս անիմաստ է օղակել Սայաթ Նովա փողոցը, քանի որ կառավարության նիստն ավարտվել է ժամը 12-ին, իսկ վրացական պետհամարանիշերով մեքենատերերը նպատակ ունեին Երեւան հասնել ժամը 11-ին, այնպես որ, վտանգ, որպես այդպիսին, այլեւս գոյություն չունի: «Քանի դեռ փողոցը չի ձերբազատվել ոստիկաններից, մենք մեր մեքենաները չենք տանի, կմնանք այնքան, մինչեւ իրենք հեռանան»,- հայտարարեցին օղակման մեջ հայտնվածները: «Մենք եւս չենք հեռանալու, չենք կարող ժողովրդին թողնել առանց աջակցության,- ոստիկանապետին վստահեցրեց Ռուբեն Հակոբյանը,- այնպես որ, կմնանք այնքան, մինչեւ դուք ձեր անօրինական գործողություններին վերջ տաք»: Ժամը 16-ից ցուցարար վարորդների մի մասը Թատերական հրապարակից, մի մասը` քաղաքապետարանի մոտից, երթով հասնելով քաղաքի կենտոնական հատվածում գտնվող Խաղաղության օղակ, երկու կողմից շրջափակեցին այն ` ի հեճուկս ոստիկանների` խափանելով երթեւեկությունը Գորկու փողոցում եւ Հաղթանակի պողոտայում: Մեկ ժամ մարդիկ ձեռք ձեռքի տված կանգնեցին` վանկարկելով «բացել փողոցը», «ազատություն» եւ այլն: Գյումրիում 11 ժամ բլոկադայի մեջ գտնվելուց հետո, ի վերջո, ժամը 18-ին երթեւեկության համար բացվեց Սայաթ Նովա փողոցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter