Սեւանի «մաքրման» հետքերով
ՀՀ բնապահպանության նախարարությունը հերքում է ուղարկել «Հետք» շաբաթաթերթի երեկվա համարում լույս տեսած «Նախարարությունում կեղծել են նաև ստորագրությունները» հոդվածի առնչությամբ:
««Հետք» թերթի 17.02.11թ համարում լույս է տեսել «Նախարարությունում կեղծել են նաև ստորագրությունները» վերտառությամբ հոդվածը, որտեղ նշվում է, որ ԲՆ աշխատակազմի նախկին ղեկավար Ս. Ամիրխանյանը հեղինակ է կեղծ ստորագրությունների: Այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Ս. Ամիրխանյանի կողմից երբևիցէ փաստաթուղթ չի կեղծվել»,- նշված է ԲՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2010 թ. սեպտեմբերին գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր` Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման աշխատանքների ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ: Աշխատանքներն իրականացրել է «Ուայդ Գեյթ» ՍՊԸ-ն:
Քննության ընթացքում պարզվել է, որ այս ընկերությունը բնապահպանության նախարարության պետական գնումներով այլ մրցույթներ էլ է շահել: Եվ ինչպես Սեւանի, այնպես էլ մնացած դեպքերում թույլ է տվել բազմաթիվ չարաշահումներ ու չի կատարել նախատեսված աշխատանքները:
Քննչական խումբը հարցաքննել է մարդկանց, ովքեր արդեն չեն աշխատում նախարարությունում եւ ժամանակին հրաժարվել են ստորագրել հանձնման-ընդունման արձանագրությունները: Սակայն պարզվել է, որ նրանց ստորագրությունները կեղծել են եւ ընդունել այդ աշխատանքները: հանձնման-ընդունման փաստաթղթերի տակ ստորագրել են պաշտոնյաներ: Հուսով ենք` քննչական խումբն առաջիկայում կպարզի, թե նախարարությունում ովքեր են կեղծել ստորագրությունները եւ «հանունի» ինչի:
Առաջիկայում «Հետքը» կներկայացնի որոշ մանրամասներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել