
Իսկ նախարարը փրկարարներին գերազանց է գնահատում
Վանաձոր-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 83-րդ կիլոմետրին տեղի ունեցած սողանքի պատճառով բեռնատարները Բագրատաշենից Երեւան են մեկնում Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով: Փլուզման վայրից վերեւ գործում է խճապատ ճանապարհ: Այն թեւե հարթ չէ, սակայն երթեւեկելի է: Այդ ճանապարհով է անցնում նաեւ Վանաձոր-Նոյեմբերյան միջքաղաքային երթուղու «ՊԱԶ» ավտոբուսը:
Իսկ փլուզման վայրում աշխատանքները շարունակվում են: Դրանք քիչ արդյունավետ են, քանզի գրեթե անհնար է 250 մ երկարությամբ տարածքում, հողի հաստ շերտի տակ գտնել 5 անհետ կորածներին: Հոկտեմբերի 4-ին գտնվել էր անհետ կորած, Արճիսի բնակիչ Նորիկ Միրզոյանին պատկանող «Վազ-2106» ավտոմեքենան: Այն ջարդված էր, հողի մեջ խրված եւ հողով լցված: Բոլոր փորձերը` «Ժիգուլին» կռունկ «ՄԱԶ»-ի միջոցով հանելու, ապարդյուն անցան:
Որքան էլ կռունկը ճոպանով ձգում էր, միեւնույնն է` վերեւից հողի շերտն ավելի էր ճնշում: Անհետ կորած Նորիկ Միրզոյանի հեռախոսը գտնվել է նրա մեքենայի մեջ, սակայն դրսի հեռախոսազանգերին այն չէր արձագանքում, անհասանելի էր: Դեպքի վայրում էին Նորիկ Միրզոյանի հարազատները` եղբայրն ու որդին: Փլուզման գոտում էին նաեւ անհետ կորած Մեխակ եւ Արթուր Սորսումատյանների բարեկամները: Մեխակի քրոջ ամուսինը դժգոհեց, որ որոնողական աշխատանքները շատ դանդաղ են կատարվում:
«Գնալու եմ արտակարգ իրավիճակների նախարարության շենքի առաջ, ի նշան բողոքի, նստեմ»,-ասաց Մեխակ Սորսումատյանի փեսան, ով հրաժարվեց հայտնել իր անունը:
Փլուզման վայրում աշխատում էր մոտ 80 փրկարար Տավուշի, Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզերից: Սակայն բահերով հող հեռացնելու նրանց գործը քիչ արդյունավետ էր: Իսկ փլուզման գոտու մյուս եզրին` Դեբեդի կամրջին երկաթուղայինները կարգի էին բերում Այրումի պահածոների գործարան ձգվող երկաթգծի ճյուղավորումը, որպեսզի երկաթուղու միջոցով հատուկ տեխնիկան մոտենա սողանքի վայր:
Ժամը 15-ի դրությամբ աղետի վայր ժամանեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Քիչ անց հայտնվեց ռազմական ուղղաթիռը, որը փլուզման վայրից, գետնի երեսին գտնվող քիչ տուժած մարդատար մեքենան օդով տարհանեց անվտանգ վայր: Նախարար Երիցյանին հարցի, թե արդյոք իր նախարարության աշխատակիցները թերացում չունե՞ն, որ սեպտեմբերի 30-ի փլուզումից հետո 2 օր անց նույն վայրում նոր փլուզում է եղել, եւ ո՞վ ղեկավարել փլուզման համար ազդակ հանդիսացած կոնտեյների հանումը, որի պատճառով եղել է մեքենաների կուտակում, եւ ինչպե՞ս է ինքը գնահատում փրկարարների աշխատանքը:
Նախարարն ասաց, որ սեպտեմբերի 30-ի փոքր սողանքի մասին իրենք տեղյակ են եղել, որ այդ սողանքային գոտին իրենց կողմից հաշվառված էր, իսկ կոնտեյների ձորից հանելու գործողության ժամանակ ամեն ծառայություն իր գործն է արել: Նախարարը տեղյակ չէր, թե ով էր բերել կոնտեյները հանելու համար բեռնատար կռունկը:
Արմեն Երիցյանը փրկարարների աշխատանքը գերազանց գնահատեց: Սակայն 5 անհետ կորածներին կենդանի գտնելը հրաշք կարող էլինել: Փլուզման տարածքը մաքրելու, ճանապարհը վերստին բանուկ դարձնելու համար ամիսներ կպահանջվեն:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել