Պարույր Հայրիկյանն իր ծրագիրը որպես գյուտ է գրանցել
Սակայն այն Հայաստանում երկրորդական պլան է մեղվել
«Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանը Հայաստանը ժողովրդավարական երկիր դարձնելու ծրագիր է ներկայացրել 6 կուսակցության (Կոմունիստական կուսակցություն, Քրիստոնեադեմոկրատական կուսակցություն, Դեմոկրատական կուսակցություն, Երիտասադական կուսակցություն, «Սահմանադրական իրավունք միություն» և «Ազգային ինքնորոշում միավորում»): Պարույր Հայրիկյանն իր ծրագիրը որպես գյուտ գրանցել է և Հայաստանում, և ԱՄՆ-ում, որովհետև գիտի, որ այն «շատ մեծ հեռանկար ունի»:
«Վեց կուսակցությունները, քննարկելով ներկայացված նախագիծը, եկան այն կարծիքի, որ դա մի բացառիկ առաջարկ է, որը կարող է արմատապես փոխել ժողովրդավարական իրավիճակը Հայաստանում և Հայաստանը դարձնել աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Վերոնշյալ կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանին և ներկայացրել նախագիծը: Պարույր Հայրիկյանը ճիշտ չհամարեց ներկայացնել հանդիպման մանրամասները: Ազգային ժողովում ևս, հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ, լսումներ են անցկացվել` նախագծի վերաբերյալ:
«Ցավոք սրտի, նախագահը ուղղակի ուզեց իմանալ` աշխարհի ուրիշ որևէ երկրում դա կիրառվե՞լ է, թե՞ ոչ: Բնականաբար, եթե կիրառված լիներ, մենք որպես գյուտ չէինք ներկայացնի: Եվ ցավոք սրտի, ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի բոլոր (նույնիսկ եվրոպական) երկրներում քաղաքական գործիչներին այնքան չի հետաքրքրում մարդու իրավունքների պաշտպանությունը: Նրանց ավելի հետաքրքրում է` ինչպես հեշտ կառավարել հասարակությունը: Այդ պատճառով սա երկրորդական պլան մղվեց»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Միաժամանակ նա նշեց, որ ուզում է կյանքի կոչել Հայաստանը ժողովրդավարական երկիր դարձնելու իր ծրագիրը: Եվ եթե Հայաստանն ի վիճակի չէ կիրառել այդ ծրագիրը, ապա թող այն կիրառեն որևէ այլ տեղ, օրինակ` Մադագասկարում, իսկ Հայաստանը հետո կընդօրինակի այդ ծրագիրը:
«Ես պատրաստ եմ իմ ժողովրդի ազատության համար ևս 20 տարի բանտերում անցկացնել, բայց տգիտության համար պատրաստ չեմ նույնիսկ մեկ տարի կորցնել»,- ասել է Պարույր Հայրիկյանը այն հայ իրավաբաններին, ում համոզմամբ` ԱԻՄ նախագահն իրավունք չունի այս ծրագիրն առաջարկել ուրիշներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել