Մաքսիմ Վենգերովը հանդես կգա Երևանում
Փետրվարի 22-ին, ժամը` 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ Հայաստանում համերգային ծրագրով հանդես կգա հանրահռչակ դիրիժոր և ջութակահար, Գրեմմիի մրցանակակիր Մաքսիմ Վենգերովը: Նա այդ օրը կղեկավարի Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:
Համերգին կմասնակցի նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի փողային կազմը: Ծրագրում կներկայացվեն Ռիմսկի-Կորսակովի «Մեծ Զատկի ռուսական նախերգանքը», Սիբելիուսի ջութակի կոնցերտը, d minor (մենակատար` Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթող, լեհ ջութակահար Յարոսլավ Նադրզիցկի), Ռիմսկի-Կորսակովի «Շահրեզադեն»:
Մաքսիմ Վենգերովի հայաստանյան համերգին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը: Համերգը տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով:
Համերգի նախորդ օրը` փետրվարի 21-ին` ժամը` 12:00-ին, Մաքսիմ Վենգերովը հանդիպում կունենա նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների հետ, կանցկացնի վարպետության դաս` ՅՈւՆԻՍԵՖ-ի մանկական կամերային նվագախմբի փոքրիկ արտիստների համար:
ՀՀ մշակույթի նախարարությունում հրավիրված ասուլիսին նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Մաքսիմ Վենգերովի հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել` Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում վերջինի հնարավոր նախագահության վերաբերյալ:
Լինելով համաշխարհային հռչակ վայելող ջութակահար՝ Մաքսիմ Վենգերովը բազմիցս հանդես է եկել աշխարհի լեգենդար բեմերում՝ հանրահայտ դիրիժորների ղեկավարությամբ: Համագործակցել է լավագույն երաժիշտների հետ և արժանացել բազում մրցանակների: Մաքսիմ Վենգերովի մասին նկարահանվել են մի շարք երաժշտական ֆիլմեր: 1997 թ.-ից Վենգերովը ՅՈւՆԻՍԵՖ-ի կոմիսարն է:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, հասցրել է ելույթ ունենալ աշխարհի հանրահայտ համերգասրահներում` Opera Garnier (Փարիզ), Konzerthaus (Բեռլին), Չայկովսկու անվան ֆիլհարմոնիայի համերգասրահ և Կոնսերվատորիայի մեծ դահլիճ (Մոսկվա) և այլն: Երիտասարդական նվագախումբը սերտ ստեղծագործական հարաբերություններ ունի բեմի հռչակավոր վարպետներ Վլադիմիր Սպիվակովի, Դենիս Մացուևի, Գրիգորի Ժիսլինի, Վադիմ Ռեպինի, Միշել Լեգրանի, Կշիշտոֆ Պենդերեցկու, Վահագն Պապյանի, Բորիս Բերեզովսկու և այլոց հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել