HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տ.Փոստանջյան. «Հետապնդումներ են սկսվել Զարուհու դեմ, և առաջին «զոհերից» մեկը որոշված է դարձնել ինձ»

Երեկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայր Տիգրան Փոստանջյանը հայտարարություն է տարածել իր դեմ դատախազության հարուցած քրեական գործի առթիվ: Հայտարարությունն ուղղված է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանին, ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին, ՀՀ-ում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար պարոն Սերգեյ Կապինոսին, ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերին: Ստորև ներկայացվում է հայտարարությունը: «Ես` Տիգրան Փոստանջյանս, հանդիսանում եմ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը: Քույրս հայտնի է Հայաստանում իր ակտիվ քաղաքական և քաղաքացիական գործունեությամբ: Ս.թ. փետրվարի 18-ին` ժամը 12:40-ին, ինձ անծանոթ մի տղամարդ 010.27-86-42 հեռախոսահամարից զանգահարել է ձեռքիս հեռախոսահամարին` 091.43-74-22: Այդ հեռախոսազանգի ժամանակ նա բավականին անհանգստացած հայտնեց, որ «դատախազությունը կառավարության հետ միասին գլխիդ գործ են ուզում սարքել քրոջդ գործունեության պատճառով»: Այդ անակնկալ տեղեկության մասին անմիջապես տեղեկացրի քրոջս, և որոշեցինք հետ զանգահարել այդ մարդուն և փորձել պարզել` ով է ինքը և ինչ նպատակով է նման լուր հայտնում ինձ: Զանգահարեցի նրան մեր տանը գտնվող 010.25-74-22 հեռախոսահամարից, և նրա հետ պայմանավարվեցինք հանդիպել Կոմիտասի սկզբնամասում գտնվող ցայտաղբյուրների մոտ: Ես պայմանավորված ժամին եկա այդ վայր, երկար սպասեցի նրան, սակայն նա այդպես էլ չեկավ: Չի բացառված, որ մեր հեռախոսային խոսակցությունները լսվել են գաղտնի ծառայությունների կողմից, որոնք և խափանել են նրա գալը: Դրանից մի քանի ժամ անց ինձ տեղեկացրին, որ «Ա1 պլյուս» ինտերնետային կայքէջում ՀՀ դատախազության կողմից պաշտոնական հայտարարություն է տեղադրված, որը վերաբերում է ինձ: Ես նայեցի ՀՀ դատախազության կայքը, և պարզվեց, որ, իրոք, տեղադրված է հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն. «ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է թիվ 61201111 քրեական գործը` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ: Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման  բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը պահանջել և ապօրինի ստացել է վարձատրություն: Մասնավորապես` Տ. Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու, օրենքով սահմանված կարգով այն չդադարեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու, այդ մասին իրավասու մարմիններին չհայտնելու համար Հ. Ս.-ից 2010թ. սեպտեմբերին պահանջել և ստացել է 100 000 դրամ վարձատրություն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդված 1-ին մասով:»: Հատկանշական է այն փաստը, որ իմ նկատմամբ հարուցվել է քրեական գործ` առանց նախապես ինձանից բացատրություններ ստանալու կամ որևէ այլ կերպ իմ տեսակետը լսելու: Տեղի ունեցածը ինձ հիմք է տալիս հայտարարելու, որ ուժային կառույցների միջոցով հետապնդումներ են սկսվել Զարուհու դեմ, և առաջին «զոհերից» մեկը որոշված է դարձնել ինձ: Մտավախություն ունեմ նաև, որ հետապնդումներ սկսվեն մեր մյուս հարազատների և Զարուհու ընտանիքի նկատմամբ: Ընդ որում, հիմքեր կան մտածելու, որ հետապնդումները կրեն ցանկացած բնույթ, ընդհուպ մինչև ֆիզիկական հաշվեհարդարի տեսքով: Լինելով Փոստանջյանների ընտանիքի անդամ` տեղյակ եմ, որ այս տարիների ընթացքում փորձել են տարբեր միջոցներով Զարուհուն և նրա ընտանիքի անդամներին ահաբեկել, սակայն տարբեր ուրիշ ճանապարհներով չհասնելով «բաղձալի» արդյունքին, այն է` կոտրել Զարուհի Փոստանջյանի կամքը և ստիպել նրան գրավել հարմարվողական դիրք` դիմել են հերթական պրովոկացիայի: Նաև շատ լուրջ մտավախություն ունեմ, որ ինձ զանգահարած քաղաքացուն, ով տեղյակ է իմ դեմ թխվող քրեական գործի իրական դրդապատճառների մասին, ինձ զանգահարելուց հետո վտանգ կսպառնա: Չի բացառված, որ նա իր հերթին դառնա այս մեծ խաղի «զոհը»: Դիմելով Ձեզ` ակնկալում եմ, որ Ձեր լիազորությունների շրջանակներում միջոցներ կձեռնարկեք ինձ և այդ անձին իշխանությունների սադրանքներից ու ճնշումներից, իսկ Փոստանջյանների ընտանիքին քաղաքական հաշվեհարդարից պաշտպանելու գործում: Խնդրում եմ Ձեր անհապաղ միջամտությունը: Տիգրան Փոստանջյան 18.02.11թ.»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter