HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Սաֆարյանն առաջարկում է աջակցել սողանքից տուժածների հարազատներին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հայտարարությունը Ազգային ժողովում

Հարգելի գործընկերներ, հայտարարությունս նվիրված է հոկտեմբերի 2-ի երեկոյան Տավուշի մարզում, միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում, Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ տեղի ունեցած խոշոր սողանքին: Ինչպես հայտնի է` արդեն իսկ աղետի 3-րդ օրն է լրանում: Տարածված պաշտոնական տեղեկատվության համաձայն` 5 մարդ, մեր 5 հայրենակիցներ` 2-ը Վրաստանի քաղաքացիներ եւ  3 ՀՀ քաղաքացիներ, համարվում են հավանական անհետ կորածներ: Դրանք են Արմեն Սորսումատյանը (1973թ. ծնված, Երեւանի բնակիչ), Մեխակ Սորսումատյանը (1964 թ. ծնված, Երեւանի բնակիչ), Նորիկ Միրզոյանը (1939թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ), Արթուր Գուրգենի Հակոբյանը (1992թ. ծնված), Գուրգեն Մովսեսի Հակոբյանը (1949թ. ծնված): Վերջին 2-ը Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ են:

Քիչ առաջ Ազգային ժողովի դարպասների մոտ հավաքվել էին Արմեն եւ Մեխակ Սորսոuմատյան եղբայրների հարազատները` շուրջ հինգ տասնյակ մարդիկ: Նրանցից 2-ին մենք ընդունեցինք «Ժառանգություն» խմբակցությունում: Բարեկամները մարդկայնորեն հասկանալի մտահոգություն ունեն անհետ կորածների համար, փափագում են հնարավորինս շուտ տեսնել իրենց հարազատներին, ըստ այդմ` ցանկանում են արագացված տեսնել փրկարարա-որոնողական աշխատանքները սողանքի գոտում:

Իմ գործընկեր Լարիսա Ալավերդյանը հեռախոսով կապվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հետ եւ պարզել որոշ փաստեր: Իհարկե, ինչպես նշեցի, հարազատները շահագրգռված են առավել արագ որոնողական աշխատանքներով: Այդուամենայնիվ, թե աշխատող սողանքը, թե եղանակային պայմանները այս պահի դրությամբ թույլ չեն տալիս աշխատանքների մեծ արագություն` չվտանգելու համար անհետ կորածների կյանքերը, որոնք, տա' Աստված, փրկվեն, ինչպես նաեւ վտանգել փրկարարների կյանքը:

Լարիսա Ալավերդյանը զանգահարել է նաեւ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանին` նրան փոխանցելով հարազատների մեկ այլ առաջարկ. բջջային կապի օպերատորների միջոցով գոնե հնարավորինս լոկալիզացնել կորածների հնարավոր գտնվելու վայրը, ինչը թույլ է տալիս ժամանակակից գիտությունը եւ տեխնիկան: Մեզ պատասխանել են, որ ոստիկանությունը սերտորեն համագործակցում է ՀՀ ԱԻ նախարարության հետ, եւ տարվում են նաեւ այդ աշխատանքները:

Այնուամենայնիվ, արդյոք համարժեք էր պետական-կառավարական մակարդակով արձագանքը այս սողանքի հետեւանքները հաղթահարելիս: Պիտի նշեմ այն բացթողումները, որոնք ես նկատելի են այսօր:

1. դատելով հարազատների պատմածներըց, ցավոք կառավարական որեւէ մարմին, որեւէ պաշտոնյա դեռեւս չի այցեցել եւ իր զորակցությունը չի հայտնել հարազատներին: Համենայնդեպս, Սորսումատյան եղբայրների հարազատները մեզ այդպես ներկայացրեցին:

2. դեպքից հետո, եթե այն լիներ Ռուսաստանում, Եվրոպայում կամ այլուր,  ընդունված է որպեսզի հարազատները մեկնեն աղետի վայր` կառավարության նյութական եւ այլ աջակցությամբ մնալով այնտեղ:

3. ցանկացած աղետից հետո նաեւ անհրաժեշտ հոգեբանական աշխատանքներ են տարվում հարազատների հետ:

Ես կոչ եմ անում հասարակական կազմակերպություններին եւ կառավարությանը, թեպետ ուշացումով, բայց հոգեբանական եւ այլ բնույթի աշխատանքներ  տանել հարազատների հետ, որպեսզի նրանց վիշտը այս օրերին թեթեւանա:

Մարդկային տառապանքները թեթեւացնելու համար անհրաժեշտ է այլ երկրների օրինակով, Կառավարության աջակցությամբ մերձավոր հարազատներին տեղափոխել սողանքի գոտի, հոգալ նրանց կեցության հարցերը, որպեսզի հարազատները կողքից հետեւեն ու վստահեն որոնողափրկարարական աշխատանքներին:

Անհարժեշտ է ֆինանսական աջակցություն նրանց ընտանիքներին, քանի որ կոնկրետ Սորսումատյանների ընտանիքը բազմանդամ է եւ նրանց կերակրողները անհետ կորած երկու եղբայրներն են:

Երբ ժամանակին «Ժառանգություն» կուսակցությունը ԱԺ-ում երկու անգամ դեմ հանդես եկավ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տեղափոխման, ապա գործակալության կրճատման` կառավարության մտադրությունների դեմ, նաեւ այն պատճառով, որ անկախության տարիներին հիմնադրված ու կայացված այս եզակի հաստատությունն է, որ պետք է դիտազննի սեյսմիկ ռեժիմը, սողանքների դինամիկան: Երբ «Ժառանգությունը» տարիներ շարունակ պայքարում է սեյսմակայուն շինարարության, գիտնականների հավելավճարների վճարման ու գիտության պատշաճ ֆինանսավորման համար, նաեւ նրա համար, որ նրանք պետք է աշխատեն նման աղետների կանխատեսման ուղղությամբ, որպեսզի դրանք անակընկալ չայցելեն մեզ:

Երբ խոսում ենք էկոլոգիական ու տեկտոնական բալանսը խաթարող  ընդերքի անխնա շահագործման, Թեղուտում ու այլուր անտառների ոչնչացման դեմ, նաեւ այն պատճառով, որ թույլ չտանք բնական ու տեխնածին աղետների ռիսկի մեծացում:

Որովհետեւ մեր վայրագության համար հարկադրված ենք մեծ գին վճարել:

Հիշեցնեմ, որ Մեխակ Սորսումատյանը ունի 7, իսկ Արմեն Սորսումատյանը` 3 երեխա: Եւ նրանք դեռեւս սպասում են իրենց հայրերին: Սպասում են նաեւ մյուս անհետ կորածների հարազատները, որոնք նույնպես մխիթարության, զորակցության ու աջակցության կարիք են զգում: Շտապել է պետք: Արդեն 3-րդ օրն է լրանում:

Հ.Գ. Ժամանակի սղության պատճառով հայտարարության վերջին հատվածը չի ընթերցվել, սակայն տարածվում է ամբողջական տարբերակով:

Մեկնաբանություններ (1)

Marianna
Artakarg iravichakneri nakharar Armen Ericyan@ aysor im harcin, vor ete zgushacvel en hamapataskhan gerateschutyunner@, inchu der sharunakvel e chanaparhi ays hatvatsov ertevekutyun@ ev ardyoq sranum mexavor e Transporti ev kapi nakharariurtyun@,pataskhanec, vor mexavornerin chi pntrum, amen mard petq e ir gortsn ani... Sa nshanakum e, vor der septemberi 30-in qaratapumic heto AI nakhararrutyunn argelqner e drel, sakayn voch voq chi hetevel, avelin, kutakumner en exel henc ayn vayrum, vortex vtangavor soxanqayin goti e exel... Armen Ericyan@, im kartsiqov, ayn miak nakhararneric e, um es tesa ashxatelis, tesa cavov lcvats ev hasarak mardu koxqin.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter