HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում կբարելավվի գործարար միջավայրը

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Օրակարգային առաջին հարցով գործադիրը հաստատել է գնումների գործընթացի կազմակերպման նոր կարգը և բողոքարկման խորհրդի անդամների ցուցակը: Ընդունված որոշմամբ` «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի: Մինչև «Գնումների մասին» օրենքը ուժի մեջ մտնելը «Պետական գնումների գործակալության» կողմից կազմակերպված գործարքներում փոփոխությունները և լրացումները,  այդ թվում` դրանց հիման վրա համաձայնագրերի կնքումը, իրականացնում են այն պատվիրատուները, որոնց կարիքների համար կնքվել են այդ գործարքները: Ներկայացնելով գնումների գործընթացի կազմակերպման փոփոխված կարգը` փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ս.Թևոսյանը պետական գերատեսչությունների ղեկավարներին հորդորեց բացառապես առաջնորդվել սահմանված սկզբունքներով և կատարել բոլոր պահանջները: Փոխվարչապետի խոսքով` գնումներ կթույլատրվեն միայն անհրաժեշտ գործընթացը լրիվ անցնելուց հետո: Նիստում կառավարությունը հավանություն է տվել ԼՂՀ գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին և ուժը կորցրած ճանաչել նախկին` 2008թ. թիվ 788 նույնանուն որոշումը: Նոր ծրագրով նախատեսվում է, մասնավորապես, պարզեցնել հարկային հաշվետվությունների ներկայացման ընթացակարգը, կրճատել շինարարական թույլտվությունների ստացման ժամկետները: Ծրագիրը միտված է նրան, որ էական տարբերություններ չլինեն ՀՀ և ԼՂՀ գործարար միջավայրների միջև: Գործադիրը հաստատել է տնտեսական բնույթի մի ծրագիր ևս. ըստ այդմ` նախանշվել են ԼՂՀ տնտեսական զարգացմանն ուղղված 2011թ. միջոցառումները: Ի մասնավորի, աջակցություն կցուցաբերվի համակարգիչների մատչելիության բարձրացմանը, կադրերի ուսուցմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, պետական գույքի կառավարման բարելավմանը, տնտեսական վերլուծություններին ու հետազոտություններին: Այդ և այլ միջոցառումներ համախումբ նպատակաուղղված կլինեն բնակչության զբաղվածության և բարեկեցության մակարդակների բարձրացմանը: Կառավարության որոշմամբ` արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը թույլատրվել է կառավարման պայմանագրեր կնքել «Արցախգազ» և «Արցախէներգո»  ՓԲԸ-ների գործադիր մարմինների լիազորությունները առևտրային կազմակերպություններին հանձնելու մասին: Հաստատվել են պայմանագրերի տիպային ձևերը: Հարցի կապակցությամբ վարչապետ Ա.Հարությունյանը մեկ անգամ ևս պարզաբանեց, որ ընդամենը նշված ընկերությունների կառավարման փոփոխություն է նախատեսվում, դրանք առայժմ չեն սեփականաշնորհվում: Ակնկալվում է, որ նոր կառավարման օրոք ռազմավարական նշանակության այդ օբյեկտները կաշխատեն նշանակալիորեն բարձր արդյունավետությամբ: Գործադիրը որոշում է ընդունել պետական գույքի կառավարումը համակարգելու մասին: ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարին հանձնարարվել է պետական գույքի կառավարման նպատակների իրականացման, ընթացիկ փուլի առաջնահերթությունների սահմանման նպատակով`    մինչև 2011թ. սեպտեմբերի 1-ը կառավարության քննարկմանը ներկայացնել 2012-2014 թթ. ծրագիր, որը պետք է լինի պետական գույքի կառավարման ոլորտում հաջորդական գործողությունների համալիր: Նիստում գործադիրը հաստատել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց ժամանակավոր օթևանի տրամադրման կարգը և այդ լիազորությունները վերապահել «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին: Ըստ կարգի` ընդունված հաճախորդն ստանում է սոցիալական, բժշկական և իրավական օգնություն: Օթևանը տրամադրվում է մինչև 60 օր տևողությամբ: Սոցիալական նշանակության մի այլ որոշմամբ` սահմանվել է բնաիրային օգնության տրամադրման կարգը: Օգնությունը կլինի հասցեական` կեցության դժվարին իրավիճակում հայտնված անձանց կամ ընտանիքներին` նրանց հիմնական պահանջմունքների բավարարման համար: Բնաիրային օգնությունը կտրամադրվի սննդի, հագուստի, կոշիկի, հիգիենայի միջոցների, երեխաների խնամքի պարագաների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների ձևով: Նիստում կառավարության ընդունած մի շարք որոշումներ առնչվում են բուհական և միջին մասնագիտական կրթական ոլորտում ուսանողական տեղերին ու կրթաթոշակներին: Մասնավորապես, հաստատվել են հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-2012 ուստարվա` ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) բակալավրի առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի տեղերը: Դրանց ընդհանուր քանակը կազմում է` անվճար` 110, վճարովի` 975 տեղ: Գալիք ուսումնական տարում ԼՂՀ կառավարությունը ՀՀ բուհերում կապահովի արցախցի 60 ուսանողի անվճար ուսուցումը: Իսկ ԱրՊՀ ասպիրանտուրայում ուսուցման անվճար տեղերի թիվ է սահմանվել 25-ը, վճարովի`50: Արցախի պետական բուհերում ուսման վարձի լրիվ կամ մասնակի զեղչի կիրառում կիրականացվի նաև մագիստրոսական կրթական ծրագրով: Այդ հաստատությունների ուսանողների համար սահմանվել են կրթաթոշակներ հետևյալ չափերով. սովորական` 5000 դրամ, ավարտական կուրս` 5200 դրամ, «գերազանց» գնահատականներ ունեցող ուսանողների կրթաթոշակ` 8000 դրամ, մագիստրոսների սովորական կրթաթոշակ` 6500 դրամ, գերազանցիկ մագիստրոսների համար` 8500 դրամ: Նիստում կրթական բովանդկության վերջին որոշմամբ` հաստատվել է ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտներին պետական նմուշի դիպլոմ հանձնելու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման կարգը: Այն ընթացքավորվում է ԼՂՀ ԿԳ նախարարի ստեղծած հանձնաժողովի կողմից: Գործադիրը մի շարք որոշումներ է կայացրել հարկային դաշտը նորովի կանոնակարգելու վերաբերյալ: Մասնավորապես, փոփոխություններ և լրացումներ են կատարվել ԼՂՀ-ում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթական որոշ ապրանքների` ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման կարգում: Կատարված փոփոխություններից մեկի համաձայն` այսուհետ մինչև 9 տոկոսը ներառյալ սպիրտայնություն ունեցող  սպիրտային խմիչքները, ինչպես նաև մինչև 0,05 լիտր տարողությամբ կոնյակի և (կամ) գինու արտադրանքը ենթակա չեն պարտադիր դրոշմավորման: Նիստում կառավարությունը իրավական նոր կարգավիճակ է սահմանել «ԼՂՀ ԿԱ ջրային տնտեսության վարչության աշխատակազմ» և «ԼՂՀ ԿԱ արտադրական ենթակառուցվածքների վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկների համար: Դրանք միաձուլման ձևով վերակազմակերպվել են` ստեղծելով «ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ: Հաստատվել են այդ նոր նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը: Գործադիրը հավանություն է տվել ԼՂՀ ոստիկանության կողմից ներկայացված որոշման չորս նախագծերի, որոնց համաձայն` սահմանվել են հետախուզվող տրանսպորտային միջոցների, հափշտակված հնաոճ առարկաների և մշակութային արժեքների, հափշտակված, կորած և հայտնաբերված զենքի ու ռազմամթերքի, կատարված հանցագործությունների հետ կապված` համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի հաշվառման կարգերը: Գործադիրը փոփոխություններ է կատարել հանրապետության առանձին համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում: Մասնավորապես, հողային զգալի հատկացումներ են կատարվել Մարտակերտի շրջանի Վանքի գյուղական համայնքում` դրանք ուղղելով «Էյ Թի Էյ Վանք Լես»  ՓԲԸ-ին: Վերջինիս հատկացված նոր հողատարածքները գերազանցապես կօգտագործվեն հասարակական կառուցապատման նպատակով: Մարտակերտի շրջանի  համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` պետական սեփականություն հանդիսացող որոշ հողատարածքներ օտարվել են` հանգստի գոտիներ կառուցելու համար: Կառավարության որոշմամբ` Շուշիի և Ասկերանի վարչական տարածքներում ստեղծվել է «Հունոտի կիրճ» պետական բնապատմական արգելոցը` շուրջ 400 հա տարածքով: Հաստատվել են արգելոցի սահմանները և կանոնադրությունը: Գործադիրը հաստատել է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման կապակցությամբ զբոսաշրջության ոլորտում իրականացվելիք միջոցառումների ցանկը: Ըստ այդմ, մասնավորաբար, կբացվի օդանավակայան-Ստեփանակերտ բարձրակարգ ավտոբուսային հատուկ երթուղի` զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնի կանգառով: Կբարեկարգվի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի տարածքը: Նիստում կառավարությունը հանդես է եկել օրենսդրական երկու նախաձեռնությամբ. փոփոխություններ և լրացումներ առաջարկվեցին  «ԼՂՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքներում: Նշված օրինագծերը կներկայացվեն ԼՂՀ ԱԺ քննարկմանը: Գործադիրը խմբագրական բնույթի փոփոխություններ է կատարել կառավարության` նախկինում ընդունած առանձին որոշումներում: Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter