HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Էս սարն իմն է, էս ծառն իմն է...

Երբ Գյումրիի Շահումյան փողոցի երկարությամբ, հագուստի բացօթյա շուկայի հարեւանությամբ շատ արագ սկսվեց երկհարկանի խանութների շինարարությունը, բոլորն էին խոսում, որ տարածքը պատկանում է քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Մկրտիչ Սինանյանին սեփականության իրավունքով պատկանող խանութ-տաղավարը գտնվում է Շահումյան-Մայակովսկի փողոցի խաչմերուկում եւ կից է քաղաքապետին պատկանող խանութների շարքին:

թ-աձեւ կառուցված քարե շինությունների գլխամասային հատվածն այնքան կիպ է շարված «Սինան» ՍՊԸ-ին պատկանող խանութ-տաղավարին, որ փակել է խանութի արեւելյան ապակեպատ հատվածը: Երկկողմանի բլոկադայի դեմ սեփականատեր Մկրտիչ Սինանյանը չի ընդվզել, քանի որ ինքն էլ է նպատակ ունեցել մետաղյա կոնստրուկցիաներով կառուցված տաղավարը վերածել քարաշենի: Այդ նպատակով 2007 թ. մայիսին «Սինան» ընկերության տնօրինությունը դիմել է քաղաքապետարան 60 քմ մակերեսով տարածքը սեփականաշնորհելու համար, որպեսզի կարողանա իրեն պատկանող տարածքն օգտագործելով` կառուցել քարաշեն երկհարկանի խանութ՝ Գյումրիում վերջին տարիներին ընդունված քաղաքաշինական չափանիշերին համապատասխան:

Լուսանկարից  երեւում է, թե որքան են առաջացած Շահումյան փողոցի այս հատվածում կառուցված շինությունները, եւ այն, ինչ պիտի կառուցվեր արդեն Մայակովսկի փողոցի վրա, պիտի համապատասխաներ գ-աձեւ այդ կառույցին: Այս հանգամանքն էր ստիպել Սինան Մկրտչյանին դիմել 60 քմ-ի սեփականաշնորհման խնդրով:

Տեսնելով, որ քաղաքապետարանից արձագանք չկա, մեկ տարի անց՝ 2008 թ. մայիսին, Մկրտիչ Սինանյանը նույն հարցով կրկին այցելում է քաղաքապետարան եւ տեղեկանում, որ 60 քմ-ից 24 քմ-ը 23.04.2008 թ. թիվ 824 որոշմամբ աճուրդ-վաճառքով օտարվել է Ռոբերտ Պետրոսյանին: Ընկերության տնօրինության ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված աճուրդը կազմակերպվել, անցկացվել, օտարվել եւ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է ՀՀ գործող օրենքների, քաղաքաշինության նորմերի բազմաթիվ խախտումներով:

«Ոտնահարվել են իմ վստահորդի իրավունքներն ու շահերը,-պնդում է «Սինան» ՍՊԸ-ի փաստաբան Հովհաննես Հարությունյանը,- եւ ես համոզված եմ, որ այդ 24 քմ-ի վաճառքով փորձում են պարզապես խեղդել իմ վստահորդի գործունեությունը: Մեզ համար պարզ չէ, թե հենց խանութի դիմաց, խանութը ծածկելու գնով ինչ պիտի կառուցվի, բայց ակնհայտ է, որ տարածքը խլելու խնդիր է դրված»:

Գյումրի քաղաքի Մայակովսկու փողոցի թիվ 2 հասցեում գտնվող, 168 քմ տարածք զբաղեցնող խանութը սեփականության իրավունքով պատկանում է «Սինան» ՍՊԸ-ին` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից 2004 թ. հունիսի 7-ին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1594970 վկայականի հիմքով: «Գյումրիի քաղաքապետարանը 10 հազար դոլար է առաջարկել իմ վստահորդին` Մկրտիչ Սինանյանին, որպեսզի վերջինս ազատի սեփականաշնորհած տարածքը, որտեղ երկար տարիներ է՝ գործում է «Սինան» ՍՊԸ-ին պատկանող խանութ-տաղավարը, այնինչ միայն գույքը 11 մլն դրամ արժի, չհաշված հողը,- շարունակում է փաստաբանը,- իմիջիայլոց, իմ վստահորդի խանութը կից է Վարդան Ղուկասյանին պատկանող խանութների շարքին եւ նորակառույց հյուրանոցին: Ամեն դեպքում, ինձ ասացին, որ այդ շինությունները քաղաքապետինն են, այսինքն՝ երեւի արդեն պարզ է, թե ինչպիսի տեղադրություն ունի խանութը, եւ ում է հարկավոր տարածքը»:

Որպեսզի առավել հասկանալի լինի, թե տվյալ տարածքը երբվանից է շահագործվում «Սինան» ՍՊԸ-ի կողմից, Մկրտիչ Սինանյանը պատմությունը սկսում է 1989-ից: Երկրաշարժից հետո այդ տաղավարը, այլ տաղավարների հետ միաժամանակ, տեղադրվել է Շահումյան-Մայակովսկի փողոցներին հարող տարածքում: Խանութը պատկանել է ԱՐԴԱՌ-ին, այսինքն՝ եղել է պետության սեփականությունը:

«Գալանտերեայի խանութ էր: 1996 թ. սեփականաշնորհման հարցեր առաջ եկան, մեզ՝ մեր կոլեկտիվին, առաջարկեցին գնել, դե մենք էլ որոշեցինք առնել խանութը, ինքներս աշխատացնել,-ասում է Մ. Սինանյանը,- գնել ենք էն ժամանակ 1մլն 206 հազար 489 դրամով, այդքան էր վաճառքի գինը: Կնքվել է սեփականաշնորհման պայմանագիր 1996 թ. հուլիսի 4-ին: Խանութի տակի հողն ինձ տվել էին վարձակալությամբ՝ սկզբում մեկական տարով, հետո՝ երեք, այ դրանից հետո ես դիմում տվեցի կադաստրի բաժին, իրանք էլ դիմումիս համաձայն սեփականաշնորհեցին հողը, եւ ես արդեն վարձակալ չէի, այլ սեփականատեր էի լիարժեք` թե հողի, թե խանութի»:

Կարեւոր աճուրդներն իրականացվում են մեկ հոգու մասնակցությամբ

Ընկերության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2008 թ. քաղաքապետարանի հայտարարած աճուրդը կազմակերպվել, անցկացվել, օտարվել եւ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է ՀՀ գործող օրենքների, քաղաքաշինության նորմերի բազմաթիվ խախտումներով: «Աճուրդին մասնակցել է մեկ հոգի՝ Ռոբերտ Պետրոսյանը, էդ նույն մարդն էլ գնորդն է 24 քմ-ի: Դե եթե նպատակային լուրջ բան կար, թող 60 քմ-ը առներ, որովհետեւ անհնար է պատկերացնել, թե ինչ կարելի է սարքել էդքան փոքր տարածքի վրա»,- տարակուսում է Մ. Սինանյանը:

2008 թ. հուլիսին 15-ին «Սինան» ՍՊԸ-ի շահերը ներկայացնող փաստաբանը հարցում է կատարել կադաստրի Գյումրիի ստորաբաժանում՝ ճշտելու, թե արդյոք վաճառված տարածքն ունի գրանցում, եւ ստացել պատասխան, որ այդ պահի դրությամբ չկա նման գրանցում քաղաքացի Ռ. Պետրոսյանի անվամբ: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 464 հոդվածի 5-րդ կետի պահանջների` «սակարկությունում հաղթած անձը եւ սակարկությունների կազմակերպիչն աճուրդ կամ մրցույթ անցկացնելու օրը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրություն, որն ունի պայմանագրի ուժ»:

Այս դեպքում պայմանագրի կնքման օր է հանդիսացել 2008 թ. ապրիլի 23-ը, այսինքն՝ աճուրդի օրը, երբ տվյալ հողակտորը օտարվել է Ռ. Պետրոսյանին: Համաձայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի պահանջների՝ անշարժ գույքից ծագող իրավունքները կադաստրի մարմնի կողմից ենթակա են պետական գրանցման գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած 30-օրյա ժամկետում, տվյալ դեպքում` 2008 թ. ապրիլի 23-ից մինչեւ 2008 թ. մայիսի 23-ը:

Նշված ժամկետում, սակայն, Գյումրի քաղաքի Մայակովսկու 2 հասցեում գտնվող խանութի դիմացի 24 քմ տարածքի աճուրդ-վաճառքի արդյունքում կնքված առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքները կադաստրի կողմից պետական գրանցում չեն ստացել, հիմք` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման 2008 թ. հուլիսի 16-ի թիվ կգ-1115 գրությունը: Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 302 հոդվածի 1-ին կետի պահանջների` «գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Նման գործարքն առոչինչ է»:

«Աճուրդի վերաբերյալ հայտարարությունները քաղաքապետարանը մշտապես տվել է տեղական «Շրջապատ» թերթում, բայց այս անգամ, չգիտես ինչու, հայտարարությունը «Հայաստանի Հանրապետություն» թերթում էր,- պատմում է Մկրտիչ Սինանյանը,- ամեն դեպքում, իրենք պիտի նախ ինձ տեղյակ պահեին, որ ուզում են օտարել էդ հատվածը, չէ՞ որ ես մեկ տարի առաջ դիմում էի տվել ոչ թե 24 քմ-ի, այլ 60 քմ-ի համար: Քանի որ անմիջապես իմ խանութի դիմացի տարածքն էր, կնշանակի ես առավել շահագրգռված էի, քան ուրիշ մեկը: Նշանակում է՝ նպատակն է ուրիշ»:

«Սինան» ընկերության խնդրով զբաղվող փաստաբան Պետրոս Արզաքանցյանի հարցումներին 2008 թ. քաղաքապետարանից պատասխանել են, որ Մկրտիչ Սինանյանին պատկանող շինությունը տաղավար է, եւ դրա վարձակալության ժամկետը վաղուց լրացել է: Սակայն, ըստ կադաստրի տրամադրած փաստաթղթերի, «Սինան» ՍՊԸ-ին պատկանող շինությունը հանդիսանում է անշարժ գույք` խանութ, որը սեփականության իրավունքի գրանցում է ստացել 2004 թ. հունիսի 7-ին: «Մի քանի օր առաջ ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն էլի պնդում էր էդ անհեթեթությունը, թե ես էդտեղ սեփականություն չունեմ,- դժգոհում է Մ. Սինանյանը,- բա ո՞վ ունի...եթե սեփականաշնորհած չլինեի, նո՞ր էին առել ձեռքիցս: Չնայած՝ արդեն պարզ է, որ հիմի են ուզում վերցնել, բայց արդեն ուրիշ մեխանիզմներով»:

Երկու տարի է՝ Մկրտիչ Սինանյանն այս խնդրով դատական քաշքշուկների մեջ է: Մի քանի նախնական լսումներ եղել են այն ժամանակ Հյուսիսային քաղաքացիական գործերով դատարանում: Այս ընթացքում 3 փաստաբան է ծանոթացել գործին, անկախ փորձագետի կողմից կատարվել են տեղազննման, ուսումնասիրման, չափագրման աշխատանքներ, տրվել է եզրակացություն, սակայն դատական իմաստով գործը տեղից առաջ չի շարժվել: Ըստ փորձագետի տված եզրակացության՝ Գյումրու քաղաքապետի 23.04.2008 թ. թիվ 824 որոշմամբ հողամասի տրամադրումը (24 քմ-ը) կատարվել է քաղաքաշինական նորմերի խախտմամբ՝ անտեսելով այդ հատվածի քաղաքաշինական ծրագրերը: Այժմ «Սինան» ՍՊԸ-ն դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Գյումրու քաղաքապետարանի կողմից Մայակովսկու-2 հասցեին հարող 24 քմ մակերեսով հողատարածքը աճուրդով օտարելու, քաղաքապետարանի եւ Ռ. Պետրոսյանի միջեւ կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: Փետրվարի 17-ին կկայանա այս գործով առաջին դատական նիստը:

«Իսկ ես իրա համար ձայներ էի ապահովում ընտրություններին»

«Մենք հո վատ չե՞նք եղել Վարդան Ղուկասյանի հետ, ես իրա համար միշտ էլ աշխատել եմ ընտրություններին, ձայն եմ ապահովել, բայց երեւի էս աշխարհում շահից վեր բան չկա,- ասում է Մ. Սինանյանը,- էս խանութով 6 անձ եմ պահում: Որ էս էլ կորցնեմ, ի՞նչ եմ անելու: Թողնեմ գնա՞մ երկրից: Էս ձեւո՞վ են օժանդակում փոքր ու միջին բիզնեսին: Ամեն խոսքի գլուխ մեր քաղաքապետն ասում է՝ ես կանգնած եմ բիզնեսմենի կողքին, թող սարքեն, թող աշխատին: Էսպե՞ս է կանգնած: Մեր համար ապրում էինք, էլի: 10 հատ չունեմ, էդ մի խանութն է, որ տվել եմ վարձակալությամբ, էդ փողերով ապրում ենք, հիմա ուզում են էնպես անեն, որ ես ճարս կտրած՝ կոպեկներով իրանց տամ, թողնեմ-գնամ»:

Ի դեպ, Մկրտիչ Սինանյանի շահերը ներկայումս ներկայացնող փաստաբան Հովհաննես Հարությունյանն ասաց, որ քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտարարել է, որ «եթե անգամ իրենք դատ շահեն, քաղաքապետարանը հանրային գերակա շահ կհայտարարի տարածքն ու այն կվերցնեն տիրոջ ձեռքից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter