HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազգային ժողովին հուզում է մաքրությունը, իսկ Կառավարությանը` վարագույրներն ու համակարգիչները

Պատգամավորներից շատերը դժվար պատկերացնեն, թե պետական բյուջեի համար որքան է արժենում Ազգային ժողովի շենքի մաքրության ապահովումը, որից իրենք «գեղագիտական հաճույք» են ստանում: Հավանաբար այդ նկատառումներով էլ պատգամավորների մի մասը նախընտրում է ոչ գնալ ԱԺ, ոչ էլ տարածքն աղտոտել:

2010 թ. պետական բյուջեից ԱԺ-ին 19 մլն 344 հազ. դրամ է հատկացվել կենցաղային եւ հանրային սննդի նյութեր ձեռք բերելու համար: «Հետքը» ԱԺ-ի աշխատակազմից փորձեց տեղեկանալ, թե այդ գումարով ի՞նչ նյութեր են ձեռք բերվել: Նշված գումարի շրջանակներում 2010 թ. Ազգային ժողովը ձեռք է բերել 2400 հատ ձեռքի օճառ, 280 լիտր հեղուկ օճառ, 240 կգ լվացող միջոց (ռակշա), 350 հատ հոտազերծիչ, 230 կգ մաստիկա եւ այլն: Քիչ չի եղել նաեւ օգտագործած ավելների թիվը: Սենյակների համար գնվել է 300 հատ ավել, իսկ բակի համար` 400:

Մաքրությունն ապահովելու համար անցյալ տարի ԱԺ-ն գնել է 70 հատ աղբաթի (սավոկ) եւ 50 հատ հատակ մաքրելու ձողափայտ: Գնվել է 82 աղբարկղ, որից 12-ը` նիկելապատ: Քանի որ պատգամավորների զգալի մասը Ազգային ժողով գալիս է միայն «խիստ անհրաժեշտության» դեպքում, այդ իսկ պատճառով չնչին է ձեռք բերված սուրճի եւ ջրի բաժակների թիվը, համապատասխանաբար` 36 եւ 140 հատ: Օգտագործվել է նաեւ 910 հատ թղթե սանիտարահիգիենիկ եւ 240 հատ թղթե անձեռոցիկ: Ազգային ժողովի լուսավորությունն ապահովելու համար 2010 թ. գնվել են 5820 հատ տարբեր տեսակի էլեկտրական լամպեր: Մի քանի տարի առաջ ակտիվորեն քննարկվում էր Ազգային ժողովի ճաղավանդակները քանդելու եւ այգին հասարակության համար հասանելի դարձնելու հարցը, սակայն այդպես էլ պատկան մարմինները չցանկացան քանդել այդ պատնեշը, եւ այգին շարունակում է մնալ միայն ԱԺ-ի սեփականությունը: Երբեւէ չենք նկատել, որ որեւէ պատգամավոր հանգստանա այգում կամ զբոսնի այնտեղ: Մինչդեռ հաշվի առնելով այգու խնամքի համար հատկացված զգալի գումարները՝ կարելի էր այն հանգստի վայր դարձնել հենց քաղաքացիների համար:

Պետական բյուջեից գյուղատնտեսական ապրանքների ձեռքբերման համար ԱԺ-ին հատկացվել է 5 մլն 653 հազար դրամ: Այդ գումարով 2010 թ. ձեռք են բերվել 120 կգ շյուղախոտի սերմ, նույնքան էլ թունաքիմիկատներ: Այգին բարեկարգելու նպատակով գնվել են 7000 հատ տարբեր տեսակի ծաղիկների սերմեր եւ սածիլներ: Բույսերի խնամքի համար օգտագործվել են կես տոննա պարարտանյութ եւ 550 կգ կիր: Ձեռք են բերվել 90 հատ դեկորատիվ բույսեր, ինչպես նաեւ բահեր, փոցխեր ու գերանդիներ: 2010 թ. Ազգային ժողովն օգտագործել է նաեւ 30 տոննա հող: Մի խոսքով, անցյալ տարի ԱԺ-ի համար եղել է արդյունավետ «գյուղատնտեսական» տարի:

ԱԺ աշխատակազմի գործերի կառավարիչ Հմայակ Մկրտչյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ապրանքների ձեռքբերման համար 2010 թ. մրցույթ չի հայտարարվել, եւ ամբողջ ապրանքը գնվել է շուկայից: «Ապրանքները ձեռք ենք բերել քիչ-քիչ, եւ գնման պահին գումարը չի անցել 1 մլն դրամից: Օրենքը պահանջում է, որ ապրանքների ձեռքբերումն արվի մրցույթով միայն 1 մլն դրամի չափն անցնելու դեպքում»,- պարզաբանեց ԱԺ գործերի կառավարիչը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը մանրամասն չգիտեր, թե խորհրդարանին հատկացված գումարները հատկապես ինչի վրա են ծախսվել: Պատգամավորի ասելով` այգին բավականին բարեկարգվել է, եւ սկզբունքորեն իր համար ընդունելի է այն, որ այգին հասանելի լինի լայն հասարակության համար:

«Վաղուց չկա տեսակետ, թե ինչու չեն բացում այգու պարիսպները: Մի ժամանակ ակտիվ խոսեցին, հիմա լռություն է այդ հարցում: Իսկապես շատ գեղեցիկ տեսք է ստացել այգին, եւ լավ կլիներ, որ դա հասարակությունն էլ վայելեր»,- նշում է պատգամավորը: Ա. Բախշյանը դժգոհ չէ ԱԺ մաքրությունից, սակայն դժվարանում է ասել, թե ծախսերը որքանով են համարժեք կատարված աշխատանքներին: Մենք նույնպես չենք կարող կարծիք հայտնել, քանի որ մեզ տրամադրած տեղեկանքում այդպես էլ չեն նշել, թե յուրաքանչյուր ապրանքային միավորի համար որքան գումար է վճարվել:

Ընդդիմադիր պատգամավորը դժգոհ է մնացել հատկապես Տիգրան Թորոսյանի ղեկավարության տարիներից եւ տհաճությամբ է հիշում, որ խորհրդարանն այդ տարիներին մաքուր չի եղել: «Երբ նոր էի ընտրվել պատգամավոր, ամեն օր բողոքում էի մաքրությունից, հատկապես զուգարանների մաքրությունից. այնտեղ շատ վատ վիճակ էր: ԱԺ նախագահի փոխվելուց հետո վիճակը շտկվել է: Հիմա գոնե զուգարաններում մշտապես թուղթ, օճառ կա: Այն ժամանակ ես ամեն անգամ դժգոհում էի, որ թուղթ չկա: Հիմա անհամեմատ լավ է: Չգիտեմ՝ կատարված ծախսերը համարժեք են, թե ոչ, բայց չեմ կարող ուրանալ, որ մաքուր է»,- ավելացրեց պատգամավորը: Մինչ Ազգային ժողովի ղեկավարությունը զգալի գումարներ է հատկացնում բարեկարգման համար, պատգամավորներից շատերը դժգոհում են, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գերակա ճյուղ հռչակած Հայաստանի խորհրդարանի պատգամավորները շարունակում են «աչք քոռացնել» հնամաշ եւ շարքից դուրս եկած համակարգիչների առջեւ: Օրինակ` Անահիտ Բախշյանն իր աշխատասենյակում աշխատում է անձնական համակարգչով, իսկ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Արմեն Մարտիրոսյանը, ընդհանրապես չի կարողանում իր համակարգչից օգտվել` անսարքության պատճառով:

Կառավարության կարիքները շատ են. կահույքից մինչեւ վարագույրներ

Պարզվում է՝ համակարգիչների «դեֆիցիտ» ունի նաեւ Կառավարությունը: Այստեղ առաջին հերթին համակարգիչների եւ տպիչների խիստ կարիք կա: Մոտ 250 հոգուց բաղկացած աշխատակազմը բավարարվում է հին համակարգիչներով: Քանի որ տպիչները չեն բավականացնում, ստեղծել են ցանցային սպասարկում, եւ մեկ տպիչը միացված է մի քանի համակարգչի:

«Տպիչներ ունենք, որ արդեն այդ մոդելների համար քարթրիջներ չեն ներկրվում Հայաստան, այնքան հին են: Ստիպված նոր տպիչներ ենք գնում: Համակարգիչներն ու տպիչները բազմակի վերանորոգման են ենթարկվել: Մեկ-մեկ վերանորոգման համար այնքան շատ գումար է պետք լինում, որ նախընտրելի է նոր սարք գնելը, քան այն վերանորոգելը»,- «Հետքի» հետ զրույցում ասում է Կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ Հայրապետ Սիմոնյանը: Վերանորոգման կարիք ունեն Կառավարության ոչ միայն համակարգիչները, այլեւ սեղաններն ու աթոռները: Հայրապետ Սիմոնյանն ասում է, թե աշխատակազմի սեղանների հիմնական մասը խորհրդային տարիներից ժառանգվածն է, եւ դրանք բազմիցս վերանորոգվել են: Իսկ աթոռներն այնքան են մեխերով վերանորոգել, որ արդեն հնարավոր չէ տանել արհեստանոց: «Սեղաններ ունենք, երբ սենյակից դուրս ենք հանում, որ տարածքը մաքրեն, այլեւս չենք կարողանում հետ բերենք. իրարից առանձնանում են»,- ավելացնում է Հ. Սիմոնյանը:

Ֆինանսական միջոցների սղության պատճառով Կառավարությունն իր աշխատակազմին չի կարողանում ապահովել համապատասխան գույքով: 2010 թ. Կառավարության աշխատակազմի համար ձեռք են բերվել մոտ 8 մլն դրամ արժողությամբ գրասենյակային գույք եւ առարկաներ: Լրատվության բաժնի համար ձեռք են բերվել ձայնագրող սարքեր, տպիչներ, համակարգիչներ, մոնիտորներ: Գրասեղաններ եւ այլ պարագաներ էլ վարչությունների համար են ձեռք բերվել: Ամենաթանկ ապրանքը, որ 2010 թ. Կառավարությունը գնել է, 970 հազար դրամ արժողությամբ կտորից եւ շղարշից բաղկացած վարագույրի հավաքածուն է:

Հ. Սիմոնյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Կառավարության շենքն ունի 100-ից ավելի աշխատասենյակ, եւ վարագույրի հավաքածուն նախատեսված է եղել 12 աշխատասենյակի համար: Վարագույրի կարիք ունեն բոլոր աշխատասենյակները, սակայն գումարը բավականացրել է միայն 12-ի համար:

Ըստ նրա՝ Կառավարության աշխատասենյակների վարագույրներն այնքան հին են, որ աշխատողները «ռիսկ» չեն անում կարգին լվանալ, որովհետեւ հնարավոր է` հենց ջրի մեջ պատռվեն: Սիմոնյանի խոսքով՝ ամեն անգամ լվանալուց եւ արդուկելուց հետո վարագույրները գունազրկվում են: 2010 թ. ձեռք է բերվել նաեւ 100 եւ 180 հազար դրամ արժողությամբ երկու բազկաթոռ: Դրանք հատկացվել են վարչությունների մասնագետներին: Գործերի կառավարիչն ասում է, թե Կառավարությունն առաջնահերթ ունի աշխատասենյակի գույքի եւ համակարգիչների կարիք, սակայն ֆինանսական միջոցներ չկան: Գույք ձեռք բերելու նպատակով 2011 թ. Կառավարությունը գումար չի հատկացրել:

«Վարչապետի աշխատասենյակի գույքը վերջին անգամ ե՞րբ է թարմացվել» հարցին ի պատասխան՝ Հ. Սիմոնյանն ասաց, թե վարչապետի աշխատասենյակի համար գույք ձեռք է բերվել Անդրանիկ Մարգարյանի օրոք` 8-10 տարի առաջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter