
Ալավերդցի մահապարտը
«Երբ Վազգենի կոչը հնչեց մահապարտների գունդ ստեղծելու մասին, տանը երկուսով մենակ էինք: Խնդրեցի` գոնե էս անգամ մի գնա: Ասավ` բա ո՞վ պետք է գնա: Բա պետք է 18 տարեկանները գնա՞ն, իմ նմանները պետք է գնան: Ես այլեւս սերունդ չեմ տալու, ես պետք է գնամ: Լադիկի բնավորությանը ծանոթ լինելով՝ հասկացա, որ ես չեմ կարող միջամտել: Լադիկն իր ասածի մարդ չէր, բայց կտրուկ էր, նրա խոսքը պիտի գետին չընկներ»,- հիշում է Լադիկ Հակոբյանի կինը` տիկին Հռիփսիմեն:
Ալավերդցի Լադիկ Հակոբյանը 1992 թ. օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի կոչով ստեղծված մահապարտների գումարտակի մարտիկներից էր: Մեկնելուց օրեր անց՝ 1992 թ. սեպտեմբերի 2-ին, Ղարաբաղի Վաղուհաս գյուղի մոտ ադրբեջանցիների դեմ մղած կատաղի մարտերից մեկի ժամանակ նա զոհվում է:
«Լադիկն իմ կողքին է զոհվել: Վաղուհասում կռվելու էինք գնացել ալավերդցի 13 մահապարտներ: Մեզանից 2-ը` Լադիկը եւ Սեյրանը, զոհվեցին հենց Վաղուհասի ճակատամարտերից մեկի ժամանակ: Նրանք երկուսն էլ ականանետներ էին: Զոհվեցին 20 րոպե տարբերությամբ: Լադիկը զոհվեց դիպուկահարի կրակից: Թշնամին միանգամից սիրտն էր խոցել: Երբ ես հասա իրեն, նա չկար արդեն»,- պատմեց Թումանյանի երկրապահ կամավորականների կազմակերպության նախագահ Կարո Կիրակոսյանը, ով մասնակցել է Վաղուհասի ճակատամարտին: Ադրբեջանցիները 1992 թ. սեպտեմբերի 1-ին եւ 2-ին մեծ թափով գրոհել էին Վաղուհասի վրա:
«Մենք նախահարձակ գրավել էինք նրանց խրամատները: Բայց ադրբեջանցիները մեծ ուժերով էին հարձակվել մեր վրա: Թուրքը էդ ժամանակ ոնց որ երթի էր գալի: Ոնց որ պախոդ էր գալի. հանգիստ գալիս էին, քանի որ դեմը ուժ չկար: Էլի ջոկատներ կային Վաղուհասի մոտ կռվող: Օրինակ՝ մեր վանաձորցի Հովհաննիսյան Կամոյի ջոկատն էր էնտեղ, Դրմբոն էին իրանք: Չլդրան, Հարությունագոմեր, Վաղուհաս, Վանք. նույն գիծն էր: Էդ գծում նաեւ կռվող ղարաբաղցի տղերք կային: Բայց արդեն մեր ջոկատները ջարդված էին: Թուրքերից էլ շատ-շատ ջարդվեցին: Էդ 2 օրվա մեջ մենք մահապարտներից 51 զոհ տվեցինք, հետո էլի շատ զոհեր ունեցանք: Զոհերից մեկն էլ Լադիկն էր»,- Վաղուհասի մոտ տեղի ունեցած մարտերի մասին հիշեց Կ. Կիրակոսյանը: Լադիկն Ալավերդու մահապարտների մեջ տարիքով մեծերից էր: Ռազմաճակատում նա երիտասարդների նկատմամբ շատ հոգատար էր: «Լադիկը ջոկատի՝ կռվի փորձ ունեցողներից մեկն էր»,- հիշում է Կարոն:
Ընկերները եւ տիկին Հռիփսիմեն պատմում են, որ Լադիկն իր մասին խոսել չէր սիրում: Առաջին անգամ 1989 թ. սեպտեմբերի 13-ին է Լադիկը մեկնել Ղազանչի եւ մեկ ամիս մասնակցել Ղազանչիի պաշտպանությանը: «Լադիկը մարտական ընկերս է, բոլոր ահազանգերին ամենապարտաճանաչ ներկայացողն էր: Հոգատար ընկեր էր: Ղազանչիում, Ոսկեպարում, Շահումյանում ամենաօրինակելի կամավորն է եղել: 1989 թ.-ից մինչեւ իր զոհվելը մարտնչել է Ղարաբաղի ազատագրման համար»,- ասում է ալավերդցի ազատամարտիկ Դավիթ Ղահրամանյանը: Երկրորդ անգամ Ղարաբաղ մեկնելիս հորը հիվանդ է թողել:
«Անկողնային էր: Ասեց` անհրաժեշտ է եւ պետք է գնամ: Երբ Ղարաբաղից վերադառնում էր, մեզ ոչինչ չէր պատմում: Մինչեւ զոհվելն էլ մնաց Ալավերդու պղնձաձուլական գործարանի բանվոր: Գալիս էր ու անմիջապես աշխատանքի ներկայանում. վատ էր զգում, որ տղաներն իր բացակայության ժամանակ աշխատել են իր փոխարեն»,- պատմում է տիկին Հռիփսիմեն:
Լադիկը կռվել է նաեւ Շահումյանում: Հռիփսիմեն հպարտորեն ասաց, որ Լադիկը ոչ մի կուսակցության չի հարել. «Նա միայն ասում էր` ես հայ եմ»: Դաշնակցական ազատամարտիկ Սասուն Սիմոնյանն էլ իր մարտական ընկերոջ մասին հիշում է. «Միասին աշխատել ենք Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատում: Դեռ այն ժամանակ նա շատ համեստ մարդ էր: Երբ սկսվեց Հայոց համազգային շարժումը, նա որդեգրվեց շարժմանը: Մինչեւ զոհվելը նա պարբերաբար մասնակցում էր Արցախի տարբեր հատվածների կռիվներին: Նրան ազատամարտիկներս նաեւ Քեռի էինք կոչում` հիշելով ֆիդայի Քեռուն, քանի որ նա իր հոգեբանությամբ եւ հոգատարությամբ մարտադաշտում նմանվում էր ծնողի, քեռու: Ես Լադիկի հետ կռվել եմ Մարտակերտի շրջանում. սկսած Ղազանչիից՝ Մարտակերտի տարբեր գյուղերի պաշտպանության ժամանակ իմ ջոկատում է կռվել: Վերջին անգամ, երբ մեր ջոկատը եկել էր հանգստի, նա ռազմաճակատ մեկնեց մահապարտների հետ: Գնաց եւ զոհվեց, թեեւ խոստացել էր, որ վերադարձից հետո մեզ հետ նորից մեկնելու է ռազմաճակատ: Ես շատ կուզենայի, որ մեր երիտասարդությունը նմանվեր Լադիկին` Քեռուն»:
«Երբ Շահումյանն ընկավ, ինքը գաղթին մասնակցել է: Երբ բնակիչներին դուրս էին բերում, վերջում Լադիկին մնացել է օգնել մի փոքրիկ աղջկա: Հետագայում նրա մասին Լադիկը պատմել է. «Տեղ լինում էր՝ շալակում էի, որից երեխան նեղվել է, թե՝ քեռի, ես ինքս կգամ»: Երեխային հասցրել է Ստեփանակերտ»,- պատմում է կինը: Նա ասում է, որ Լադիկը Շահումյանից հոգեպես շատ ընկճված է եկել:
«Շամլուղցի Գարիկ Սարգսյանը Շահումյանում զոհվել էր: Ինքը չէր տեսել նրա զոհվելը, բայց շատ ծանր տարավ այն լուրը, որ չէին կարողացել ընկերոջ դիակը տեղափոխել մարտադաշտից: Ես գնացել եմ այնտեղ` Վաղուհաս, որտեղ զոհվել էր Լադիկը: Տղաները ցույց տվեցին այն դիրքերը, որտեղ նա կռվել եւ զոհվել էր»,- հիշում է Հռիփսիմեն:
Մեկնաբանել