HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Աշխատանքի պետական տեսչությունը չի պաշտպանում աշխատողների շահերը

2011 թ. հունվարի 26-ին «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն հայտարարեց գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետտային պաշտոնանկ անելու մասին: Այդ որոշումը Կապանի կոմբինատի շահագործումը ստանձնած «Դանդի Փրիշս Մեթլզ» կանադական ընկերությունը կայացրեց այն բանից հետո, երբ «Հետքը» փաստական հիմնավորումներումով ներկայացրեց «Դինո գոլդի» ծավալած անօրինական գործունեությունը (տես` «Հետք» թիվ 43, 44, դեկտեմբեր, 2010 թ.):

Հրապարակումներին հաջորդեց «Դանդի Փրիշս Մեթլզ» ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Ռիկ Հաուզի 4-օրյա աշխատանքային այցը Կապան, որի ընթացքում նա հանդիպեց նաեւ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ Ռիկ Հաուզը վստահեցրել էր, որ տնօրենի աշխատաոճը իրենց ընկերության քաղաքականությունը չէ, եւ իբրեւ իր խոսքերի հավաստում` մի քանի օր հետո հրապարակվեց «Դինո գոլդի» սեփականատերերի որոշումը, որով Ռ. Ֆալետտան եւ նրա կինը, ով կոմբինատի անվտանգության բաժնի ինժեներն էր, ազատվեցին աշխատանքից: Ընթերցողներին հիշեցնենք, որ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն, 2005 թ.-ից սկսած, աշխատողներին չի վճարել գիշերային, արտաժամյա եւ վնասակար աշխատանքի համար եւ որպես դրա հետեւանք` պետությանն ավելի քիչ սոցիալական հարկեր է վճարել, պակաս է վճարել նաեւ շահութահարկը, ավելացված արժեքի հարկը, բնապահպանական վճարները եւ այլն: ՀՀ Կառավարության հետ 2009 թ. ձեռք բերած պայմանավորվածության համաձայն` կոմբինատն աշխատողների աշխատավարձերի պարտքերը պետք է մարեր 2009 թ. հուլիսի 1-ից` մեկ տարվա ընթացքում, որը, սակայն, չի կատարել:

Առայժմ ընկերությունը վճարել է աշխատավարձերի պահանջով դատարան դիմած 17 անձից 15-ին, իսկ մյուս երկուսը դեռեւս չեն վճարվել, քանի որ չեն համաձայնել ընկերության առաջարկած գումարին: Մեր ունեցած տեղեկություններով` ներկայումս ներքին վերադասավորումներ են կատարվում կոմբինատում, որից հետո սեփականատերերը խոստացել են անդրադառնալ աշխատավարձերի պարտքերին:

Հիշեցնենք, որ «Դինո գոլդի» պաշտոնական տվյալներով՝ 428 մարդ է կրճատվել 2008-10 թթ. ընթացքում, եւ նրանցից առայժմ միայն 17-ն է դիմել դատարան չվճարված աշխատավարձերը վճարելու պահանջով, մյուսները սպասում են ընկերության խոստումների իրականացմանը: Չի բացառվում, սակայն, որ առ ժամանակ հետո ընկերությունում կրկին մոռացության տան այս հարցը: Նրանք արդեն համոզվել են, որ աշխատողների իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Կառավարությանը մտահոգող խնդիրներից չէ: Կառավարությունն իր լռությամբ հաստատեց այդ եւ, ի տարբերություն կանադական ընկերության, որը հայտարարեց, թե տնօրենի գործելաոճն իր քաղաքականությունը չէ, եւ ազատվեց նրանից, Կառավարությունը շարունակեց անտարբեր մնալ այս հարցին` աշխատավարձերի վճարման պահանջ չներկայացնելով:

Մեր նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք, որ Կառավարությունում լավատեղյակ են եղել տարիներ շարունակ կոմբինատի աշխատողներին չվճարելու մասին եւ ոչինչ չեն ձեռնարկել հարցը լուծելու ուղղությամբ: Պետականորեն այս հարցի կարգավորումը վերապահված է աշխատանքի պետական տեսչությանը, մի կառույց, որը ստեղծվել է աշխատողների իրավունքները պաշտպանելու, աշխատող-գործատու փոխհարաբերությունները կարգավորելու համար: Սակայն, առայսօր հասկանալի չեն այս կառույցի դերն ու նշանակությունը:

«Ինչո՞վ կբացատրեք ամենասոցիալական կառույցի՝ հանրության հետ շփվելու, իրազեկելու ցանկության պակասը» մեր հացին տեսչության պետի տեղակալ Արմեն Սմբատյանը պատասխանեց. «Մենք շեշտադրումը դնում ենք աշխատանքի եւ ոչ թե աշխատանքը պրոպագանդելու վրա: Մենք ունենք կայք, որտեղ տեղեկատվություն ենք տեղադրում: Մենք բաց կառույց ենք. մեր իրազեկումը բավականին մեծ է: Մենք տարեկան մեկ անգամ հաշվետվություն ենք տալիս նախարարությանը, որը հրապարակվում է»: Իհարկե, այս հարցը ես ցանկանում էի ուղղել աշխատանքի պետական տեսչության պետին, բայց նա, ինչպես պարզվեց, լրագրողների հետ շփվելու պարտականությունը իր տեղակալին է փոխանցել: Ոչ այն պատճառով, որ վերջինս ավելի իրազեկ է տեսչության աշխատանքներին: Ավելին, պարզվեց, որ տեղակալը ոչ մի հարցի պատասխան չուներ, եւ իր հերթին խորհուրդ տվեց դիմել ամենավերադասին` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին:

Ոչ ոք չի հիշում, որ աշխատանքի պետական տեսչության պետ Հակոբ Մանուկյանը պաշտոնավարման երկու տարվա ընթացքում իր ղեկավարած ոլորտի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնի հանրությանը, որը պարտավոր է անել օրենքի համաձայն: Անտեղյակությունի՞ց է, թե՞ համեստությունն է նրան հարկադրում ստվերում մնալ: Փորձեցինք այդ «բաց կառույցի»` տեսչության գործունեության մասին պատկերացում կազմել նրա կայքից, սակայն ոչինչ չասող մի քանի հաղորդագրություններից բացի` այլ բան չգտանք:

Անգամ քաղաքացիների դիմումների ու դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկություններ չկան, էլ չասենք ստուգումների արդյունքների մասին: Այս կառույցի իներտ գոյությունը եւ ընդհանրապես նրա գործելաոճը խոսում են այն մասին, որ այն ստեղծվել է ոչ թե աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմերը կենսագործելու ու պաշտպանելու, այլ կոմպրոմատներ հավաքելու եւ փոխանցելու համար այնտեղ, որտեղ հարկ եղած դեպքում կորոշեն` «աչք փակե՞լ» դրանց վրա, թե՞ ոչ: Համենայնդեպս, մի բան հստակ է. տեսչության՝ ստուգումներ իրականացնելու նպատակը ամենեւին էլ աշխատավորների իրավունքների պաշտպանությամբ չի թելադրված:

Ամենուր խոսվում է առանց պայմանագրերի մարդկանց աշխատեցնելու ու չվճարելու մասին: Ի դեպ, նման փաստեր տեսչությունը հայտնաբերել էր նաեւ «Դինո գոլդ»-ում, սակայն դատելով նրանց աշխատաոճից` դա նրանց մտահոգությունների շրջանակում չէ: Դժբախտ դեպքերը պատահականություն չեն ձեռնարկություններում, հատկապես հանքարդյունաբերության ոլորտում: «Հանքափորները չնչին գումար են ստանում իրենց կատարածի դիմաց, երբ գնում են հանք ու չգիտեն՝ տուն կվերադառնա՞ն, թե՞ ոչ»,- ասում էին կոմբինատի աշխատակիցները: Սրանք հենց այնպես ասված խոսքեր չեն

: Բոլորովին վերջերս` փետրվարի 8-ին, հերթական դժբախտ պատահարը տեղի ունեցավ. «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ին պատկանող Կապանի Շահումյանի ստորգետնյա հանքում մահացավ հորատող բանվոր, 33-ամյա Արմեն Եղիազարյանը: Նա հանքավայրում աշխատում էր 7 տարի, այդպիսի ծանր պայմաններում եւ, պատկերացրեք, 7 տարի շարունակ նրա գիշերավարձը ճիշտ չեն հաշվարկել: Տեսչությունում տեղյակ են եղել, որ ավելի քան 200 հոգի առանց աշխատանքային պայմանագրի է աշխատում, եւ նրանցից յուրաքանչյուրն ամեն օր կարող էր հայտնվել նման իրավիճակում: Նման երեւույթները կանխելը տեսչության պարտականությունն է, սակայն մեր երկրում գործում է ապօրինություններին օրենքի ուժ տալու տարբերակը: Անցյալ տարի խորհրդարան ներկայացվեց Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին մի նախագիծ, որով առաջարկվում է մարդկանց աշխատանքի ընդունել նաեւ «բանավոր պայմանագրի» հիման վրա: Մտածե՞լ են, արդյոք, թե իրավական ինչ ուժ կունենա բանավոր պայմանագիրը գործատուի համար կամ պետական որեւէ օղակում, երբ, օրինակ, աշխատավայրում խեղանդամ դարձած բանվորը փորձի սոցիալական պահանջներ ներկայացնել: Կամ` կենսաթոշակային ծառայությունում կարո՞ղ են հիմք ընդունել քաղաքացու «բանավոր» աշխատանքային ստաժը կենսաթոշակ հաշվարկելիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter