HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Դամոկլյան սուրը՝ գլխներին

Արշակ Մկրտումյանի հնամաշ «Ժիգուլիով» բարձրանում ենք Իջեւանի հին փոստատան թաղամաս` «փոշտի թաղ»: Մեքենան իրենը չէ, ընկերն է ժամանակավոր տվել: Այդ մեքենայով Արշակը պատահական գործ է անում, հիմա քաղաքի փռերից մեկի արտադրած հացը խանութներին է բաժանում: Նա ընտանիքի միակ աշխատողն է:

Արշակը «Ժիգուլին» կանգնեցնում է ներքեւում, հարեւաններից մեկի բակում, քանի որ սողանքը քանդել է իրենց տուն տանող ճանապարհը: Դեռ հեռվից երեւում են Մեհրաբյան փողոցի 42-րդ տան «վերքերը»: Միհարկանի տան ձախակողմյան սենյակի պատը ճեղքվել է: Արշակը ստիպված ցեմենտով փակել է վերեւից ներքեւ ձգվող հսկա ճեղքը: Պատկերն ավելի մռայլ է սենյակի ներսում, պատերի արանքից դուրսը երեւում է: Այդ սենյակն ընդհանրապես պիտանի չէ բնակության համար, ուստի Մկրտումյանների 4 հոգանոց ընտանիքը մի կերպ պատսպարվել է մյուս` աջակողմյան սենյակում: Արշակի փոքր եղբայրը` Գուրգենը, Մեհրաբյան-42 վթարային տանն է գրանցված, սակայն այստեղ ապրելու տեղ չկա, ուստի ամուսնության օրվանից, արդեն 4 տարի, նա կնոջ հետ Իջեւանում վարձով է բնակվում:

Արշակի երեխաներից փոքրը մոր` Էլինայի հետ հատակին է քնում: Բազմոցի վրա մշտապես պառկած է Արշակի մայրը` 61-ամյա Մարիետա Բեկնազարյանը: Նրա ամուսինը 15 տարի առաջ մահացել է: Տիկին Մարիետան չորս տարի առաջ կաթված է ստացել, դարձել առաջին կարգի հաշմանդամ: 12 հազար դրամ հաշմանդամության թոշակը չի բավարարում նրա դեղորայքի համար: Սակայն կնոջն իր առողջությունից առավել մտահոգում է փլվող տունը: 1976 թ. ամուսնու կառուցած տունը 3 տարի առաջ սկսեց ճաքեր տալ: Տիկին Մարիետան չի կարողանում սենյակից դուրս գալ, տնեցիները նրան պատմել են, որ հողի սողքից տան առջեւի փոքրիկ հրապարակն այլեւս գոյություն չունի: Նա ամենից շատ վախենում է թոռնուհիների` 6-րդ դասարանցի Սեդայի եւ 4-րդ դասարանցի Մարիետայի համար:

«Վախենում եմ անձրեւ գա, տունը փլվի, էրեխեքս վնասվեն»,- ասում է հաշմանդամ կինը: Գիշերները երեխաներն արթնանում են ճեղքվող պատերի ձայնից. «Էրեխեքը վախեցած ասում են` տատ, այս ի՞նչ ձայն ա: Անցյալ տարի տունը նորոգեցինք, բայց նորից պուկ է գալիս»,- իջեւանյան բարբառով, կերկերուն ձայնով պատմում է Մարիետա Բեկնազարյանը: Արշակն ասում է, որ քերել-հանել է տան հետեւի հողի շերտը, այնտեղ տոլ փռել, տան պատերը նորոգել: Սակայն սողանքի «արթնացած հրեշին» հնարավոր չէ կանգնեցնել: Տունը անտառի փեշին է, մեծ թեքության եւ կավե շերտի վրա: Արշակ Մկրտումյանն օգնության համար տարբեր ատյաններ է դիմել: Իջեւանի քաղաքապետարանից մասնագետ է եկել, իրավիճակը տեսել: 2010 թ. դեկտեմբերին օգնության ակնկալիքով կրկին քաղաքապետարան են դիմել: Քաղաքապետարանից պատասխանել են, որ անհրաժեշտ ֆինանսներ չունեն: Արշակ Մկրտումյանն ասաց, որ 3 տարի առաջ Տավուշի մարզպետարանի աշխատակից Ֆելիքս Ափինյանն է եկել, տան վիճակին ծանոթացել, խորհուրդ տվել երեխաներին այդտեղից տեղափոխել: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Ափինյանը թեեւ դժվարությամբ, սակայն հիշեց, որ մի քանի տարի առաջ եղել է Մկրտումյանների տանը:

Ափինյանի վկայությամբ` Մկրտումյանները պետք է Երեւանից մասնագիտական կազմակերպություն հրավիրեն, որպեսզի այն որոշի տան վթարայնության աստիճանը: Ֆ. Ափինյանն ասաց, որ ներկայումս Կառավարության որոշմամբ Տավուշի մարզում բնակարանային պայմանների բարելավման ծրագիրը գործում է միայն Ադրբեջանից փախստականների եւ զոհված ու հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների համար:

Սակայն երբեմն պետական բյուջեից աջակցություն է ցուցաբերվում վթարային տների տերերին, ինչպես մի քանի տարի առաջ եղավ Հաղարծին գյուղի սողանքից տուժած տների դեպքում: Ֆ. Ափինյանը կարծում է, որ Մկրտումյանները պետք է իրենց տան վթարայնության մասին մասնագիտական եզրակացություն ձեռք բերեն: Այդ ծառայությունը որոշակի գին ունի, իսկ նրանք նույնիսկ ընտանեկան նպաստ չեն ստանում: Նպաստ ստանալուն խանգարում է այն, որ Արշակը դեռեւս խորհրդային կարմիր անձնագիր ունի:

Հայկական անձնագիր չստանալու պատճառի վերաբերյալ Արշակն ասում է. «Ինչի՞ս է պետք, մեկ է` ոչ աշխատանք կա, ոչ էլ մի բան»: Ինչքան ժամանակ կտեւի, մինչեւ Մկրտումյանները կարողանան գումար հայթայթել` «Հայսեյմսշին»-ին կամ այլ մասնագիտացված ընկերություն հրավիրելու համար: Աստված գիտի, թե դրանից հետո երբ այս ընտանիքը որեւէ ծրագրով բնակարան կամ այն գնելու համար ֆինանսական աջակցություն կստանա: Իսկ սողանքը չի սպասում: Ակնհայտորեն ոչ ամուր տան պատերն օրեցօր ավելի են իրարից հեռանում: Ձմռանը կհաջորդի անձրեւաբեր գարունը, եւ կավե շերտի սահքը թափ կառնի: Վտանգը մշտապես դամոկլյան սրի նման կախված է այս ընտանիքի գլխին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter